«Այն, որ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նոր չիմացավ, որ Սահմանադրությամբ իրեն վերապահված է ընդամենը շախմատի տախտակում «պեչկայի» ֆունկցիա դա փաստ էր։ Իսկզբանե ինքը դա գիտեր, որ ստանձնելով նախագահի պաշտոնն այս Սահմանադրությամբ իր լիազորություններն ավելին չեն, քան անգլիական թագուհունը, անգամ ավելի քիչ»,- Irakanum.am-ի հետ զրույցում անդրադառնալով Արմեն Սարգսյանի հրաժարականին, ասաց նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։ Նրա խոսքով՝ բայց մինչ պատերազմը, այդ լիազորությունների բացակայությունը բացառապես արարողակարգային «վոյաժները» հարմար էին Արմեն Սարգսյանի համար և նա դժգոհելու առիթ չուներ։ «Հիմա իրավիճակը բացարձակապես այլ է, որովհետև եկել է ժամանակը նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն փաստաթուղթը վերածելու իրավական գործընթացների և սպասվում են մի քանի միջազային պայմանագրեր, որոնց տակ խորհրդարանի վավերացումից հետո պիտի դրվի Արմեն Սարգսյանի ստորագրությունը»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը, թվարկելով՝ առաջինը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը, որը ենթադրում է փոխադարձ տարածքային ամբողջականության ճանաչում և պատմության վավերագրում մնալու էր, որ այս խորհրդարանի հետ միասին դավաճանական փաստաթղթի տակ դրված է նաև Արմեն Սարգսյան անուն- ազգանունով ՀՀ չորրորդ նախագահի ստորագրությունը։ Հաջորդը՝ ըստ Նաիրա Զոհրաբյանի դեմարկացիա- դելիմիտացիայի փաստաթղթերը, ինչպես նաև հայ- թուրքական հարաբերությունների գործընթացից բխող հնարավոր միջազգային պայմանագրեր, որոնց ԱԺ-ում վավերացվելուց հետո պետք է ստորագրվեր Արմեն Սարգսյանի կողմից։
Նախկին պատգամավորի խոսքով՝ հիմա ամենահարմար ժամանակն էր խուսափելու այդ պատասխանատվությունից։ «Ո՞ւմ կառաջադրի Նիկոլ Փաշինյանն այս պահին դժվար է ասել։ Շրջանառվում են տարբեր անուններ, այդ թվում՝ Էդմոն Մարուքյան, Արմեն Սարգսյան, որի թեկնածությունը ես մի քիչ բացառում եմ, հաշվի առնելով նրա խիստ արևմատետ և խիստ հակառուս լինելու հանգամանքը, սակայն չի բացառվում, որ Նիկոլ Փաշինյանը թքած ունենա Ռուսաստանի էմոցիաների վրա և Արամ Սարգսյանին նշանակի նախագահ, քանի որ խորհրդարանում այդ քվեարկությունը լինելու է ֆորմալ։ Նշանակվելու է նա, ում կցանկանա Նիկոլ Փաշինյանը»,- ասաց Զոհրաբյանը։
Հարցին, թե նոր նախագահը կկարողանա որոշակի փոփոխություններ իրականացնել, Զոհրաբյանն ասաց, թե այն ավելի շատ «պրոտոկոլային» է լինելու։ «Նա ամբողջապես սպասարկելու է Նիկոլ Փաշինյանի շահերը, մինչև նոր Սահմանադրության ընդունումը, որից հետո Նիկոլ Փաշինյանը կառաջադրվի նախագահի պաշտոնում և դրանով կցեմենտ- բետոնի իր իշխանությունը»,- նշեց նա, հավելելով, թե չգիտես ինչու այն մարդիկ, ովքեր հրճվել են Արմեն Սարգսյանի հրաժարականով և փորձում են վերլուծել, թե դրանով դրվեց Նիկոլ Փաշինյանի վերջի սկիզբը սխալվում են։ Այս ամենով ընդամենը Նիկոլ Փաշինյան ավելի է մոնոլիտացնում իր իշխանությունը։
Հարցին, թե ինչ պետք է անի այս պահին ընդդիմությունը, Նաիրա Զոհրաբյանն արձագանքեց․ «Ընդդիմությունն այս պահին պետք է անի իր արածի ուղիղ հակառակը, այսինքն պիտի փորձի այլընտրանք ձևավորել, որպեսզի հասարակությունը տեսի, որ բացի իրար վրա շիշ շպռտելուց ԱԺ-ում խորհրդարանական ընդդիմությունը ինչը որ քննադատում է, ոչ թե հայհոյում է, և դրանով իր միսիան համարում է ավարտած, այլ առաջարկում է այլընտրանք»։ Միաժամանակ Զոհրաբյանը նկատեց՝ հասկանում է, որ ընդդիմության թեկնածուն այս իրավիճակում որեւէ շանս չունի ընտրվելու, բայց գոնե հասարակությունը կտեսնի, որ ընդդիմությունն ունի կադրեր, ունի այլընտրանքային կադրեր և կհասկանա, որ կարող է ձևավորել իշխանություն։ «Այնպես, որ եթե երկու ընդդիմադիր խմբակցությունները չշարունակեն իրենց տոտալ անգործությունը և որեւէ միասնական թեկնածու առաջադրեն, որը կարող է իշխանության թեկնածուին հստակ այընտրանք լինել, ապա հասարակության մոտ հնարավոր է ընդդիմության նկատմամբ տոտալ հիասթափությունը վերացնելու և հասարակության մոտ ցույց տալու, որ այո այս ընդդիմությունը կարող է լինել ռեալ այլընտրանք»,- եզրափակեց Նաիրա Զոբրաբյանը։
Irakanum.am