Սիրելի՛ կանայք
Կանանց միջազգային օրը թեև առաջին անգամ նշվել է Ավստրիայում, Դանիայում, Գերմանիայում և Շվեյցարիայում և այլ ֆորմատով, սակայն այսօր այն արդեն համաշխարհային հնչեղություն է ձեռք բերել։ Այսօրը ձերն է, ինչպես տարվա բոլոր օրերը, ու այս գեղեցիկ տոնին բարեմաղթանքս մեկն է․ խաղաղ երկրում ձեր ընտանիքների հետ երջանիկ ու ապահով ապրեք։
Բոլոր ժամանակաշրջանում հայ կինը հայրենի օջախի անձնուրաց պահապանն է համարվել։
Դեռ հեթանոսական ժամանակներում կինը հայերի մոտ համարվում էր ընտանիքի հիմքը: Հայ պատմիչ Ագաթանգեղոսի վկայությամբ` նախաքրիստոնեական շրջանում հայ կնոջը վերաբերվել են որպես «մայր աղբյուր», «կենսատու», «շունչ և կյանք»:
«Կրթված կանայք հասարակության համար գանձ են»,- գրել է Մխիթար Գոշը դեռ 12-րդ դարում, իսկ տարբեր դարաշրջաններում ունեցել ենք նաև կին ղեկավարներ։ Հայաստանի առաջին Հանրապետությունն առաջին պետություններից էր աշխարհում, որ կանանց տվել է ընտրելու և տարբեր կառույցներում ընտրվելու իրավունք:
Պատմական այս փաստերն ապացուցում են, որ հայ կնոջ դերը գնահատվել ու մինչ այսօր գնահատվում է։ Մեր ազգի գոյատևման հիմքում մեծ է ձեր նվիրումը, և իզուր չէ, որ դեռևս V դարում Եղիշեն ասում էր․ «Տվեք ինձ կիրթ ու խելացի մայրեր` ես ձեզ կտամ կիրթ ու խելացի հասարակություն»:
Դուք միշտ թև ու թիկունք եք կանգնել մեզ՝ տղամարդկանց և օրհասական պահերին, ձեր դրսևորած բացառիկ արիության ու տոկունության շնորհիվ կարողացել ենք ելք գտնել ու առաջ քայլել։
Սիրելի՛ մայրեր, քույրեր, կանայք և աղջիկներ
Մեզ համար այս դժվարին ու ծանր ժամանակաշրջանում մաղթում եմ տոկունություն, ուժ, համբերություն։ Թող այսուհետ գարունները խաղաղությամբ բացվեն ձեզ համար, թող չորանա արցունքներն ու ժպիտը զարդարի յուրաքանչյուր հայուհու դեմքը և թող ձեր անսպառ բարությունը հազարապատկված վերադառնա ձեր օջախ։