ՀՀ Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը ՀՀ Ազգային ժողովի խմբակցություններին իրավունք է տալիս դիմել Սահմանադրական դատարան՝ Հանրապետության նախագահի ընտրության արդյունքներով ընդունված որոշումների հետ կապված վեճով։ Ազգային ժողովի «Հայաստան» և (կամ) «Պատիվ ունեմ» խմբակցությունները օրենքով սահմանված 10-օրյա ժամկետ ունեն այդ հարցով Սահմանադրական դատարան դիմելու համար։ Դրա հիմքերը հետևյալն են․
• Հանրապետության նախագահի պաշտոնում ՀՀ ԱԺ պատգամավորների կողմից ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանի թեկնածությունն առաջադրելուն հաջորդող ՀՀ կառավարության նիստում, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, վստահություն է հայտնել, որ նա կընտրվի այդ պաշտոնում՝ նրան նախապես շնորհավորելուց հրաժարվելը պատճառաբանելով զուտ էթիկայի նորմերով։ Հանրապետության նախագահի ընտրությունը մի գործընթաց է, որը ՀՀ Սահմանադրությամբ և ՀՀ ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքով գտնվում է բացառապես ՀՀ Ազգային ժողովի իրավասությունների տիրույթում։ Պաշտոնական իմաստով վարչապետն անգամ չպետք է տեղյակ լինի այդ գործընթացի և դրա հնարավոր ելքերի մասին, քանզի Հանրապետության նախագահը մի պաշտոնյա է, որը սահմանված դեպքերում ընդունում է վարչապետի և կառավարության հրաժարականը և նշանակում վարչապետ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այդ գործողությունը վկայում է Հանրապետության նախագահի ընտրության գործընթացում նրա անմիջական ներգրավվածության և ազդեցության մասին, ինչը հակասում է ՀՀ Սահմանադրության 4-րդ հոդվածով սահմանված իշխանությունների բաժանման և հավասարակշռման սկզբունքին։ Մասնավորապես․ «Պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման ու հավասարակշռման հիման վրա»:
• Վահագն Խաչատուրյանի ընտրության գործընթացը և արդյունքները վկայում են, որ այն տեղի է ունեցել ՀՀ Սահմանադրության 94-րդ հոդված կոպիտ խախտումով։ Մասնավորապես, այդ հոդվածով սահմանվում է, որ պատգամավորը ներկայացնում է ամբողջ ժողովրդին, կաշկանդված չէ հրամայական մանդատով, առաջնորդվում է իր խղճով և համոզմունքներով: ՀՀ ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի 139-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանվում է, որ Հանրապետության նախագահի ընտրությունն իրականացվում է գաղտնի քվեարկությամբ, ինչը նախատեսված է պատգամավորների անկաշկանդ վերաբերմունքն ու քվեարկությունն արտահայտելու համար։ Հանրապետության նախագահի պաշտոնում Վահագն Խաչատուրյանի թեկնածությունն առաջադրվել է միայն ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների կողմից։ Նրա թեկնածության քննարկմանը մասնակցել են միայն այդ խմբակցության պատգամավորներ, ինչպես նաև որևէ խմակցության կազմում չընդգրկված պատգամավորը։ Քվեարկությունից առաջ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարը հայտարարել է, որ խմբակցության բոլոր պատգամավորները կողմ են քվեարկելու նրա թեկնածությանը, ինչը հաստատվել է քվեարկության արդյունքներով․ քվեարկության մասնակցած «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության բոլոր 71 պատգամավորները կողմ են քվեարկել նրա թեկնածության օգտին։ Սա վկայում է պատգամավորների վրա ակնհայտ ճնշումների փաստի մասին, ինչն ապացուցված կարելի է համարել Քաղաքացիական պայմանագիր կուսակցության առաջնորդ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մինչ այդ արված հայտարարությունների համադրման արդյունքում։
• Ազգային ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները Հանրապետության նախագահի թեկնածության առաջադրման օրենքով սահմանված ժամանակահատվածում հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում նշել են, որ չեն պատրաստվում առաջադրել Հանրապետության նախագահի թեկնածու և որևէ ձևով չեն մասնակցելու այդ գործընթացին՝ այն համարելով ոչ լեգիտիմ։
Եթե այս և հնարավոր այլ փաստերի առկայության պարագայում Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները չդիմեն Սահմանադրական դատարան (որի համար ունեն ընտրության օրվանից սկսած 10-օրյա ժամկետ), ապա պետք է մտածեն բացատրություններ գտնել փարատելու հանրության այն շերտի կասկածները, որ նրանք չեն սպասարկում Նիկոլ Փաշինյանի օրակարգը և իրենց բնույթով չեն տարբերվում Նիկոլ Փաշինյանի հետ պատասխանատու պահերին գործակցած և ազգադավ ծրագրերին մասնակցություն ցուցաբերած «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» կուսակցություններից։
Հ․Գ․ Համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 78-րդ հոդված 3-րդ մասի՝ Հանրապետության նախագահի ընտրության արդյունքների գործերի քննությունն իրականացվում է բացառապես բանավոր ընթացակարգով:
ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանի գրառումը։