Արմեն Սարգսյանի՝ ՀՀ նախագահի պաշտոնից հրաժարական տալու վերաբերյալ հայտարարությունից հետո որպես հաջորդ նախագահի հավանական թեկնածու շրջանառվում է մի քանի անուն։ Մասնավորապես ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի։ Irakanum.am-ի տեղեկություններով իշխանության ներսում այս հարցը չի քննարկվել։ «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամները նույնպես որեւէ տեղեկություն չունեն։ Կուսակցության ներկայացուցիչները ֆեյսբուք սոցիալական ցանցում գրում են, որ հենց Մարուքյանն է նախագահի պաշտոնի համար ամենալավ թեկնածուն։
Առաջիններից էր ԼՀԿ-ական նախկին պատգամավոր Սրբուհի Գրիգորյանի գրառումն է ու դրան Մարուքյանի արձագանքը։ Նախկին պատգամավորը գրում է, որ Էդմոն Մարուքյանը կարող է այդ պաշտոնում լավ աշխատել՝ հաշվի առնելով նրա լեզուների իմացությունը, դիվանագետների հետ շփման, դրսում հավուր պատշաճի Հայաստանը ներկայացնելու փորձը...
Մարուքյանը դրան արձագանքում է՝ շնորհակալություն հայտնելով վստահության համար։
Ինքը՝ Էդմոն Մարուքյանը տեղեկություններն ու մամուլի հրապարակումները չի մեկնաբանում։
Միաժամանակ կան տեղեկություններ, որ նախագահի հավանական թեկնածուներից է «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը։ Ամեն դեպքում նրա թիմակիցներն էլ ֆեյսբուքում են նրան նախագահ «հռչակել»։
Նախագահի պաշտոնում իրեն տեսնում է նաև Արտաքին գործերի նախարար, ՔՊ-ական Արարատ Միրզոյանը։
Թե ի վերջո ի՞նչ որոշում է կայացնելու Նիկոլ Փաշինյանը իշխանության ներկայացուցիչները ևս տեղյակ չեն։ Ամեն դեպքում հստակ է, որ որոշումը լինելու է միանձնյա։
Irakanum.am