00:00:00

7 անգամ լեփլեցուն Հրազդան մարզադաշտը գրկաբաց ընդունեց իր զավակին՝ Հարութ Փամբուկչյանին. Համերգների ողջ հասույթը հատկացվեց երկրաշարժի աղետյալների ցավերը մեղմելուն

14:39, 12 մայիս 2018 Մշակույթ

Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեում երիտասարդական բաժնի վարիչն էի, 1988թ. դեկտեմբերի սկզբին ճանաչողական այցով գործուղվեցի Կանադա և ԱՄՆ: Ազգային զարթոնքի օրերն էին և բոլոր համայնքներում ոգևորությամբ հետևում էին հայրենիքում տեղի ունեցող իրադարձություններին: Ազգային հերոս Ալեք Մանուկյանի և տիկին Մարիի հրավերով եղա նաև Դեթրոյթում, որտեղ առիթ ունեցա ներկա գտնվելու Վարդգես Պետրոսյանի ''Կրակե շապիկ'' գրքի շնորհանդեսին և ապա շատ ճանաչված հայրենասեր Սողոյանի տանը կազմակերպված ընդունելությանը: Հաջորդ օրը համայնքի հրավերով ժամանեցի Հյուսթոն, իսկ դեկտեմբերի 6-ին Լոս Անջելես /Հայաստանում աղետաբեր դեկտեմբերի 7-ն էր/: Հյուստոնի օդակայանում, ինձ ճանապարհող Հայր Ներսես քհն. Ճեպեճյանին ասացի, որ չափազանց անհանգիստ եմ, կարծես թե օդանավը տեղ չի հասնելու: Եվ ահա, Լոս Անջելեսում դիմավորողները փոխանցեցին երկրաշարժի գույժը: Նույն օրը Սփյուռքահայության հետ մշակութային կոմիտեի նախագահի տեղակալ Ռոմեն Կոզմոյանի գլխավորությամբ Կանադայից ժամանեց հայաստանցի արվեստագետների խումբ, որը ըստ նախնական ծրագրի պետք է հանդես գար համերգներով: Խմբի կազմում էին վաղամեռիկ Ստեփան Լուսիկյանը, Արաքս Մանսուրյանը, Ռաֆաել Քոթանջյանը, Աշոտ Ղազարյանը, Հասմիկ Կարապետյանը և նկարիչ Արտաշես Հունանյանի որդին: Որև է համերգի մասին այլևս խոսք լինել չէր կարող: Համայնքի մի խումբ երևելիների ջանքերով տեղի ունեցավ մեր պատմության մեջ առաջին հեռուստամարաթոնը, որի ժամանակ հանգանակված ամբողջ գումարը փոխանցվեց աղետյալներին: Հեռուստամարաթոնը, որտեղ ելույթ ունեցա նաև ես, վարում էր իմ լավ բարեկամ, ճանաչված լրագրող Օշին Քեշիշյանը, ով և ծանոթացրեց հեռուստամարաթոնի մասնակից Ձախ Հարութի և տիկնոջ Ռուզանի հետ: Հաջորդ օրը Հարութ Փամբուկչյանը եկավ հյուրանոց: Երկար զրույցից հետո կազմեցինք իր նամակը հասցեագրված Սփյուռքահայության մշակութային կապի կոմիտեի նախագահ Կառլեն Դալաքյանին, ում և մի քանի օր անց անձամբ փոխանցեցի նամակը, որում Հարութը խնդրում էր հնարավորություն ընձեռնել բարեգործական համերգներով հանդես գալ Հայաստանում /նամակի պատճենը ինձ մոտ է/: Իսկ հետո եկավ 1989թ. ամառը և 7 անգամ լեփլեցուն Հրազդան մարզադաշտը գրկաբաց ընդունեց իր զավակին՝ Հարութ Փամբուկչյանին: Համերգների ողջ հասույթը հատկացվեց երկրաշարժի աղետյալների ցավերը մեղմելուն: Ահա և ամենը: Գեղամ Ղարիբջանյան 11 մայիս 2018թ.

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր