00:00:00

Վառելիքի ներկրման ծավալների նվազումը վկայում է տնտեսական ակտիվության անկման մասին

19:05, 18 դեկտեմբեր 2021 Տնտեսություն

Վառելիքի ներկրման ծավալների նվազումը վկայում է Հայաստանի տնտեսության մտահոգիչ վիճակի մասին։ Որքան էլ, որ իշխանությունները բարձրագոչ թվեր հայտարարեն, խոսեն գնաճի պայմաններում ավելի լավ ապրելու մասին, աայնուամենայնիվ, փաստն այն է, որ 2021 թվականի 9 ամիսների ընթացքում դիզելային վառելիքի ներկրման ծավալները նվազել են՝ 11928 տոննայով կամ 7,9 տոկոսով, իսկ վառելիքը, հատկապես դիզելայինը, լայնորեն օգտագործվում է տնտեսության մեջ, մասնավորապես՝ գյուղատնտեսության, շինարարության, տրանսպորտի և այլ ուղղություններով։ Վառելիքի  պահանջարկը  նշանակում է, որ դանդաղում է կամ նահաջում է տնտեսական ակտիվությունը։ Անշուշտ, այս տարվա վառելիքի սպառման վրա ազդել են բարձր գները, մասնավորապես՝ 2021 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ներքին շուկայում բենզինը թանկացել է 27,5 տոկոսով, իսկ դիզելային վառելիքը՝ 17,1 տոկոսով։ Վառելիքի մի մասը ներկրվում է Իրանից։ Օգոստոսից սկսած խնդիրներ են առաջացել բեռնափոխադրման ժամանակ, քանի որ գործող իշխանությունները զիջեցին Հայաստան-Իրան միջպետական գործող ճանապարհը Ադրբեջանին։ Արդյունքում՝ այլընտրանքային ճանապարհները սահմանափակում են բեռնափոխադրումների հնարավորությունները, ինչի հետևանքով տրանսպորտային ծառայությունների գները աճել են, դա էլ իր հերթին հանգեցրել է Հայաստան ներկրվող վառելիքի գների շարունական աճի։ 2017-2021 թվականների ընթացքում բենզինի և դիզելային վառելիքի ներկրման ծավալներն անընդհատ փոփոխվել են, դրա վրա ազդել են տնտեսական ակտիվությունը, ստվերի կրճատումը և 44-օրյա արցախյան պատերազմը։ Հարկ է նշել, որ 2020 թվականին Հայաստան է ներկրվել 221235 տոննա բենզին և 200336 տոննա դիզելային վառելիք, որը 2019 թվականի համեմատ ավելի է համապատասխանաբար՝ 45771 տոննայով և 66110 տոննայով, այսինքն՝ բենզինի ներկրումը աճել է 26 տոկոսով, իսկ դիզելային վառելիքինը՝ 49,2 տոկոսով։ Վառելիքի ներկրման զգալի աճը հիմնականում պայմանավորված է 2020 թվականի 4-րդ եռամսյակի ընթացքում սպառման ծավալների ավելացմամբ, մասնավորապես՝ 44-օրյա պատերազմական գործողություններով և դրանից հետո զարգացումներով։ Արամ Աճեմյան

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր