ՊՆ կարիքների համար անցկացված գնման ընթացակարգը կազմակերպվել է հրատապ բաց մրցույթով, որին բացի «Մեգա Թրեյդ» ՍՊԸ-ից մասնակցել են նաև բենզինի շուկայի մյուս խաղացողները՝ «Ֆլեշ», «Մաքս Օիլ», «ՍիՓիԷս Օիլ» և «Կար Պետրոլ» ՍՊԸ-ները։ Նշված ընկերությունների ներկայացրած գնային առաջարկներից ամենացածրը եղել է հենց «Մեգա Թրեյդ» ՍՊԸ-ինը, որը և հաղթող է ճանաչվել և պետությանը խոշոր գումարի դիմաց վառելիք մատակարարելու հնարավորություն ստացել։
Ինչպես արդեն նշեցինք, «Մեգա Թրեյդ» ՍՊԸ-ն ստեղծվել է 2020թ․ փետրվարի 7-ին։ Այն հիմադրել են Տիգրան Բադալյանն ու Արմեն Մարգարյանը՝ 50-ական տոկոս բաժնեմասերով։ Տիգրան Բադալյանը ավելի վաղ՝ 2019թ․ հուլիսի 30-ին հիմնել է «Սիլ կապիտալ» ՍՊԸ-ն, սակայն մեկ ամիս անց իր ամբողջ բաժնեմասը փոխանցել է Խաչատուր Սուքիասյանի եղբոր` էդուարդ Սուքիասյանի որդուն՝ կրտսեր Խաչատուր Սուքիասյանին։
Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալներով՝ «Մեգա Թրեյդի» սեփականատերերն այժմ Արամայիս Գրիգորյանն ու Դավիթ Հարությունյանն են։
2021թ․ փետրվարի 18-ին Խաչատուր Սուքիասյանի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնեց, որ «Սիլ կոնցեռն» ընկերությունը ձեռք է բերել «Ռան Օիլ» ընկերությունը: Ինչպես հայտնի է, «Սիլ կոնցեռնը» պատկանում է Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին։ Գործարարը 2021թ․ հունիսի 20-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով ընտրվեց Ազգային ժողովի պատգամավոր։
«Ռան Օիլի» բենզալցակայաններում տպվում են «Մեգա Թրեյդ» ՍՊԸ-ի անվանմամբ և հարկ վճարողի հաշվառման համարով ՀԴՄ կտրոններ։ Հասկանալու համար երկու ընկերությունների կապը, զանգահարեցինք «Ռան Օիլի» կայքում նշված հեռախոսահամարով, այնտեղից մեզ փոխանցեցին այլ հեռախոսահամար, որը ինչպես հետո պարզվեց ընկերության կտրոնների վաճառքի կենտրոնի հեռախոսահամարն է։ Ընկերության ներկայացուցիչը մեզ հայտնեց․ ««Մեգա Թրեյդը» «Ռան Օիլն» է ներկայացնում, այսինքն՝ «Ռան Օիլը» «Մեգա Թրեյդի» մասնաճյուղն է»։
Մեր ճշտող հարցին, թե և՛ «Ռան Օիլը», և՛ «Մեգա Թրեյդը» մտնում են «Սիլ կոնցեռնի» մեջ, աշխատակիցը դրական պատասխան տվեց»,- նշված է հրապարակման մեջ։