00:00:00

ԱՄՆ իշխանությունները մտահոգված են Թուրքիայի կողմից Եթովպիային մարտական ​​անօդաչու թռչող սարքերի վաճառքով

03:03, 23 դեկտեմբեր 2021 Աշխարհ

ԱՄՆ իշխանությունները մտահոգված են Թուրքիայի կողմից Եթովպիային մարտական ​​անօդաչու թռչող սարքերի վաճառքով, փոխանցում է Reuters-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Ըստ գործակալության տեղեկությունների՝ կան ապացույցներ, որ կառավարությունն ապստամբների դեմ օգտագործել է թուրքական անօդաչու թռչող սարքեր։ Վաշինգտոնը «խորին հումանիտար մտահոգություն ունի»՝ վաճառքի առնչությամբ, որը կարող է խախտել Ադիս Աբեբային ԱՄՆ զենքի սահմանափակումները։ Այս մասին ասել է արեւմտյան բարձրաստիճան պաշտոնյան: Եթովպիայի կառավարության եւ հյուսիսային Տիգրայի շրջանի ղեկավարության միջեւ մեկամյա պատերազմը, որը Աֆրիկայի ամենաարյունալի հակամարտություններից մեկն է, խլել է հազարավոր խաղաղ բնակիչների եւ միլիոնավոր տեղահանվածների կյանքեր: ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցիչն ասել է, որ Աֆրիկայի Եղջյուրում ԱՄՆ բանագնաց Ջեֆրի Ֆելթմանը անցյալ շաբաթ Թուրքիա կատարած այցի ժամանակ «բարձրաձայնել է Եթովպիայում անօդաչու թռչող սարքերի օգտագործման եւ քաղաքացիական անձանց վնաս պատճառելու վտանգի մասին»: Թուրք բարձրաստիճան պաշտոնյան ասել է, որ Վաշինգտոնն իր դժգոհությունն է հայտնել մի քանի հանդիպումների ժամանակ: Թուրքիան, որը անօդաչու թռչող սարքեր է վաճառել Եվրոպայի, Աֆրիկայի եւ Ասիայի մի շարք երկրներին, հերքել է այն քննադատությունը, որ ինքն ապակայունացնող դեր է խաղում Աֆրիկայում եւ հայտարարել, որ կապի մեջ է Եթովպիայի բոլոր կողմերի հետ՝ բանակցություններ հրավիրելու համար: Անցյալ շաբաթ ՄԱԿ-ը համաձայնել է անկախ հետաքննություն սկսել Եթովպիայում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ, ինչին նրա կառավարությունը կտրականապես դեմ է հանդես եկել: Տիգրայի ապստամբ ուժերը երկուշաբթի հայտարարել են, որ հեռանում են որոշ հյուսիսային շրջաններից կառավարության առաջխաղացումից հետո եւ ՄԱԿ-ին ուղղված նամակում կոչ են արել ստեղծել անօդաչու թռչող սարքերի եւ թշնամու այլ ինքնաթիռների համար Տիգրայի երկնքում  ոչ թռիչքային գոտի: Մայիսին ԱՄՆ Պետքարտուղարությունը սահմանափակել է պաշտպանական արտադրանքի արտահանումը Եթովպիայի ԶՈւ համար։ Սեպտեմբերին Սպիտակ տունը թույլատրել է պատժամիջոցներ սահմանել Եթովպիայում մարդասիրական եւ իրավապաշտպան ճգնաժամի նկատմամբ նրանց դեմ, ովքեր մասնակցում են, նույնիսկ՝ անուղղակի, ինչը սպառնում է կայունությանը, ընդլայնում ճգնաժամը կամ խոչընդոտում մարդասիրական օգնությանը։ ԱՄՆ գանձապետարանը, որին վերապահված է տնտեսական պատժամիջոցների վերաբերյալ լայն լիազորություններ, հրաժարվել է մեկնաբանել, թե արդյոք պատժամիջոցները կարող են կիրառվել Թուրքիայի նկատմամբ: Թուրք բարձրաստիճան պաշտոնյան ասել է, որ արտաքին գործերի նախարարությունն ուսումնասիրել է, թե ինչպես կարող է անօդաչու թռչող սարքերի վաճառքն ազդել ԱՄՆ արտաքին քաղաքականության վրա՝ որպես 2022 թվականի բյուջեի պլանավորման մաս: «Միացյալ Նահանգներն իր անհանգստությունն է հայտնել Թուրքիայի կողմից անօդաչու թռչող սարքերի վաճառքի կապակցությամբ, սակայն Թուրքիան կշարունակի հավատարիմ մնալ այս ոլորտում հաստատված քաղաքականությանը»,-ասել է նա։ Թուրքիայի պաշտպանության նախարարության երկրորդ բարձրաստիճան պաշտոնյան ասել է, որ Անկարան «մտադիր չէ միջամտել որեւէ երկրի ներքին գործերին»: Ըստ արտահանողների ասամբլեայի տվյալների՝ թուրքական պաշտպանական արտահանումը Եթովպիա 2021 թվականի առաջին 11 ամիսներին աճել է գրեթե մինչեւ 95 միլիոն դոլար՝ նախորդ տարվա զորայական ցուցանիշի համեմատ։ Եթովպիայի կառավարական զինվորները Reuters-ին հայտնել են, որ կառավարության վերջին հարձակումը հաջողված էր։ Օտարերկրյա ռազմական պաշտոնյան իր հերթին ասել է, որ արբանյակային պատկերները եւ այլ ապացույցներ վկայում են անօդաչու թռչող սարքերի օգտագործման մասին, եւ ենթադրվում է, որ տեղակայվել է մինչեւ 20 անօդաչու թռչող սարք: «Անօդաչու թռչող սարքերն ավելի մեծ ազդեցություն ունեն... եւ շատ օգտակար են»,-ասել է այդ աղբյուրը: Հարցին, թե արտասահմանյան երկրները եւս անօդաչու սարքեր են մատակարարել, պաշտոնյան պատասխանել է. «Ես գիտեմ, որ թուրք անձնակազմն այստեղ է եղել»: Թուրքիայի եւ Եթովպիայի պաշտոնյաները հրապարակայնորեն չեն հաստատել ԱԹՍ-ների վաճառքը։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի օրոք Անկարան ռազմատեխնիկա է ուղարկել Աֆրիկա եւ Մերձավոր Արեւելք, այդ թվում՝ Սոմալիում, որտեղ ռազմաբազա ունի, վարժանքներ է անցկացրել ԶՈւ շարքերում։ Թուրքական զինուժն անցյալ տարի օգտագործել է իր Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքերը Սիրիայում, Լիբիայում եւ Լեռնային Ղարաբաղում՝ առաջացնելով սպառողների հետաքրքրությունը ամբողջ աշխարհում ԱՄՆ-ի, Չինաստանի եւ Իսրայելի արտադրողների կողմից ղեկավարվող շուկայում: Հոկտեմբերին Թուրքիայի արտգործնախարարության ներկայացուցիչը հայտարարել է, որ Եթովպիան կարող է ցանկացած երկրից անօդաչու սարքեր գնել։ Թուրքիայի արտգործնախարար Մեւվլյութ Չավուշօղլուն էլ անցյալ շաբաթ հայտարարել է, որ Աֆրիկայի հետ հարաբերությունները հիմնված են փոխադարձ շահի վրա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր