00:00:00

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Մեծ Բրիտանիայի դեսպանին (Ֆոտո)

17:02, 13 մայիս 2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջուդիթ Մարգրեթ Ֆարնուորթին: Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին, կառավարության կազմավորման գործընթացին եւ հայ-բրիտանական հարաբերություններին առնչվող մի շարք հարցերի: Վարչապետ Փաշինյանը կարեւորել է Հայաստանի եւ Միացյալ Թագավորության միջեւ փոխգործակցության հետագա զարգացումը քաղաքական, տնտեսական եւ այլ ոլորտներում: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ ՀՀ նոր իշխանությունները շահագրգռված են բրիտանական ներդրումների ու կապիտալի ներգրավմամբ եւ ավելացրել, որ կառավարության նոր ծրագրում հստակ ձեւակերպված են լինելու մեր երկրի զարգացման ուղիներն ու տեսլականը: Վարչապետի խոսքով՝ իշխանությունների քայլերն ուղղված են լինելու բիզնես միջավայրի շարունակական բարելավմանը, այդ թվում` ներդրումների պաշտպանվածության բարձրացմանը: Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանն ընդգծել է Հայաստանում առհասարակ, եւ մասնավորապես, բրիտանական ներդրումները դիվերսիֆիկացնելու կարեւորությունը։ «Մենք վճռական ենք մեր կողմից նախանշված նպատակները, ծրագրերն ու միջոցառումները կյանքի կոչելու համար, իսկ կառավարությունը, յուրաքանչյուր քայլ իրականացնելիս, հաշվետու է լինելու հասարակությանը»,- ընդգծել է վարչապետը: Դեսպան Ֆարնոուրթը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ եւ նշել, որ բրիտանական կառավարությունը պատրաստ է կոնկրետ քայլեր ձեռնարկել Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման ուղղությամբ: Դեսպանն իր երկրի աջակցությունն է հայտնել ՀՀ կառավարության բարեփոխումների ծրագրին, այդ թվում՝ կառավարման համակարգի, բիզնես միջավայրի բարելավման, ժողովրդավարության ամրապնդման, դատաիրավական համակարգի արդիականացման եւ այլ ուղղություններով: Տիկին Ֆարնուորթը կարեւորել է նաեւ տնտեսական կապերի ամրապնդումը եւ ավելացրել, որ նախատեսվում է բրիտանացի գործարարների այցը Հայաստան, որի ընթացքում նրանք կծանոթանան մեր երկրի ներդրումային միջավայրին եւ հայ գործընկերների հետ կքննարկեն ներդրումների իրականացման հնարավորությունները: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ երկու երկրների միջեւ առեւտրաշրջանառության ծավալների ավելացմանը, տարածաշրջանում ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակին, Հայաստանում խորհրդարանական ընտրությունների անցկացմանը, Ընտրական օրենսգրքի բարեփոխումներին եւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր