00:00:00

«Ասաց՝ մամ, մի երգ ասեմ, կդնե՞ս լսեմ». 19-ամյա Գառնիկ Ղանդիլյանը զոհվել է Կարմիր շուկայում՝ հրադադարի ստորագրումից 2 ժամ հետո

04:51, 09 նոյեմբեր 2021

Գառնիկ Ղանդիլյանը 44 օրյա պատերազմի ժամանակ 10 ամսվա զինծառայող էր, ծառայում էր Ստեփանակերտի զորամասում, վարորդ էր: 19 տարեկանում անմահացած հերոսի մայրը՝ Հռիփսիմե Ղանդիլյանը, ԳԱԼԱ-ի հետ զրույցում պատմեց որդու, նրա անցած մարտական ուղու եւ ճակատագրական օրվա մասին:
«Կյանքն ինձ համար արդեն 1 տարի կանգ է առել. կորցնելով իմ զավակին՝ ես ինձ էլ կորցրեցի, տղայիս զոհվելու օրը ես էլ մահացա, այդ օրվանից լռել են աշխարհի բոլոր ձայները… ոչ ոք չի կարող հասկանալ ինձ, թե ոնց եմ մեկ տարի ապրում, եթե, իհարկե, դա ապրել կարելի է համարել, ես ոչինչ եմ առանց իմ Գառնիկի: Հիմա ամեն ինչ անում եմ, որպեսզի ապրեցնեմ իմ տղային, ես Գառնիկիս պահում եմ սուրբ մասունքի պես: Ամեն մի զանգից, ամեն մի դռան բացվելուց մտածում եմ, որ տղաս կգա, գիտի, որ ես սպասում եմ իրեն:
Երեխայի նման ինքս ինձ խաբում եմ, վախենում եմ ճշմարտությանը նայել, դա սարսափելի է, եթե ուղիղ նայեմ ճշմարտությանը, կխելագարվեմ էդ մտքից:
Երբ ինքս ինձ հետ մենակ եմ մնում, սկսում եմ տղայիս նկարի հետ խոսել, սկսում եմ կիսվել ու լացել, բայց տղաս լուռ է, չի լսում ինձ:
Իմ հպարտությունը հիմա չափազանց ցավոտ է, թող որդիս հերոս չլիներ… իմ բալեն իր ծնված օրից իմ հերոսն է»,- ասում է Արցախյան պատերազմում զոհված հերոսի մայրը՝ Հռիփսիմե Ղանդիլյանը: Գառնիկ Կարապետի Ղանդիլյանը ծնվել է 2001թ. օգոստոսի 23-ին Գյումրիում: 19-ամյա ժամկետային զինծառայողը պատերազմի առաջին իսկ օրից կռվել է ամենաթեժ տեղերում: Պատերազմի ժամանակ եղել է Մարտակերտում, Հադրութում, Օմարի լեռներում, զոհվել է Կարմիր շուկայում: «Որդիս զոհվել է նոյեմբերի 9-ին փաստաթղթի ստորագրելուց 2 ժամ հետո: Ոտքերի գլխավոր երակներն էին վնասվել, ոտքն է կոտրված եղել: Զոհվելուց մեկ օր առաջ, ասում են, ոչ ոք չի  համարձակվել մեքենան վարի, որպեսզի  գնա տղերքին սնունդ բերի: Գառնիկս առանց մի վայրկյան մտածելու «Ուրալը» վերցրել է ու վիրավոր զինվորներին նստեցրել և շարժվել է… ասել են՝ Գռնո, չգնաս, շատ վտանգավոր է, բայց  ոչ ոքի չի լսել՝ ասելով՝ բա էստեղ որն է իմ առաքելությունը, ես տղերքին էսպես չեմ թողնի: Տղաներին հասցրել է հոսպիտալ, այնուհետև սնունդը վերցրել ու հետ է եկել: Ասում են՝ որ Գռնոյին տեսանք, ուրախություններիս չափ ու սահման չկար: Ինձանից թաքցրել էր, ասում էր, որ ինքը ապահով վայրում է: Զանգեց ասաց, որ հոգնած է. ես ոնց գլխի չէի ընկնում, որ էդքան երկար  ճանապարհ է անցել, որ տղերքին հաց հասցնի»,-պատմում է հերոսի մայրը: «Տղայիս հետ կռված կամավորներն ինձ շնորհակալություն էին հայտնում, որ այդքան հզոր և հայրենասեր տղա եմ դաստիարակել: Ասում էին՝ թեև մենք Գառնիկից շատ  մեծ էինք, բայց հպարտ ենք, որ ունեցել ենք պատիվ նրա հետ շփվելու: Գառնիկս բնավորությամբ շատ բարի էր, խղճով, հոգատար, հասնող, նվիրված: Բոլորին էր պատրաստ օգնելու: Թասիբով էր, նպատակասլաց. ոչ թե իմ տղեն է, դրա համար եմ ասում, այլ իսկապես ինքը գովելի էր: Ամսի 9-ի իրիկունն էր, զանգեց. տրամադրություն չուներ, ասացի՝ ի՞նչ է եղել, ցավդ տանեմ, ո՞վ է քեզ նեղացրել, ինչի՞ ես անտրամադիր: Ասաց՝ մամ, բան չի եղել, ուղղակի հոգնած եմ, քնեմ, հետո կզանգեմ: Քիչ հետո նորից զանգեց, ասաց՝ մամ, մի երգ ասեմ, կդնե՞ս լսեմ: Ասացի՝ ցավդ տանեմ, ասա, բայց դու էդքան ժամանակ ունե՞ս: Մեսչյանի «Ո՞ւր էիր Աստված» երգն ուզեց… աղջիկս զարմացավ, ասաց՝ Գառնիկ, էս ի՞նչ է, դու նման երգ ես լսո՞ւմ: Ասաց՝ հետո կլսեք, ինձ կհասկանաք: Վերջին խոսելն էր, երգը լսեց, ասաց՝ լավ դե, մամ, գնամ քնեմ, հոգնած եմ, առավոտ կզանգեմ, և մինչև այսօր ես իր զանգին եմ սպասում»,- եզրափակեց տիկին Հռիփսիմեն: Գառնիկ Ղանդիլյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով և պատվոգրով։ ԳԱԼԱ

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր