Երեկ հայտնի դարձան բոլոր նախարարների անունները, եւ զարմանալիորեն բուռն արձագանք գտավ Առողջապահության նախարարի նշանակումը։
Հիշեցնենք, որ ՀՀ նախագահի հրամանագրով՝ Առողջապահության նախարար է նշանակվել Արսեն Թորոսյանը։ Ֆեյսբուքի օգտատերերի մի ստվար հատված ակցիա է սկսել՝ դեմ արտահայտվելով այս նշանակմանը։ Իսկ պատճառը Թորոսյանի մեկնաբանություններն են ֆեյսբուքյան տարբեր խմբերում՝ կապված պատվաստումների հետ։
Պարզվում է՝ Արսեն Թորոսյանը, իբրեւ բժիշկ, կողմնակից է եղել պատվաստումները պարտադիր դարձնելուն, ինչեւ նաեւ մեծ աղմուկ հանած Գարդասիլին՝ պապիլոմա վիրուսի դեմ պատվաստմանը։ Եւ նա պատվաստումներին դեմ արտահայտված մարդկանց բավական կոպիտ ձեւով է պատասխանել ֆեյսբուքյան իր մեկնաբանություններում։ Մասնավորապես, խոսելով կապույտ հազի արդյունքում մահացած փոքրիկի դեպքից՝ գրել է, որ «Աստված է պատժել այդ ընտանիքին»։ Հիշեցնենք, որ նշյալ ընտանիքի երեխաները չէին պատվաստվել կապույտ հազի դեմ եւ հիվանդացել էին, արդյունքում երկու ամսական փոքրիկը մահացավ։
Կամ անդրադառնալով նրան, որ պատվաստումներին դեմ ծնողները գնալով ավելանում են, խորհուրդ է տվել «մի լավ բիզնես-պրոյեկտ»։
«Մի լավ բիզնես-պրոյեկտ էլ ես հուշեմ՝ փոքրիկ դագաղների արտադրությունը, ասում են շատ շահավետ է»,- գրել է նա։ Մեկ այլ մեկնաբանությունում էլ Թորոսյանը գրել է․ «Ես սպասում եմ մահերի։ Ռումինիայում արդեն 46-րդ երեխան մահացավ կարմրուկից վերջին տարում»։ Նմանատիպ կոշտ մեկնաբանությունները շատ են։ Ի դեպ, վերոնշյալ խմբերի անդամներից շատերը նշում են, որ այդ մեկնաբանություններից շատերը երեկ ջնջվել են․․․
Իհարկե, Արսեն Թորոսյանի այս մեկնաբանությունները հուշում են, որ նա խիստ մտահոգ է հակապատվաստումային այն մեծ ալիքով, որ վերջերս բարձրացել է։ Օրեցօր ավելի շատ են այն ծնողները, ովքեր հրաժարվում են պատվաստել իրենց երեխաներին։ Այս մտահոգությունը հասկանալի է։
Սակայն հասկանալի չէ այն կոշտ տոնը, որով արտահայտվել է բժիշկը։ Եթե նման արտահայտություններ աներ մեկ այլ մասնագիտության տեր մարդ, կարելի էր հասկանալ՝ բարկացել է, հունից հանել են, նյարդերը տեղի են տվել եւ այլն։ Բայց բժիշկը, ով կյանքերի հետ գործ ունի, պետք է իր խոսքում զգույշ լինի։ Այո, նման մեկնաբանությունները գրվել են ամիսներ առաջ, երբ Թորոսյանի մտքով էլ անգամ չէր անցնի, որ առողջապահության նախարար է դառնալու։ Սակայն պաշտոնն այստեղ երկրորդական է, առաջնայինը բժշկի նրա կոչումն է։ Հատկապես, երբ մեկնաբանությունները վերաբերվել են երեխաներին, իսկ այս հարցում հայերս ծայրահեղական ենք, երեխայապաշտ ազգ ենք։
Բժիշկ է, հասկանում է, վստահ է, որ պատվաստումները կարեւոր են։ Սակայն դրանց կարեւորությունը պետք է բացատրել, հիմնավորել, հասկացնել, ոչ թե սպառնալ, վիրավորել «անեծքի նմանվող» արտահայտություններով։ Եւ ի վերջո, կարելի է հարգել քո կարծիքից տարբերվող դիմացինի կարծիքը։ Բժշկի գլխավոր հատկանիշը մարդասիրությունը պետք է լինի, խղճի առկայությունը եւ դիմացինին հույս ներշնչելու կարողությունը․․․
Սովորաբար նորանշանակ նախարարները 100 օր աշխատում են, նոր միայն ամփոփում կատարած աշխատանքը։ Կարելի է Առողջապահության նորանշանակ նախարարին հնարավորություն տալ 100 օր աշխատելու, հետո լծվել խիստ քննադատությանը (կամ խիստ գովասանքին, ով գիտի)։
Ն․ Հարությունյան