00:00:00

Անուղղելի նախարարն ու մտքի «գիգանտը». երբ չեն գիտակցում սեփական խոսքի արժեքը

04:09, 10 նոյեմբեր 2021 Տնտեսություն

Տնտեսության ու տնտեսական զարգացումների վերաբերյալ իր անհիմն գնահատականներով շարունակում է զարմացնել էկոնոմիկայի նախարարը։ Ասում է բաներ, որոնց ձեռքը հետո ինքն էլ է կրակն ընկնում։ Երբեմն անկեղծ զարմանում ես, թե ինչպես կարող է կառավարության թիվ մեկ էկոնոմիստն այսքան անլուրջ ու մակերեսային մեկնաբանություններ անել տնտեսության զարգացումների վերաբերյալ։
Երկար ժամանակ էկոնոմիկայի նախարարը պնդում էր, որ այս տարի Հայաստանում երկնիշ տնտեսական աճ է լինելու։ Վահան Քերոբյանն այնքան էր տարվել իր այդ գաղափարով, որ հայտարարում էր, թե պատրաստ է հրաժարական տալ, եթե երկնիշ տնտեսական աճ չլինի։
Տարին մոտենում է ավարտին, ու ակնհայտ է, որ երկնիշ տնտեսական աճի վերաբերյալ նախարարի կանխատեսումներն իրականանալու ոչ մի հեռանկար չունեն։ Այլևս պարզ է, որ մեզ երկնիշ աճ չի սպառնում։ Դա հասկացել է նաև էկոնոմիկայի նախարարը։ Ու հիմա անհույս փորձեր է անում՝ իր փորած փոսից դուրս գալու համար։ Բայց դրա փոխարեն՝ հայտնվում է մեկ այլ զավեշտալի վիճակում։
«Էկոնոմիկայի նախարարությունը չի կարող պատասխան տալ ինֆլյացիայի համար։ Իսկ անվանական աճը մեզ մոտ կարող է 15 տոկոս էլ ստացվել։ Անվանականով աճը երկնիշ հաստատ կլինի։ Եթե չլինի, ես հրաժարականիս դիմումը կտամ պարոն վարչապետին»,- ասում է էկոնոմիկայի նախարարը։ Ժամանակին, երբ նա հայտարարում էր երկնիշ տնտեսական աճի իր կանխատեսման մասին, հաստատ անվանական աճը նկատի չուներ։ Հիշեցնենք, որ անվանական աճը այն աճն է, որը ներառում է նաև գնաճը։ Բայց տնտեսական աճի՝ մեզ հայտնի ցուցանիշները, որոնք սովորաբար ներկայացվում են, անվանական աճերով չեն ներկայացվում։ Դա նույնն է, որ 5 տոկոս տնտեսական անկում լինի և 15 տոկոս գնաճ, ու հայտարարես, թե ունես 10 տոկոս տնտեսական աճ։
Սա աբսուրդ է։ Բայց մեր իշխանությունները սովոր են նման աբսուրդ հայտարարություններ անել։
Տնտեսական աճը պաշտոնական վիճակագրությունը ներկայացնում է իրական աճերով։ Ու հիմա, երբ էկոնոմիկայի նախարարը հերթական մանր խորամանկությունն է փորձում անել դեմքը փրկելու համար, ժամանակին այդ մասին պետք է որ իմանար։ Բայց, իհարկե, էկոնոմիկայի նախարարի «քաջագործությունները» միայն տնտեսության երկնիշ աճի կանխատեսումներով չեն սահմանափակվում։ Հիշենք զբոսաշրջություն 319 տոկոսանոց աճը՝ «Այս տարվա զբոսաշրջության աճը նախորդ տարվա համեմատ կանխատեսվում է 319 տոկոս»։ Տարին մոտենում է ավարտին, ու կրկին տեսնում ենք, թե էկոնոմիկայի նախարարի այդ կանխատեսումն ինչքանով է իրականացնել։ Նախորդ տարվա կտրուկ անկումից հետո, այս տարի զբոսաշրջության ոլորտում որոշակի ակտիվություն կա։ Բայց դա այն 319 տոկոսին անգամ մոտ չէ, ինչի մասին խոսում էր էկոնոմիկայի նախարարը։ Ինն ամսում Հայաստան է այցելել 609 հազար զբոսաշրջիկ։ Նախարարի ասած 319 տոկոսին հասնելու համար դեռ այդքան էլ պետք է այցելի մինչև տարեվերջ։ Հիշենք նաև գյուղատնտեսություն վերաբերյալ էկոնոմիկայի նախարարի հայտարարությունը։ «Այս տարի այդ ոլորտում տպավորիչ աճ ենք ակնկալում, քանի որ 2019թ. մեկնարկած ծրագրերը արդեն «պտուղներ» են տալիս»,- այս հայտարարությունը Վահան Քերոբյանն արել է տարվա կեսերին։ Այսինքն՝ ընդամենը 2-3 ամիս առաջ։ 2-3 ամիս հետո պարզվում է, որ գյուղատնտեսության մեջ ընդհանրապես աճ չկա։ Գյուղատնտեսության արտադրության ծավալները մի բան էլ նվազել են։ Ինն ամսում ունենք 1,5 տոկոսանոց անկում։ Հիմա տեղափոխվենք այն ներդրումային հորդումների ու շինհրապարակների դաշտ, որոնց մասին ժամանակին հայտարարում էր էկոնոմիկայի նախարարը։ Օրերս էլ Ազգային ժողովում տեղի ունեցող բյուջետային քննարկումների ժամանակ էր փորձում արդարացնել իր ասածները։ «Այս պահին Երևանում կառուցվում է 257 բազմաբնակարան շենք։ Վերջին 12 տարվա մեջ տրված է եղել մոտավորապես 320 շինթույլտվություն, որից 185 շինթույլտվությունն այս պահին կառուցվող շենքերին է վերաբերում։ Եվ մենք այստեղ խոսում ենք, որ ներդրումներն ընդամենը բենզալցակայաններ են։ Շատ ենք խոսել տարբեր ներդրումային ծրագրերի մասին, բայց չեմ ուզում հերթով բոլորին անդրադառնալ»,- պատգամավորների հայտարարություններից նեղսրտում էր նախարարը։ Նախ այն, որ Երևանում 257 բնակելի շենք է կառուցվում, չնայած դա էլ խիստ կասկածելի է, չի խոսում ո՛չ ներդրումների հորդելու, և ո՛չ էլ Հայաստանը շինհրապարակի վերածվելու մասին։ Որ բնակարանային շինարարության ոլորտում որոշ ակտիվություն կա, դա էլ այս կառավարության շնորհքը չէ։ Դա այն ծրագրի արդյունքն է, որի հիմքերը դրել էին նախորդ իշխանությունները։ Խոսքը եկամտային հարկի վերադարձման ծրագրի մասին է, ինչն այս իշխանություններն այնքան խեղաթյուրեցին, որ հիմա ստիպված են հրաժարվել դրանից, որովհետև մեծ ծանրություն են դրել պետական բյուջեի վրա ու չեն կարողանում տակից դուրս գալ։ Բայց նույնիսկ այդ պարագայում չենք կարող ասել, որ ներդրումները հորդում են, իսկ երկիրը դարձել է մեծ շինհրապարակ։ Ներդրումների հորդելն ու մեծ շինհրապարակը երևում են պաշտոնական վիճակագրության հրապարակած ցուցանիշներում։ Իսկ դրանք վկայում են, որ ո՛չ մեկը ունենք, և ո՛չ էլ մյուսը։ Ինն ամսվա ընթացքում շինարարության ծավալներն ավելացել են ընդամենը 6,4 տոկոսով, այն էլ՝ անցած տարվա գրեթե 16 տոկոս անկումից հետո։ Ոչ մի նշանակություն չունի, որ հիմա Երևանում 257 բնակելի շենք է կառուցվում, ինչպես ասում է նախարարը։ Դա դեռ չի նշանակում, թե Հայաստանը վերածվել է մեծ շինհրապարակի։ Շինարարությունը միայն բնակելի շենքերը չեն։ Ի վերջո՝ պետք է գիտակցել, որ միայն հայտարարություններով ու լավատեսական սպասումներ ձևավորելով տնտեսություն չեն զարգացնում։ Դա հետո բերելու է նաև հիասթափության ու ավելի վատ հետևանքների։ Պետք է գործ անել, ՀՆԱ ստեղծող ներդրումային ծրագրեր իրականացնել, աշխատանքի արտադրողականությունը բարձրացնել և ոչ թե հույսը դնել Ամանորի արձակուրդները մի քանի օրով կրճատելու հաշվին տնտեսական աճի ինչ-որ արդյունք ցույց տալու վրա։ Չասենք այն զավեշտալի հիմնավորումները, որոնք բերվում են այդ նախաձեռնությունն արդարացնելու, տոնական օրեր կրճատելու ու այդ կերպ գնաճը զսպելու վերաբերյալ։ Էկոնոմիկայի նախարարը, լավ կլինի, իր գործով զբաղվի և ոչ թե կեղծ լավատեսություններով՝ փորձի խեղաթյուրել իրականությունը։ Ինչպես տեսնում ենք, իրականությունը շատ ավելի տխուր է, քան փորձում է ներկայացնել նախարարը։ Ինն ամսում մեր տնտեսության ակտիվության աճը կազմել է ընդամենը 4,4 տոկոս, անցած տարվա 6,6 տոկոս անկումից հետո։ Իսկ արդյունաբերությունը, որն էկոնոմիկայի նախարարի ենթակայության թիվ մեկ ոլորտն է, գրեթե զրոյական աճի է ձգտում։ Սա է էկոնոմիկայի նախարարի աշխատանքի առաջին ցուցիչը։ Նյութի աղբյուրը՝ 168.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր