00:00:00

Ընտրություններ 2-րդ փորձից․ Վեդիում այսօր մեկնարկել է քարոզարշավը

20:18, 02 մարտ 2022 Քաղաքականություն

Վեդիում այսօր՝ մարտի 2-ին, մեկնարկել է մարտի 27-ին նշանակված Վեդի խոշորացված համայնքի ընտրության քարոզարշավը, որը տեւելու է 25 օր։

Վեդի համայնքի ընտրություններին մասնակցում են երկու ուժ՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» եւ «Իմ հզոր համայնք» կուսակցությունները։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու ցուցակը կազմված է 81 թեկնածուից․ ցուցակը գլխավորում է  ՔՊ-ական, Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Գարիկ Սարգսյանը։ Ավագանու թեկնածուներից միայն 21-ն են անկուսակցական, մյուսները ներկայացնում են ՔՊ-ն։

ՔՊ-ի ցուցակի 2-րդ համարը Վեդի բժշկական կենտրոնի տնօրեն Արամայիս Գրիգորյանն է, 3-րդը՝ Նոր կյանք համայնքի մանկապարտեզի տնօրեն Գոհար Ղազարյանը։ ՔՊ-ի ցուցակում նաեւ դպրոցի տնօրեններ կան․ օրինակ, Նոր ուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Քրիստինե Թունյանը, Արարատ քաղաքի Ժորես Մկրտչյանի անվան թիվ 1 հիմնական դպրոցի տնօրեն Վահրամ Մանուկյանը։ Ավագանու թեկնածուների մեջ կան նաեւ դպրոցների ուսուցչական անձնակազմի եւ  բուժհիմնարկների աշխատողներ։ 

Իսկ «Իմ հզոր համայնք» կուսակցության ցուցակում ընդգրկված են ավագանու 80 թեկնածուներ․ ցուցակը գլխավորւմ է «Իմ հզոր համայնք» կուսակցության ներկայացուցիչ Սպարտակ Թարթիկյանը։ Ավագանու թեկնածուներից 65-ը նույպես ներկայացնում են «Իմ հզոր համայնքը», 2 թեկնածու ներկայացնում է ՀՀԿ-ն, 1-ը՝ ՀՅԴ-ն, մնացած 11-ն էլ անկուսակցական են։

«Իմ հզոր համայնք» կուսակցության ցուցակում դպրոցի տնօրեններ չկան, բայց կան ուսուցիչներ։ Ավագանու ցուցակում նաեւ անհատ ձեռնարկատերեր կան։

Վեդիում ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը  37 198 է։ Խոշորացված համայնքի ավագանու կազմում պետք է լինի 27 անդամ։

NEWS.am-ի հետ զրույցում «Իմ հզոր համայնք» կուսակցության ցուցակը գլխավորող Սպարտակ Թարթիկյանն ասաց, որ այսօր սկսված քարոզարշավը մի քանի օր պասիվ կլինի, որից հետո ակտիվ հանդիպումներ կունենան խոշորացված համայնքի բնակիչների հետ։

 «Մեր շանսերը շատ բարձր եմ գնահատում, ինչպես անցած, այնպես էլ այս անգամ ժողովուրդն իրավիճակը ճիշտ կգնահատի եւ մեծամասնությունը ձայնը կտա մեզ։ Ամենակարեւորն այն է, որ մեր ժողովրդին չխաբեն, սուտ խոսելու հետեւանքով քվե չստատան․ խոստումների պատասխան տալու ժամանակը ամսի 27-ից հետո գալու է։ Չեմ բացառում, որ իշխող ուժը վարչական ռեսուրս կկիրառի, բայց ժողովուրդն իմաստուն է, գիտի՝ ինչ պետք է անի»,- ասաց Սպարտակ Թարթիկյանը։

Հիշեցնենք, որ Վեդիում 2021 թվականի դեկտեմբերի 5-ին անցկացվել էին ՏԻՄ ընտրություններ․ «Իմ հզոր համայնք» կուսակցության օգտին քվեարկել էր 8 666 մարդ, ՔՊ-ի օգտին՝ 7 690 մարդ. «Հանրապետություն» կուսակցության օգտին քվեարկել էր 3 299 ընտրող։ Ընտրություններին մասնակցած որեւէ քաղաքական ուժ չէր կարողացել հաղթահարել եւ հավաքել անցողիկ՝ 50+1% շեմը, ինչը նշանակում է, որ չէր կարող ինքնուրույն համայնքապետի թեկնածուին ընտրել առանց այլ ուժի հետ կոալիցիա կազմելու: Կոալիցիա այդպես էլ չկազմվեց, փոխարենը՝ դեկտեմբերի 16-ին ավագանու «Հանրապետություն» եւ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունների անդամները ինքնաբացարկ հայտնեցին եւ հրաժարվեցին մանդատներից,  որից հետո էլ հայտարարվեց  նոր ընտրություններ անցկացնելու մասին։ 

Նոր ընտրություններին, սակայն, «Հանրապետություն» կուսակցությունը որոշեց չմասնակցել։ 

Ընտրություններով համայնքապետ դառնալ Գարիկ Սարգսյանին չհաջողվեց, բայց վարչապետի որոշմամբ նա համայնքապետի պաշտոնակատար նշանակվեց ։   Օրեր անց Սարգսյանը խոշորացված համայնքի կազմում ընդգրկված 16 համայքների վարչական ղեկավարներին ազատել էր աշխատանքից եւ համայնքի նոր ղեկավարներ նշանակել։  Այս որոշումներով, ըստ էության, Գարիկ Սարգսյանն ազատվել էր դեկտեմբերի 5-ին տեղի ունեցած ՏԻՄ համամասնական ընտրությունների արդյունքում  իրեն պարտության մատնած համայնքապետերից։

Սպարտակ Թարթիկյանն ասաց, որ այդ ցուցակում համայնքի ղեկավարներ կային, որոնց լիազորությունները դեռ չէին ավարտվել, բայց Սարգսյանն ազատել էր նրանց աշխատանքից։

«Իսկ ոքվեր իրենց կողմնակիցներ էին, մնացին իրենց տեղում։ Հիմա սա վարչական ռեսուրսի կիրառում չէ՞,  եթե Գարիկ Սարգսյանն ընտրված համայնքապետ լիներ, խնդիր չկար, թող իր կողմնակիցներին բերեր ու նշանակեր։ Կադրային ջարդ ոչ բոլոր համայնքներում է եղել, որովհետեւ համայնքների աշխատանքը կխաթարվեր։ Համայնքապետարաններում աշխատելը հեշտ չէ, կադրային ջարդի դեպքում աշխատանքները կպարալիզացվեին, վստահաբար, իրենք էլ են դա հասկանում»,- ասաց Սպարտակ Թարթիկյանը։

NEWS.am-ը փորձեց զրուցել նաեւ ՔՊ-ի ավագանու ցուցակը գլխավորող Գարիկ Սարգսյանի հետ, սակայն մեր զանգերն անպատասխան մնացին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր