00:00:00

Այդ տղաներն իրենց տնից չեն գերեվարվել, գերիներին հարցաքննելուց առաջ թող մեր երեխաների կողքից փախած հրամանատարներին պատասխանատվության ենթարկեն. Զոհված զինծառայողի մայր

00:39, 10 դեկտեմբեր 2021

Եթե գերիներին հարցաքննության են կանչում, իսկ 18 տարեկան զինվորների կողքից փախած հրամանատարներին ինչու՞ պատասխանատվության չեն ենթարկում։ «Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ այս մասին ասաց 44-օրյա պատերազմում զոհված, հերոս Ժիրայր Մարգարյանի մայրը՝ Նաիրա Մարգարյանը, ում բարկացրել են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ գերիների հասցեին արված արտահայտությունները։ Հիշեցնենք, որ տելեգրամյան ալիքներում Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ տեսանյութ էր հրապարակվել, որտեղ նա մեղադրում է Բաքվում գտնվող հայ ռազմագերիներին՝ զենքը վայր դնելու և թշնամուն հանձնվելու մեջ. «Էդ գերիներին համարում եմ, որ արդեն իրանք չկան, իմ համար չկան»,-ձայնագրության մեջ ասում է Ալեն Սիմոնյանը:
Նաիրա Մարգարյանը հարց է բարձրացնում, թե ինչու մեկ տարվա ընթացքում որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել։ «Մեր երեխեքի կողքից փախած հրամանատարներն արժանացել են գեներալի կոչման, բարձր մեդալների։ Ինչպե՞ս հասկանանք դա։ Վերադարձած գերիների հետ եմ խոսել, որոնք դժվար պայմաններում են գերեվարվել։ Գերի տանող թուրքը հո չի ասել, որ իրենց լավ կյանքով են ապահովելու, որ նրանք էլ ավելի վեր գնահատեին այդ կյանքով ապրելը։ Մենք տեսանյութերից գիտենք՝ ինչ ստորացուցիչ ձևով են վարվում երեխաների հետ»,-նշեց զոհված զինծառայողի մայրը։ Նաիրա Մարգարյանը գտնում է, որ 30 տարվա ընթացքում բոլոր իշխանություններն էլ իրենց մեղավորությունն ունեն, որ չզինեցին բանակը, քանի որ սա միայն զենքի կռիվ չէր, և տղաներն ավտոմատով հնարավորություն չունեին ԱԹՍ-ի դեմ պայքարել։
Զոհված զինծառայողի մայրը ցանկություն հայտնեց, որ նախքան գերիներին հարցաքննելը՝ նախ բոլոր մեղավորները պատասխան տան։ «Մինչև հիմա զոհված զինծառայողների մարմիններն Աբովյանի դիահերձարանի հատակին թողնելու համար էլ ոչ ոք պատասխան չտվեց։ Նիկոլ Փաշինյանը սկզբում ասում էր, որ գերիները երկու ամիս էլ կսպասեն, իրենց կներեն։ Մինչև ընտրություններն ասում էր, որ իր տղային կտա ու մեր գերիներին հետ կբերի, հիմա էլ ոտքերը պնդվել է, մենք էլ գերի չունե՞նք այնտեղ։ Չի կարելի ծնողների այս հոգեկան ապրումներից հետո գերիների մասին այդպես խոսել։ Այդ տղաներն իրենց տնից չեն գերեվարվել»,-ասաց Նաիրա Մարգարյանը։ Նրա որդին՝ Ժիրայր Մարգարյանը զոհվել է հոկտեմբերի 15-ին՝ Ջաբրայիլում։ Մարմինն այդ տարածքից դուրս է բերվել դեկտեմբերի 11-ին, սակայն ծնողներին են տվել մահից միայն 9 ամիս անց, ինչը Նաիրիա Մարգարյանը կապում է համապատասխան մարմինների անփույթ աշխատանքի հետ։ Երեք անգամ ԴՆԹ հանձնելուց հետո միայն համընկնում է եղել, և հուլիսի 19-ին Նաիրային են հանձնել որդու դին։ «Առաջին եկած գերիներից մեկը տղայիս հետ ծառայող երեխաներից էր, նրա հետ է եղել։ Ինձ ասել էր, որ անձամբ է տեսել՝ որդիս զոհվել է։ Երկու ամսվա զինծառայող է եղել, դիպուկահարի կրակոցից է զոհվել։ Անընդհատ մարտի դաշտից օգնել է վիրավոր զինվորներին դուրս բերել։ Թշնամին նկատել է ու կրակել։ Որդիս ընկել է, մտածել են՝ մահացել է, բայց ողջ է եղել։ Մի քիչ ուժ է հավաքել ու բարձրացել, որ տեսնի վիրավոր ընկերն ինչ վիճակում է և այդ պահին դիպուկահարը միանգամից գլխին է կրակել՝ ճակատային մասին»,-ասաց Նաիրա Մարգարյանը։ Վերջին անգամ Նաիրան որդու հետ խոսել է հենց դեպքի օրը՝ մի քանի ժամ առաջ։ Մինչ 44-օրյա պատերազմը Քաշաթաղի շրջանում էին ապրում, սակայն հոկտեմբերի 23-ին տեղափոխվել են։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր