00:00:00

Արցախի հարցում Տեր-Պետրոսյանի մոտեցումները հայտնի են, հայտնի է նաեւ հանրության վերաբերմունքը դրանց. Վիգեն Սարգսյան

19:48, 14 մայիս 2018

Արցախի հիմնահարցում Լեւոն Տեր-Պետրոսյանի մոտեցումները հայտնի են, հայտնի է նաեւ մեր հանրության վերաբերմունքը դրանց: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը՝ անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը, որտեղ վերջինս նշել է, որ Նիկոլ Փաշինյանին «բանակցային մանրամասներին իրազեկ չլինելու» մեջ մեղադրող պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանն իրականում ինքն է բացահայտում իր բացարձակ անտեղյակությունը Ղարաբաղյան կարգավորման գործընթացի բովանդակությանը: Վիգեն Սարգսյանն իր գրառման մեջ նշել է հետեւյալը. «Լեւոն Տեր-Պետրոսյանի մոտեցումները ղարաբաղյան կարգավորման հարցում հայտնի են երկար ժամանակ: Դրանք դարձան իր հրաժարականի եւ իր գլխավորած ՀԱԿ-ի` 2017թ. խորհրդարանական ընտրություններում բացարձակ տապալման ակնհայտ պատճառ: Անկեղծ հույս ունեմ, որ Նիկոլ Փաշինյանը չի կիսում իր այդ հանրահայտ մոտեցումներն Արցախյան հիմնախնդրի շուրջ: Կարեւորել եւ կարեւորում եմ արտաքին քաղաքական մոտեցումների շուրջ արհեստավարժ թիմ ձեւավորելու խնդիրը` անհատական մոտեցումները որպես երկրի կարծիք ներկայացնելը բացառելու նպատակով: Հատկապես այս պարագայում, երբ վարչապետ ընտրված անձը առիթ չի ունեցել լայն հանրային եւ նեղ մասնագիտական քննարկումներ անցկացնել արտաքին քաղաքականության հարցերի շուրջ իր հայեցակարգային մոտեցումների վերաբերյալ: Հենց դրա մասին եմ, առաջին հերթին, խոսել իմ հարցազրույցում: Հայաստանի ղեկավարությունը, հատկապես իր բանակցային հայտագիրը ներկայացնելիս, պետք է շեշտադրի այն մոտեցումները, որոնք բխում են Արցախի անվտանգության շահերից եւ ուժեղացնում են իր բանակցային դիրքերը: Հայաստանի` «պատերազմի կողմ» լինել-չլինելու հանգամանքն առաջ մղելուն զուգահեռ Ադրբեջանը մշտապես փորձում է նաեւ հակամարտությունը ներկայացնել որպես Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տարածքային վեճ: Դա անելու համար մշտապես խոսում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ղարաբաղյան հակամարտության մասին: Հակամարտությունը Ադրբեջանի եւ Ղարաբաղի միջեւ է: Հայաստանը հանդիսանում է բանակցություններում կողմ եւ հանդիսանում է Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության երաշխավոր: Հայաստանը միշտ շեշտադրել է, որ Արցախյան խնդիրը ժողովրդի ինքնորոշման պայքար է, եւ, վստահ եմ, շարունակելու է հանդես գալ այդ դիրքից: Հ.Գ. Երբեք չեմ տառապել այն մոլուցքով, որ պետք է ինչ-որ բանի «հայր» համարվեմ, հատկապես` դարերի խորքից եկած մեր Ազգ-բանակ հայեցակարգի: Միշտ ասել եմ այդ մասին իմ հանրային ելույթներում: Պարզապես արել եմ ինչ իմ ուժերի մեջ էր ազգ-բանակ լինելու իրողությունն արդյունավետ քաղաքաականության վերածելու համար: Հպարտ եմ, որ շատ բաներում հաջողել եմ»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր