00:00:00

Անհայրենիքների ժամանակը

03:14, 14 նոյեմբեր 2021

Անհայրենիքությունը կոսմոպոլիտիզմը չէ, ինչպես կարող են մեկնաբանել ոմանք և արդարանալ որոշները։ Կոսմոպոլիտիզմի մեջ կա որոշակի պոզիտիվ հատկանիշ՝ աշխարհը սիրելու, աշխարհը իրենը համարելու իմաստով։ Անհայրենիքությունը, սակայն, առավելապես բացասական ապրում է, դրա հիմնական շարժիչ ուժը ատելությունն է այն տարածքի նկատմամբ, որը՝ դրանում ծնված լինելու հանգամանքի ու գենետիկայի բերումով, համարվում է անվանական հայրենիք, բայց որն այդքան ատում է իրական հայրենիք չունեցողը։ Այդ ատելության հիմքում իր հերթին ընկած է վիրավորանքը, որի ռուսերեն համարժեքը՝ «օբիժնիկությունը», տվյալ դեպքում ավելի բնութագրական է։ Երբ որևէ մեկը վիրավորվում է մեկ այլ անձից, անձանց խմբից, հաստատությունից, ամեն ինչ անում է երբևէ վրեժ լուծելու համար։ Նույնը անհայրենիքների պարագայում է, այն տարբերությամբ, որ սրանց վրեժի առարկան սեփական հայրենիքն է։ Իսկ սեփական հայրենիքի հանդեպ ամենամեծ վրեժը կարելի է լուծել հայրենիքը  թշնամուն հանձնելով, սեփական հայրենակիցների արյամբ պատված հողը թշնամու սապոգի ճանապարհ դարձնելով։ Մոտավորապես դա է հիմա տեղի ունենում Հայաստանի հետ։ Անհատապես և հավաքականորեն անհայրենիքներից բաղկացած մի խումբ անում է առավելագույնը՝ Հայաստանից ու Արցախից վրեժ լուծելու համար։ Պատահականությո՞ւն է արդյոք, որ Արցախի հանձնումից հետո նաև Հայաստանի ինքնիշխան տարածքներն Ադրբեջանին հանձնելու ամենաջերմեռանդ ջատագովը, մասնավորապես ու հատկապես, Արմեն Գրիգորյանն է՝ մարդ, ով ծնվել և մեծացել է Արցախում, իշխանության գալուց և պաշտոն ստանալուց հետո հարսանիքի արարողությունը կատարում է Շուշիում, և ում համար Արցախի հետ նման կերպ վարվողները պետք է դառնային հավիտենական թշնամիներ։ Վստահաբար ոչ։ Նրա դեպքում՝ մասնավորապես ու հատկապես, գործում է անհայրենիքության համախտանիշը՝ երևի սեփական ծննդավայրում նա եղել է չափից ավելի ճնշված ու նվաստացած ու հիմա համալրել է հպարտ նվաստացողների շարքերը՝ անցյալի նվաստացման վրեժը սեփական հայրենիքից լուծելու համար։ Անցյալում նրանք պայքարել են ժամանակի իշխանությունների դեմ, իբրև թե՝ հանուն հայրենիքի։ Բայց կյանքը ցույց տվեց, որ իրականում նրանք պայքարում էին հենց հայրենիքի դեմ՝ հանուն հայրենիքից իրենց նվաստացման վրեժը լուծված տեսնելու ճղճիմ երազանքների։ Իսկ այն, որ այդ երազանքներն այսօր իրականություն են դառնում թշնամական երկրի միջոցով, անհայրենիքների համար ոչ միայն արգելակ չէ, այլ անգամ խթանող նշանակություն ունի։ Այն պարզ պատճառով, որ անհայրենիքները, բացի սեփական երկրից ու նրա պաշտպաններից, այլ թշնամիներ չունեն։ Անհայրենիքներն իսկական գտածո են որևէ թշնամի պետության որևէ ծառայության համար, որոնք՝ ներազդելով նրանց խեղված հոգեբանության վրա, հեշտությամբ կարող են օգտագործել ցանկացած, անգամ ամենադիվային ծրագրերն իրագործելու նպատակով։ Նման մարդիկ գործող իշխանության շարքերում բազմաթիվ են, և  հենց դա է գրեթե ամեն օր հեռարձակվում Հանրային հեռուստատեսության եթերում։ Այն տեխնիկական բացթողումով, որ ոմանց անվան դիմաց դեռևս չի գրվում՝ «Ադրբեջանի խամաճիկների քարտուղար»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր