Օրերս աշխատանքից ազատել են ՀՀ Կադաստրի կոմիտեի Շիրակի մարզային ստորաբաժանման արխիվի պետ Անահիտ Արևշատյանին։
Irakanum.am-ի հետ զրույցում նա ասաց, որ իրեն ազատել են ՀՀ քաղծառայության օրենքները ոտնահարելով, մեկ-երկու օրվա տարբերությամբ ծառայողական քննություններ նշանակելով, շինծու նկատողություններ տալով ու մեկ տարի շարունակ ինտրիգներ հյուսելով։
Մի քանի անգամ անդրադարձել ենք այս կառույցի շուրջ կատարվող իրադարձություններին՝ տեղեկացնելով, որ, ըստ Գյումրիում շրջանառվող լուրերի, ինտրիգների հեղինակը նախորդ պետ Արայիկ Առաքելյանն է, որն Աժ նախկին պատգամավոր ՔՊ-ական Կարեն Սարուխանյան միջոցով փորձում էր վերականգնվել իր հին պաշտոնում։ Նպատակին հասնելու համար նրանք սկսել էին շինծու պատմություններ հրահրել Շիրակի մարզային ստորաբաժանման ղեկավարի ժամանակավոր պաշտոնը զբաղեցնող Անահիտ Արևշատյանի դեմ, հայտնի ձեռագրով բողոքներ սարքել տալ նրա դեմ։
Ու այս հարցում, ըստ շրջանառվող տեղեկությունների, ակտիվ դերակատարություն էին ունեցել ինչպես Կարեն Սարուխանյանի միջնորդությամբ կադաստրի համակարգում մոտ 1,5 տարի առաջ աշխատանքի ընդունված ՔՊ-ական Անժելա Մ․ Մաթոսյանը, այնպես էլ Արայիկ Առաքելյանի՝ կադաստրում աշխատող բարեկամները։
Ուշագրավն այն է, որ կադաստրի կոմիտեի ղեկավարությունն այս ապօրինություններին վերջ դնելու, կարգ ու կանոն հաստատելու փոխարեն, ավելի է խորացրել այն։
Մեզ հայտնի դարձավ, որ կադաստրի կոմիտեի Շիրակի մարզային ստորաբաժանումում մոտ վեց ամիս առաջ պետ են նշանակել Սերգեյ Սարգսյանին, որը ՀՀ Վերաքննիչ դատարանի նախկին դատավորի որդի է, երկար տարիներ աշխատել է Արցախում։ Ըստ բնութագրումների՝ կադաստրային գիտելիքներից զուրկ անձ է, և նրան պաշտոնի նշանակվելու համար միջնորդել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։
Նորանշանակ պետը մթնոլորտը հարթելու փոխարեն, անվերապահորեն կատարել է կադաստրի կոմիտեի ղեկավարության հրահանգներն՝ ամեն ջանք գործադրելով, որպեսզի համակարգից դուրս հանեն երկար տարիների քաղծառայողին։
Անահիտ Արևշատյանի պատմելով, իրեն զրկել էին իր պաշտոնի անձնագրով վերապահված իրավունքներն ու պարտականությունները կատարելուց, կոլեկտիվի անդամներին չէին թույլատրել շփվել իր հետ, հսկել էին՝ կանխելով նրանց մուտքը դեպի անմիջական ղեկավարի աշխատասենյակ։ Եվ երբ ինքը դիմել է քաղծառայության խորհուրդ՝ իր իրավունքների վերականգման համար, կադաստրի կոմիտեում առիթը բաց չեն թողել դիմումը շուռ տալ իր դեմ, փոխել թեման, ծառայողական քննություն նշանակել ու քննել իր էթիկան։
Այս ամենը կատարել են՝ ոտնատակ տալով ՀՀ Քաղծառայության մասին օրենքի 22 հոդվածի 2-րդ կետի և 35 հոդվածի պահանջները։ Քաղծառայողի էթիկան քննելու համար, ըստ Քաղծառայության օրենքի 33 հոդվածի 3-րդ կետի՝ պետք է ձևավորվեր էթիկայի հանձնաժողով, պիտի ընդգրկեին անդամներ, որոնցից ոմանք, ինչպես և հանձաժողովի նախագահը պիտի լինեին կադաստրային համակարգից դուրս, չեզոք անձինք։
Սակայն այս ամենն անտեսելով ու գործ սարքելով՝ Ա․ Արևշատյանին խիստ նկատողություն են տվել։ Ըստ նրա, չի ուշացել երկրորդ շինծու խիստ նկատղությունը, որը տվել են այն պատճառով, որ նա հրաժարվել էր ստորագրել իր ենթակայության տակ գտնվող երկու քաղծառայողների ու նաև իր կիսամյակային գնահատականների հաշվետվության տակ։ Նա կադաստրի գլխավոր քարտուղարին զեկուցագիր է գրել՝ պարզաբանելով, որ անտեղյակ է նրանց աշխատանքից, և որ նրանց անմիջական հանձնարարականներ տվել է պետ Սերգեյ Սարգսյանը։
Երկրորդ խիստ նկատողության համար հիմք է հանդիսացել այն, որ Անահիտ Արևշատյանը իբր թե ֆինանսական վնաս է հասցրել այդ երկու աշխատակիցներին, օբյեկտիվություն չի ցուցաբերել նրանց աշխատանքների գնահատման պարագայում։ Մինչդեռ ՀՀ Քաղծառայության օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ կետը հստակ սահմանում է հետևյալը․ «Կատարողականի գնահատականի (նաև ընթացիկի) հետ համաձայն չլինելու դեպքում քաղաքացիական ծառայողը կարող է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով այն բողոքարկել գնահատումն իրականացրած պաշտոնատար անձի անմիջական ղեկավարին»:
Իսկ ինչո՞ւ տվյալ օբյեկտվիությունը չի ապահովվել Անահիտ Արևշատյանի վերադասի կողմից, չի փոխվել այդ երկու աշխատակիցների գնահատականները, երբ դրա իրավունքը օրենքով հստակ տրված է վերադասին, ենթադրելի է, որ այս ամենն արվել է միտումնավոր՝ մթնոլորտն ավելի լարելու ու արխիվի պետից ազատվելու գործն արագացնելու նպատակով։
Ի դեպ, ըստ տեղեկությունների, Անահիտ Արևշատյանին սարքովի ծառայողական քննություններով աշխատանքից ազատելու հարցում մեծ դերակատարություն է ունեցել նաև ՀՀ կադաստրի կոմիտեի գլխավոր քարտուղարի տեղակալ Գագիկ Եգանյանը։ Վերջինս, ըստ շրջանառվող լուրերի, համարվում է բոլոր ժամանակների բոլոր կադրերի կնքահայրը․ կադաստրի կոմիտեի ղեկավարները նրա ձեռամբ են ազատվել անցանկալի աշխատակիցներից ու աշխատանքի տեղավորել նախընտրած կադրերին։ Նա, ինչպես նաև կադաստրի կոմիտեի վերահսկողության վարչության պետ Արթուր Ստեփանյանը, ըստ տեղեկությունների, համարվում են Արայիկ Առաքելյանի հովանավորներից։
Ինչևէ, այս ողջ պատմության մեջ ապշեցնող է թե՛ կադաստարի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի (ըստ շրջանառվող լուրերի՝ նա տարիներ շարունակ գեոդեզիական տրիմբլ անվամբ գործիքների ներմուծման բիզնեսով է զբաղվել) ՀՀ օրենքները ոտնատակ տալը, և թե՛ Քաղծառայության խորհրդի պահվածքը, որը Քաղծառայության օրենքի 38 հոդվածի 3-րդ կետով սահմանված պահանջները կատարելու փոխարեն զբաղված է աշխատանքից ազատվող քաղծառայողին էլեկտրոնային փոստով աշխատանքից ազատման գույժը հղելով։
Irakanum.am