Հանրապետության նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Մարտի 8-ի՝ Կանանց տոնի առթիվ:
«Ջերմորեն շնորհավորում եմ այս տոնական օրվա առթիվ:
Կանանց տոնն ուրախության, դրական զգացմունքների ու խոհերի տոն է, որոնց աղբյուրը դուք եք, սիրելի՛ կանայք՝ որպես մայր և կին, որպես դուստր և քույր:
Դուք ինքներդ ճակատագիր եք ու, միաժամանակ, դուք ճակատագիր եք որոշում:
Դուք ընտանիքի մասին մտածում եք նույնիսկ, երբ դեռ ընտանիք չունեք, երեխայի մասին մտածում եք նույնիսկ, երբ նա դեռ չի ծնվել, որովհետև ձեր մեջ եղած սերն ու հոգատարությունը երբեք չեն վերջանում, իսկ սկսվում են ձեր իսկ ծննդյան հետ:
Ձեզ նվիրված պաշտոնական տոնը նշվում է գարնան առաջին ամսին՝ մարտին, սակայն դուք գարուն եք նվիրում անկախ տարվա եղանակից՝ ձեր էությամբ, ձեր կանացիությամբ, ջերմություն, երջանկություն ու սեր պարգևելու ձեր բացառիկությամբ, միայն ձեզ՝ կանանց բնորոշ հատկանիշներով և Աստծուց ու բնությունից միայն ձեզ տրված առաքելությամբ:
Մաղթում եմ, որ երբեք չպակասի սերը ձեր հանդեպ, որովհետև, հավատացած եմ, որ ձե՛ր մեջ այն երբեք չի պակասում:
Առողջություն, խաղաղություն, երջանկություն և ամենայն բարիք ձեզ, ձեր ընտանիքներին ու հարազատներին»,- ասված է ուղերձում: