00:00:00

«Դատավորի վրա կա ազդեցություն»․ «Ահարոն Խաչատրյան» դաշինքը դատավորին ինքաբացարկի միջնորդություն է ներկայացրել

22:32, 27 հունվար 2022

Վարչական դատարանում այսօր՝ հունվարի 27-ին, նախագահությամբ դատավոր Մերի Համբարձումյանի, տեղի ունեցավ Վարդենիսի ավագանու ընտրությունների վերաբերյալ առաջին գործը։ Վարդենիսի ավագանու ՔՊ-ական անդամներ դիմել էին դատարան՝ վիճարկելով արդյունքները։ NEWS.am-ի հետ զրույցում «Ահարոն Խաչատրյան» դաշինքի ներկայացուցիչ Վարազդատ Հարությունյանն ասաց, որ իրենք դատավորին ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել, որը քննվել է այսօրվա նիստի ընթացքում։ Որոշումը կհրապարակվի երկուշաբթի՝ 11։30-ին։ «Դատավորը գնաց խորհրդականցական սենյակ, ասաց՝ հինգին կգա՝ դատական ակտը կայացնելու։ Եկավ ասաց՝ չեմ հասցրել, երկուշաբթի կկայացնեմ։ ՔՊ-ի հայցին հարցը չի էլ հասել։ Մենք դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ենք ներկայացրել, որովհետև նշանակումը ապօրինի ենք համարում, անաչառության վերաբերյալ կասկածներ ունենք։ Ինքը Գեղարքունիքի մարզն ընդհանրապես չի սպասարկում, բայց իրեն է մակագրվել։ Ինքը սպասարկում է Երևանը, Ջրվեժը, Կոտայքի մարզի մի քանի համայնք։ Գեղարքունիքն այլ դատավոր է սպասարկում, որին գործը չի մակագրվել։ Մենք ենթադրում ենք, որ դատավորի վրա կա ազդեցություն։ Ինքն ամեն ինչ անում է, որ արագ քննի ու արագության տակ էլ ինքը բազմաթիվ ապօրինություններ է թույլ տալիս»,- նշեց Հարությունյանը։ Հարությունյանը հայտնեց, որ մինչև այժմ չի հայտնաբերվել Վարդենիսի համայնքապետարանի կնիքը և բանալին։ «Ոստիկանությունն անգործության է մատնված։ Արդեն 10 օր է դիմել ենք, բայց որևէ արդյունք չկա։ Նամակներ է ուղարկվում աշխատակազմի քարտուղարին, նամակներով են ուզում հայտնաբերել։ Դիմել ենք Գեղարքունի մարզային Ոստիկանությանը, որի Մարտունի բաժինը սրճեփի համար դիմակավորված ոստիկաններով բերման էր ենթարկել Սայաթ Շիրինյանին։ Երևի Վարդենիսի համայնքապետի բանալին ու կնիքը պակաս կարևոր են, քան սրճեփը, որովհետև մեր պարագայում նամակներով են բավարավում, սրճեփի դեպքում մի ողջ խումբ են ուղարկում։ Այդ նույն Ոստիկանությունը, որն ավագանու նիստին ավագանու անդամներին էր բերման էր ենթարկում, երդման օրը թույլ չէր տալիս նրանց մտնել համայնքապետարան, հիմա էլ պետք է բանալի ու կնիք փնտրի»,- ասաց Հարությունյանը։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին Վարդենիսում կայացած ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր»-ը ստացել էր 13 մանդատ, «Ահարոն Խաչատրյան» դաշինքը՝ 10, «Միասնական Վարդենիս»-ը՝ 4 մանդատ։ Ընդդիմադիր ուժերն ընտրություններից հետո կոալիցիա կազմելու հուշագիր էին ստորագրել, եւ մանդատների քանակն արդեն բավարարում էր համայնքապետ ընտրելու համար։ Դրանից հետո «Միասնական Վարդենիս»-ի առաջին համար, Վարդենիսի նախկին քաղաքապետ Արամ Հարությունյանին հարուցված քրեական գործի շրջանակում մեղադրանք առաջադրվեց, եւ նա կալանավորվեց։ Այդուհանդերձ, ավագանու ընդդիմադիր անդամներին հաջողվել է նիստ հրավիրել եւ համայնքապետ ընտրել Ահարոն Խաչատրյանին: Այդ նիստին ՔՊ-ականները չեն մասնակցել: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Վարչական դատարան էր դիմել՝ պահանջելով չեղյալ հայտարարել Վարդենիս խոշորացված համայնքի նորընտիր ավագանու առաջին նիստի արդյունքները, որի ժամանակ համայնքի ղեկավար էր ընտրվել Ահարոն Խաչատրյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր