Սոչիում մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ԵԱՏՄ հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի հետ:
Ինչպես Սոչիից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, լրագրողները մասնակցեցին միայն արարողակարգային նկարահանման: Առանձնազրույցը շարունակվեց փակ դռների հետևում:
Փաշինյանը Սոչի է մեկնել՝ մասնակցելու Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստին: Աշխատանքային այցի ընթացքում տեղի է ունենալու Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Նախատեսված են հանրապետության վարչապետի այլ երկկողմ հանդիպումներ, մասնավորապես Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի, Ղըրղզստանի նախագահ Սոորոնբեյ Ժեենբեկովի հետ:
Տիգրան Սարգսյանը 1998-2008 թվականներին զբաղեցրել է Հայաստանի կենտրոնական բանկի նախագահի պաշտոնը: 2008 - 2014 թվականներին Համաշխարհային տնտեսական ճգնաժամի ու Հայաստանում քաղաքական խորը ճգնաժամի օրերին զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը։ 2014 - 2016 թվականների եղել է ԱՄՆ-ում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը։ Իսկ 2016 թվականի փետրվարի 1-ին ստանցձնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի պաշտոնը։
Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետ է ընտրվել մայիսի 8-ին Ազգային ժողովում՝ ներքաղաքական ավելի քան 20-օրյա ճգնաժամից ու քաղաքացիական անհնազանդության ակցիաներից հետո: