00:00:00

Գուտերեշը լիբանանցի քաղաքական գործիչներին կոչ է արել առաջին տեղում դնել ժողովրդի շահերը

23:58, 18 դեկտեմբեր 2021 Աշխարհ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը մտահոգված է փորձություններով, որոնց բախվել են 2020 թվականի օգոստոսի 4-ին Բեյրութի ծովային նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով տուժած Լիբանանը եւ նրա քաղաքացիները:
Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը։
Ինչպես շաբաթ հայտնել է Elnashra լրատվական պորտալը, այս մասին նա հայտարարել է դեկտեմբերի 19-22-ը կայանալիք պաշտոնական այցից առաջ տեսաուղերձում։ «Իրականությունն այն է, որ իրենք՝ լիբանանցիները եւ նրանց քաղաքական առաջնորդները պետք է ելք գտնեն ձգձգվող ճգնաժամից եւ պետք է առաջին տեղում դնեն ժողովրդի շահերը», - ընդգծել է Գուտերեշը։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նշել է «երկրում բարեփոխումների իրականացման կարեւորությունը, որոնք Լիբանանը կվերադարձնեն ճիշտ ուղու վրա եւ կօգնեն արմատախիլ անել կոռուպցիան»: Անդրադառնալով մայիսին նշանակված խորհրդարանական ընտրություններին՝ նա մատնանշել է դրանց հիմնարար նշանակությունը եւ հորդորել քաղաքացիներին ակտիվորեն մասնակցել դրանց։ «Լիբանանի ժողովուրդը պետք է լիովին ներգրավված լինի այն ճանապարհի ընտրության հարցում, որով կգնա իրենց երկիրը», - ասել է Գուտերեշը: «Անհրաժեշտ է, որ կանայք եւ երիտասարդները հնարավորություն ունենան խաղալու իրենց դերը, սա միակ ճանապարհն է Լիբանանի համար ավելի լավ ապագայի հիմքեր ապահովելու համար»:
Այցի ընթացքում Գուտերեշը Սուրբ Ծննդին նախօրեին կայցելի Ալ Նաքուրում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի շտաբ: Բեյրութում ՄԱԿ-ի տարածաշրջանային կենտրոնի մամուլի հաղորդագրության համաձայն՝ նա աջակցություն կհայտնի լիբանանա-իսրայելական սահմանին հրադադարի ռեժիմը հսկող խաղաղապահներին, ինչպես նաեւ երկար ժամանակ հումանիտար առաքելությամբ Լիբանանում աշխատող ՄԱԿ-ի գործակալությունների աշխատակիցներին։
Գուտերեշը կհանդիպի Լիբանանի նախագահ Միշել Աունի, խորհրդարանի խոսնակ Նաբիհ Բերիի եւ վարչապետ Նաջիբ Միքաթիի, ինչպես նաեւ մի շարք կրոնական առաջնորդների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: «ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կայցելի Բեյրութի ծովային նավահանգիստ, որտեղ կզրուցի արտակարգ իրավիճակից տուժած ընտանիքների հետ», - ասվում է մամուլի հաղորդագրության մեջ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր