Irakanum.am-ին են դիմել Արմավիրի մարզի Մերձավան համայնքի մի խումբ բնակիչներ, բարձրաձայնելով գյուղում առկա խնդիրները։ Մերձավան համայնքի բնակիչների նամակը՝ ստորեւ։
Եթե մի երկրում գյուղի հողերը չեն պատկանում գյուղացիներին և դառնում են գյուղապետի գրպանի մեծացման աղբյուր, ուրեմն այդ գյուղը դատապարտված է կործանման: Հենց այդպիսին է Արմավիրի մարզի Մերձավան համայնքը, որն արդեն 23 տարի տառապում է չարորակ ճյուղավորված ուռուցք գյուղապետով՝ Լևոն Գրիգորյան անունով: Հիմա խոսենք փաստերով: Եվ մենք հանդես ենք գալիս ողջ բնակչության կողմից և հուսով ենք մեր ձայնը կհասնի համապատասխան մարմինններին ու վերջապես կազատվենք այս չարիքից: Մեր գյուղը միակ գյուղն է մարզում, որ մինչ օրս չունի սեփականաշնորհված հողեր, կան և եղել են նախկին ղեկավարի ժամանակ, իսկ աճող սերնդին ոչինչ չի հասել, քանի որ 23 տարի շարունակ նա բոլոր հողերը ծախել է պաշտոնյաներին և Երևանի բնակիչներին: Երբ ողջ հանրապետությունով մեկ կատարվում էին հողերի սեփականաշնորհում, Լ. Գրիգորյանը ինստիտուտի բազայի վարիչն էր:
Այն հողերը, որոնք պիտի սեփականաշնորհվեին, ամբողջովին պտղատու այգիներ էին՝ ծիրան, տանձ և այլ մրգատեսակներ: Հրահանգվեց 360 հեկտար ողջ դաշտերը ծառահատել, որից 40 հեկտարը պտուղը դեռ վրան էր, որպիսի հետագայում հատկացվեն բնակիչներին: Այս վայրագությունից կարճ ժամանակ անց՝ նա դառնում է գյուղապետ, գյուղապետարանի բալանսով այս ամենը փոխանցվում է համայնքին ու կատարվում է վաճառքը: Եվ դրանք վաճառվում են Երվանդ Զախարյանին, Դավիթ Լոքյանին, Տարոն Մարգարյանին, մարզպետին:
Գյուղին պատկանող լիճը, որ հենց նրա տան դիմաց է, ևս զավթվել է նրա կողմից, ցամաքացրել, լիցք են արել և ծառայեցնում իրենց նպատակներին: Գյուղում ինչքան պետական շինություն եղել է, նա հանել է վաճառքի և բոլոր բողոքները իր կապերով հարթել է և շարունակել իր անօրինականությունները: Ներկայումս նույնիսկ գյուղի մայթերն է վաճառում, ոչինչ չկա, որ նրա ձեռքի տակով չանցնի:
Վերջին ժամանակներում 20միլիոն ՀՀ դրամի չափով ըստ նախահաշվի բյուջեից դուրս է գրվել Մշակույթի տան նկուղային հարկում Սգո սրահի կառուցման համար, որն ըստ էության կծառայեր որպես սեփական բիզնես: Մշակույթի տան հարակից տարածքը սեփականացրել է , և այն իր գործառույթը չի կատարում, քանի որ ժամանցի, հանգստի ոչ մի միջոց չկա, որ կզբաղվի գյուղացին: Բացի դրանից՝ վեց ամիս առաջ 16 միլիոն դրամ դուրս է գրվել նաև համայնքի լուսավորության համար, որը առ այսօր չի իրագործվել: Գյուղապետարանի հաստիքացուցակում ներկայումս գրանցված են այնպիսի աշխատողներ, ովքեր երբևէ չեն գնացել աշխատանքի: Համայնքապետարանի աշխատակից է նաև գյուղապետի կինը: Համայնքին հատկացված ծառայողական մեքենան ևս շահարկվում է անձնական կարիքները հոգալու համար՝ մասնավորապես նրանց պատկանող քարի արտադրամասում՝ շահագործում է այլ անհատ:
Գյուղի դպրոցը ամբողջովին դարձել է գյուղապետի ու տնօրենի կայամայականությունները կատարող օղակ, այդ իսկ պատճառով բողոքում ենք նաև դպրոցի տնօրենի գործելակերպի համար, քանի որ ներկայումս տարեվերջ է, գումարներ են հավաքվում՝ քննությունները նշանակելու համար: Նրանց չի կանգնեցնում ժողովրդի բողոքը, որ արտահայտում են նաև պատերին ու պլակատների վրա գրված՝ հեռացեք խոսքերով:
Նշենք, որ լուսավորության համար դուրս գրված գումարով այսօր գործի էին փորձում անցնել, սակայն բոլորիս է հայտնի, որ աշխատանքները պետք է կատարի տենդերով շահած կազմակերպությունը, սակայն գյուղապետարանի աշխատակիցն էր վերահսկում, ինչն էլ դարձավ բնակիչների դժգոհության առիթ, որից հետո աշխատանքները դադարեցին: Նրանց առաջացրած խնդիրները շատ են, նույնիսկ գյուղի գերեզմանատունն են բիզնեսի աղբյուր դարձրել՝ վաճառում են հողերը գերեզմանատան՝ այնտեղ հուղարկավորելով անծանոթ մարդկանց, ինչի մասին հազարավոր անգամներ են բարձրաձայնվել:
Նրա առաջացրած ամենաթության մթնոլորտում միայն ինքը, իր որդիներն են օգտվում, շրջում գյուղին պատկանող գումարներով գնված թանկարժեք ավտոմեքենաներով: Շատ են մեր գյուղապետի անօրեն քայլերը, հույս ունենք, որ սա կբարձրաձայնվի և ներկայիս իշխանությունը կկասեցնի նրա քայլերը՝ համապատասխան պատժամիջոցներ ձեռնարկելով:
Մի խումբ մերձավանցիներ:
Տեղեկացնենք, որ բաց նամակը հրապարակելուց հետո Irakanum.am լրատվական կայք են դիմել Մերձավան համայնքի մի քանի բնակիչներ, ովքեր հայտնել են, որ չեն կիսում բաց նամակի բովանդակությունը:
Հավելենք նաեւ, որ առաջիկայում կհրապարակենք նաեւ պատասխանող կողմի տեսակետը: