ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրել է․
«ԱՄՆ-Իրան հակամարտության ռազմական նոր փուլը կվերսկսվի թե՞, ոչ՝ դեռ պարզ չէ:
Սեպտեմբերի 20-ին Իրանի զինվորականները հայտարարել են, որ տեղեկություններ ունեն ԱՄՆ-ի կողմից նոր հարձակման հավանականության մասին և նախազգուշացրել են պատասխան հարվածների համար։
Միաժամանակ չեն դադարում դիվանագիտական շփումները։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը և արտգործնախարար Աբբաս Արաղչին ներկա են Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի աշխատանքներին։
ՄԱԿ-ի ամբիոնից այսօր Թրամփը հայտարարել է, որ Իրանը բազմիցս մերժել է ԱՄՆ-ի կողմից գործարքի վերաբերյալ արված առաջարկները, և որ ինքը երբեք թույլ չի տա Թեհրանին միջուկային զենք ձեռք բերել։
Մերձավոր Արևելքում տեղակայված ամերիկյան զինված ուժերին հրահանգվել է պահպանել ներկայիս խմբավորումն առնվազն մինչև տարեվերջ այնպես, որ անհրաժեշտության դեպքում հնարավոր լինի արագ վերադառնալ լայնածավալ ռազմական գործողություններին։
Turkish Airlines-ը, AJet-ը և Pegasus թուրքական ավիաընկերություններն արդեն չեղարկել են դեպի Իրան իրականացվող չվերթները։ Turkish Airlines-ը և AJet-ն իրենց թռիչքները հանել են չվացուցակից մինչև 2027 թվականի մարտը, իսկ Pegasus-ը՝ ամրագրման համակարգից։ Իրանի հետ ավիահաղորդակցությունը չեղարկել են նաև Իրանի բարեկամներ Օմանը, Ադրբեջանը և Իրաքը:
ԱՄՆ ֆինանսների նախարար Բեսենթը հայտարարել է, որ Չինաստանի ֆինանսական իշխանությունները ԱՄՆ-ի հետ խորհրդակցություններ են անցկացնում Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների պահպանման հարցում։
Ավելի վաղ Reuters գործակալությունը հաղորդել էր, որ Սաուդյան Արաբիայի դիմումից հետո Պեկինը նույնպես Թեհրանին խնդրել էր օգտագործել իր ազդեցությունը՝ հուսիներին զսպելու համար։