Այս պահին բողոքի ակցիա է տեղի ունենում Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մոտ։ Քաղաքացիներն ակցիա են կազմակերպել ադրբեջանցի պատգամավորների Հայաստան այցի դեմ։
ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը լրագրողների հետ զրույցում նշեց, թե եթե հնարավորություն ունենար մտնել նիստերի դահլիճ կթքեր ադրբեջանցի պատգամավորի ճակատին, ով երիցս ստում է՝ ասելով, որ Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել բոլոր ռազմագերիներին, իսկ մնացածը, ովքեր այնտեղ են՝ օրինախախտներ են։ «Ադրբեջանցիները մաքրում են ամեն հայկական հետք Արցախի այն տարածքներից, որոնք անցել է ադրբեջանցիների վերահսկողության տակ, Ղազանչեցոցում արդեն մեկ հայկական հետք չկա, իսկ Ադրբեջանը ՅՈՒՆԵՍԿՕ-ին արգելում է այցելել այդ տարածքներ, որպեսզի ոչ մի պատմամշակութային կոթող չպահպանվի»,-ասաց Զոհրաբյանը, հավելելով, որ Հայաստանի իշխանությունները պետք է օրակարգ մտցնեին արցախյան երկրորդ պատերազմի քաղաքական գնահատականի, վանդալիզմի և ռազմագերիների մասին հարցերը, քանի որ Ուկրաինան և Եվրոպան կարողացան վերջին րոպեներին օրակարգ բերել Ռուսաստանի կողմից՝ Լուգանսկի և Դոնեցկի հանրապետությունների անկախության ճանաչման հարցը։
Իսկ պնդմանը, որ ՔՊ-ական պատգամավոր Մարիա Կարապետյանն ասել է, թե չէին կարող օրակարգ բերել այլ հարց, Զոհրաբյանն ասաց․ «Իմ արժանապատվությունը թույլ չի տալիս, որ խոսեմ այն սուբյեկտի մասին, ով ադրբեջանական Նովրուզին պորտապար էր պարում»։
Հիշեցնենք, որ այժմ Երեւանում ընթանում են Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի հանձնաժողովների նիստերը։ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի իրավական, մարդու իրավունքների եւ ժողովրդավարության հարցերի հանձնաժողովի նիստը գլխավորում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը։
Նիստերին մասնակցում են ադրբեջանցի երկու պատգամավոր։ Նրանցից մեկն իշխող «Նոր Ադրբեջան» իշխող քաղաքական ուժից է։
Մանրամասները՝ տեսանյութում։