Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:
Նրա խոսքով` Ադրբեջանի իշխանությունները թույլ են տվել հանդիպել բոլոր այն անձանց, ում գերեվարման փաստը պաշտոնապես հաստատված է եղել այդ երկրի իշխանաթյունների կողմից։ Նրանց թվում են ինչպես 2020–ի պատերազմի, այնպես էլ 2021թ–ի նոյեմբերին տեղի ունեցած հարձակման հետևանքով գերեվարվածները։
«Տեսակցությունների շրջանակում նաև հնարավորություն է տրվել կապի տարբեր միջոցներով հարազատների հետ կապ հաստատել»,-հայտնել է Ամատունին` մեկնաբանելով, որ խոսքը թե՛ նամակների փոխանակման, թե՛ տեսագրված ուղերձների ու նաև հեռախոսազանգերի մասին է։
Գերիների հարազատները ԿԽՄԿ–ի միջոցով նախապես Հայաստանից նամակներ ու տեսաուղերձներ են փոխանցել գերիներին, իսկ նրանք Ադրբեջանից պատասխան նամակներ ու տեսաուղերձներ բերել Հայաստան։
Հարցին, թե որ օրն է տեղի ունեցել հանդիպումը, ԿԽՄԿ ներկայացուցիչը չհստակեցրեց։
«Քանի որ դրանք առանձնազրույցներ են, հասկանալի է, որ խոսքը մեկ օրվա աշխատանքի մասին չէ, մի քանի օրերի ընթացքում է տեղի ունեցել։ Իսկ, քանի որ նման հանդիպումների պարբեականությունը ամսական է, մենք ուղղակի հունվար ենք նշում է` առանց օրը հստակեցնելու։ Հունվարը նշում ենք որպես հերթական ամիս, երբ մեզ հնարավորություն տրվեց հերթական հանդիպման»,- ասել է Ամատունին։
Հաջորդ նման հանդիպումը, ըստ հաստատված պարբերականության, կկայանա փետրվարի ընթացքում։
Թե ինչ հոգեբանական ու ֆիզիկական վիճակում են գտնվել Ադրբեջանում պահվող գերիները, ԿԽՄԿ–ն չի հրապարակում։ Զառա Ամատունու խոսքով` դա փակ տեղեկություն է, որը ներկայացվում ու քննարկվում է երկու երկրների իշխանությունների հետ։
Նշենք, որ 2021թ–ի դեկտեմբերի դրությամբ Ադրբեջանը հաստատել է շուրջ 50 հայ գերիների մասին տեղեկատվությունը։ Եվս 80 անձի մասին ոչ պաշտոնական տեղեկություն կա: Լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն էր արել իրավապաշտպան, ՄԻԵԴ–ում գերիների հարցով ՀՀ ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։