00:00:00

ՀՀ ԱԳ նախարարը Լյուքսեմբուրգի վարչապետին է փոխանցել ՀՀ վարչապետ Փաշինյանի՝ Հայաստան այցելելու հրավերը

03:38, 27 հունվար 2022

Լյուքսեմբուրգ կատարած պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հունվարի 26-ին հանդիպում է ունեցել Լյուքսեմբուրգի վարչապետ Քսավիե Բետելի հետ:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, արձանագրելով, որ 2022 թվականին լրանում է դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը՝  կողմերը գոհունակություն են հայտնել անցած երեք տասնամյակի ընթացքում երկու երկրների միջև ձևավորված բարեկամական հարաբերությունների և փոխշահավետ համագործակցության կապակցությամբ։
«Արարատ Միրզոյանը և Քսավիե Բետելն անդրադարձել են փոխադարձ վստահության, հարգանքի և ընդհանուր արժեքների վրա խարսխված հայ-լյուքսեմբուրգյան հարաբերությունների զարգացման հեռանկարներին՝ երկուստեք պատրաստակամություն հայտնելով համատեղ ջանքերի միջոցով խորացնելու երկու երկրների միջև քաղաքական երկխոսությունը, բազմակողմ հարթակներում փոխգործակցությունը, տնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների, գիտակրթական ոլորտներում համագործակցությունը։
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգի վարչապետ Քսավիե Բետելին է փոխանցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Հայաստան այցելելու հրավերը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի՝ հանդիպումից հետո ՀՀ ԱԳ նախարարը և Լյուքսեմբուրգի վարչապետը շրջայց են կատարել մայրաքաղաքում, որտեղ Պատգամավորների պալատի, Կառավարության և ԱԳՆ շենքերի առջև` ի պատիվ ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնական այցի, բարձրացված էր Հայաստանի պետական դրոշը։ Շրջայցի ընթացքում Արարատ Միրզոյանն ու Քսավիե Բետելը շարունակել են երկկողմ օրակարգի կարևոր հարցերի վերաբերյալ մտքերի փոխանակությունը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր