«Լուրերը» բացառիկ հարցազրույց է ունեցել Լիտվայի խորհրդարանում (Սեյմաս) ՀՀ հետ միջխորհրդարանական հարաբերությունների խմբի ղեկավար, Ապագայի հանձնաժողովի նախագահ Ռայմունդաս Լոպատայի հետ: Նա Հայաստան էր այցելել Լիտվայի խորհրդարանի պատվիրակության կազմում:
Պարո՛ն Լոպատա, նոյեմբերի 16-ին Ադրբեջանի զինված ուժերը ձեռնարկեցին ևս մեկ ռազմական ագրեսիա Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի դեմ՝ հարձակվելով արևելյան սահմանից և ներխուժելով Հայաստանի տարածք։ Ինչպե՞ս կգնահատեք Ադրբեջանի նման ագրեսիվ գործողությունները և ընդհանրապես տարածաշրջանում տիրող իրավիճակը:
Ռայմունդաս Լոպատա — Սահմաններում տեղի ունեցող զարգացումների մասին մեր պատվիրակությունը տեղեկացել է դեպի Հայաստան ճանապարհին։ Մենք եկել ենք այստեղ նշելու դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը։ Մեր այցը սկսեցինք Ծիծեռնակաբերդի Ցեղասպանության հուշահամալիրից: Մեր պատվիրակության անդամների աչքերում ես տեսա ցնցում, ցավ և խոր վիշտ։
Վերադառնալով ձեր հարցին՝ կարող եմ ասել, որ ես չափազանց անհանգստացած եմ օրեր շարունակ աճող լարվածությունից հետո երեքշաբթի օրը Հայաստանի հետ երկայնքով ադրբեջանական կողմից հարձակումների և ծանր զինատեսակների կիրառման վերաբերյալ հաղորդումներից:
Այս պահին վճռորոշ նշանակություն ունի ցանկացած գործողության անհապաղ դադարեցումը և հետագայում ձեռնպահ մնալն այնպիսի գործողություններից, որոնք ավելի կընդլայնեն հակամարտության և մարդկային տառապանքների աշխարհագրությունը։ Մենք վճռականորեն մերժում ենք ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումը՝ որպես միջազգային վեճերի լուծման միջոց։
Բոլոր ուժերը պետք է հետ քաշվեն մինչև 2021 թվականի մայիսի 12-ը զբաղեցրած դիրքերը՝ այդպիսով ճանապարհ հարթելով սահմանների սահմանազատման գործընթացը սկսելու համար միջազգային հովանու ներքո՝ բանակցությունների միջոցով, այլ ոչ թե տեղում փաստեր ներկայացնելով։ Ես ողջունում եմ սահմանի երկայնքով հնարավոր միջազգային դիտորդական առաքելության վերաբերյալ առաջարկները և խրախուսում եմ այս ուղղությամբ կոնկրետ քայլերը:
Կողմերի համար նաև կարևոր է անհապաղ բովանդակային բանակցություններ սկսել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային, համապարփակ և կայուն կարգավորման հասնելու նպատակով։
2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սանձազերծեց Արցախի դեմ։ Այսօր Ադրբեջանում գերության մեջ են գտնվում տասնյակ հայ ռազմագերիներ և քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի իշխանությունները պարբերաբար հայտարարում են, որ Արցախյան հակամարտությունն ավարտված է։ Կմեկնաբանե՞ք Ադրբեջանի քաղաքականությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում։
Ռայմունդաս Լոպատա — Լիտվան  և ամբողջ Եվրամիությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծված չեն համարում. դա ակնհայտ է։ Հարավային Կովկասի մարդկանց և երկրներին ես շատ կցանկանայի մաղթել խաղաղություն, բարգավաճում և սեփական ինքնիշխան որոշումներ կայացնելու կարողություն։ Այս առումով հիմնական խոչընդոտը մնում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը։ Ահա թե ինչու, ես կարծում եմ, որ, ի վերջո, և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի շահերից է բխում՝ բարեխղճորեն ներգրավվել բովանդակային բանակցություններում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո։ Ես խորապես հավատում եմ, որ այս հակամարտությունը լուծելու ուրիշ իրագործելի այլընտրանք պարզապես չկա, քան ուղղակի բանակցությունների միջոցով ձեռք բերված փոխզիջումը։ Այս հակամարտության համար արդեն շատ թանկ գին է վճարվել. ես, իհարկե, նկատի ունեմ մարդկային կյանքերը և տառապանքները, բայց նաև ինքնիշխանության, Հարավային Կովկասի երկրների՝ ազատ զարգանալու, իրենց ուղին ազատորեն ընտրելու հնարավորությունը։
Եվս մեկ կարևոր նկատառում. ԵՄ-ն կարող է և պետք է շատ ավելի ակտիվ դերակատարում ունենա ինչպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերի ակտիվացման, այնպես էլ հարավկովկասյան տարածաշրջանում խաղաղության հաստատմանը նպաստելու գործում: Լիտվան խրախուսում է նման դերակատարումը և ակտիվորեն նպաստում է դրան, ինչի մասին հաստատվեց ԵՄ բարձր ներկայացուցիչ Ջ. Բորելի անունից նախարար Գ. Լանդսբերգիսի և նրա ավստրիացի, ռումինացի գործընկերների՝ տարածաշրջան կատարած այցի ժամանակ։ Ես կավելացնեմ ևս մեկ բան. Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներն արտացոլում են համաշխարհային նշանակություն ունեցող միտումներ։ ԱՄՆ ավելի մեծ ներգրավվածությունը կարևոր նշանակություն ունի:
Գերիների հարցով արդեն այս տարվա փետրվարին Լիտվայի Սեյմասում Հայաստանի հետ միջխորհրդարանական հարաբերությունների խումբը կոչ արեց Ադրբեջանին արագացնել ռազմագերիների և պատանդների փոխանակումը, անհապաղ դադարեցնել նրանց նկատմամբ քրեական հետապնդումը և ապահովել նրանց վերադարձը Հայաստան։ Բոլոր բանտարկյալների անվերապահ և անհապաղ վերադարձը (ինչպես նաև առկա ականապատ տարածքների քարտեզների փոխանակումը) կարող է շատ կարևոր քայլ լինել վստահության վերականգնման մեկնարկի համար: Մեր հայտարարության մեջ մենք նաև կոչ ենք արել Եվրամիության կառույցներին՝ հետևողականորեն բարձրացնել այս մարդասիրական խնդիրը՝ Ադրբեջանի հետ ներկա և ապագա հարաբերությունների համատեքստում։
Որո՞նք են հայ-լիտվական երկկողմ և բազմակողմ գործընկերության ընդլայնման հեռանկարները, այդ թվում՝ Եվրամիության հետ համագործակցության շրջանակներում։
Ռայմունդաս Լոպատա — Նշելով փոխադարձ ճանաչման 30-ամյակը (Լիտվան աշխարհում առաջին երկիրն էր, որը ճանաչեց Հայաստանի անկախությունը) և դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, կարող եմ մեծ վստահությամբ ասել, որ վերջին տարիներին Լիտվայի և Հայաստանի միջև երկկողմ գործընկերությունը խորանում և ընդլայնվում է շատ արագ տեմպերով, հատկապես՝ թավշյա հեղափոխությունից հետո։ Մենք կրկին բացահայտեցինք Հայաստանը: Եվ կարծում եմ՝ ոչ միայն մենք:
Մենք ինտենսիվորեն կիսում ենք Լիտվայի սեփական հաջողություններն ու դասերը տարբեր ոլորտներում, ակտիվացնում ենք քաղաքական երկխոսությունը և ավելացնում զարգացման համագործակցության աջակցությունը։ Ես կարող եմ միայն վերահաստատել Լիտվայի վճռական պատրաստակամությունը՝ շարունակելու քաղաքական և գործնական աջակցությունը Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին։
Չնայած գլոբալ համաճարակները կաթվածահար արեցին աշխարհը և խոչընդոտեցին համագործակցության որոշ ձևաչափերի, մենք կարողացանք նաև դա օգտագործել ի շահ մեր երկկողմ հարաբերությունների։ 2020 թվականին Լիտվան աջակցել է Հայաստանին տարբեր միջոցներով (ինչպիսիք են անհատական պաշտպանության միջոցները, ՊՇՌ թեստերը, ինտենսիվ թերապիայի բաժանմունքների սարքավորումները)՝ Հայաստան ուղարկելով բժշկական առաքելություն, Հայաստանին աջակցելով ԵՄ արտադրության AstraZeneca պատվաստանյութի 27 500 դեղաչափով և Moderna-ի արտադրած Spikevax պատվաստանյութի 50 000 դեղաչափով: Այս արդյունավետ համագործակցությունը զարգանում և շարունակվում է:
Հատկապես ուրախ եմ նկատել, որ համերաշխությունը երկկողմանի է: Ինչպես ասում ենք, իրական ընկերը ճանաչվում է կարիքի մեջ: Հայաստանի կառավարությունը համերաշխություն է դրսևորել մեր երկրի հետ՝ պատվիրակելով քուրմանջի լեզվի թարգմանիչ՝ աջակցելու լիտվական հաստատություններին, երբ մեզ ամենաշատն անհրաժեշտ էր նման գործնական աջակցություն՝ բելառուսա-լիտվական սահմանին ստեղծված միգրացիոն ճգնաժամի պայմաններում:
Ինչ վերաբերում է Եվրամիության վերաբերյալ հարցին, ապա Լիտվան տարածաշրջանում ԵՄ-ի էլ ավելի ակտիվ դերակատարման վճռական կողմնակից է: Որքան շատ լինի Եվրոպայի ներգրավվածությունը, այնքան ավելի ուժեղ աջակցություն կկարողանաք ստանալ՝ ամրապնդելու Հայաստանի ժողովրդավարությունը, ինքնիշխանությունը, բարգավաճումը և գուցե նույնիսկ անվտանգությունը։ Ես նկատի ունեմ ոչ միայն ֆինանսական աջակցությունը. կարծում եմ, որ Հայաստանը միայն կշահի ԵՄ թվինինգից, TAIEX նախագծերից, տարբեր ոլորտներում ԵՄ խորհրդատուներից և ԵՄ տրամադրության տակ առկա այլ գործիքներից: Դա այժմ, ավելի քան երբևէ, կարևոր է՝ հաշվի առնելով մեր առջև ծառացած ներկա մարտահրավերները, բայց նաև նոր հնարավորություններ, որոնք բացվել են ԵՄ-ի և Հայաստանի միջև CEPA համաձայնագրի իրականացմամբ, ինչպես նաև Հայաստանի համակարգային բարեփոխումների օրակարգով։
Եվ վերջին, բայց ոչ պակաս կարևորը. ես զգում եմ Հայաստանում առկա ներկայիս տրամադրությունը: Ես հասկանում եմ ձեր ցավը, տագնապը, որն առաջացել է այն մարտահրավերներից, որոնց առջև այսօր կանգնած է Հայաստանը։ Այնուամենայնիվ, ես կցանկանայի, որ Հայաստանի ժողովուրդը չթերագնահատի իր ձեռքբերումները, պահպանի վստահությունն ու հավատը։ Մարտահրավերները հաղթահարելու համար են: Փաստը, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Հայաստանին հրավիրել է մասնակցելու «Հանուն ժողովրդավարության» գագաթնաժողովին, վկայում է Հայաստանի կողմից ժողովրդավարության ամրապնդման գործում շատ կարևոր առաջընթացի մասին։ Սա շատ կարևոր ճանաչում է և մեծ հնարավորություն, և ես վստահ եմ, որ Հայաստանը լավագույնս կօգտագործի այն։