Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:20–ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Արարատյան 43 հասցեում պայթյուն է տեղի ունեցել:
Տեղում է նաև ոստիկանության Շենգավիի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի գլխավորությամբ:
Ըստ նախնական տեղեկությունների՝ մի քաղաքացի նշված հասցեում գործող «Ապավեն» ընկերությունում մարտական նռնակ է պայթեցրել, ով բարեբախտաբար, վնասազերծվել է և տեղափոխվել ոստիկանության Շենգավիթի բաժին:
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, հրամանատարի տեղակալ Արտակ Սիրադեղյանի, վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանի գլխավորությամբ:
Երթևեկությունը նշված հատվածում ժամանակավորապես դադարեցվել է և տեղում ուժեղացված ծառայություն են կատարում պարեկներ Նորիկ Մանուկյանն ու Հայկ Բարսեղյանը, որպեսզի քաղաքացիները չմոտենան դեպքի վայրին, մինչև հետաքննչական և քննչական խմբերը մոտենան:
Ոստիկանությունը պարզում է նռնակը պայթեցրած քաղաքացու ինքնությունը:
Պայթյունի հետևանքով վնասվել է ավտոմեքենան, դռան ապակիները, հայտնաբերվել են նաև արնանման հետքեր:
*****
20:50
Այս պահին դեպքի վայրում զննություն են կատարում Շենգավիթի քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Արա Ավագյանն ու Սարգիս Մելքոնյանը:
Տեղում են նաև ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները:
Վնասվել է Mercedes մակնիշի 05 ML 550 համարանիշի ավտոմեքենան:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: