Ստանձնելով Եվրամիության խորհրդի նախագահությունը՝ Ֆրանսիան ինքնաբերաբար ավելի մեծ կարևորություն է տալու Հայաստանի և Արցախի հարցերին ոչ միայն իբրև Հայաստանի բարեկամ երկիր և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, այլ այժմ նաև որպես Եվրամիության նախագահող: «Արմենպրես»-ի հետ զրույցում այդպիսի կարծիք հայտնեց Փարիզի Քաղաքագիտության հիմնարկի փորձագետ, ֆրանսահայ քաղաքագետ Կայծ Մինասյանը՝ շեշտելով, որ Հայաստանի դիվանագիտությունը առաջիկա վեց ամսվա ընթացքում պետք է շատ աշխույժ լինի արդյունքի հասնելու համար:
«Ֆրանսիան վաղուց կարևորություն է տալիս թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի հարցին, քանի որ թե՛ բարեկամական երկիր է Հայաստանի և թե՛ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից է: Ուրեմն, Ֆրանսիան ինքնաբերաբար պետք է ավելի մեծ կարևորություն տա Հայաստանին և Արցախին՝ հիմա նաև Եվրամիության նախագահության մակարդակով: Դա նշանակում է,որ Ֆրանսիան ավելի շատ ուժ պիտի ունենա առաջիկա վեց ամսվա ընթացքում և պիտի օգտագործի նախագահական ընտրությունների առթիվ, որպեսզի ավելի մեծ արձագանք ստանան Հայաստանը և Արցախը: Բայց դա չի նշանակում, թե պետք է հանգիստ նստել և ոչինչ չանել: Ճիշտ հակառակը՝ Հայաստանի դիվանագիտությունը, Հայաստանի կառավարությունը և հայկական «փափուկ ուժը» պետք է ավելի աշխույժ լինի այդ ժամանակաշրջանում, որպեսզի ստանա՝ ինչ հնարավոր է և ինչու չէ՝ մի քիչ ավելին», - «Արմենպրես»-ին հաղորդեց Կայծ Մինասյանը: