00:00:00

Տրանսպորտի վիճակը, պարոնայք, սիրուն չէ, հեչ սիրուն չէ

14:00, 10 մայիս 2018

Երեւանում տրանսպորտի վիճակը վատանում է ոչ թե օրեցօր, այլ ժամ առ ժամ։ Առավոտյան, օրինակ, 7 համարի ավտոբուսին առնվազն 40 րոպե կարող ես սպասել։ Իսկ երբ ավտոբուսը վերջապես գալիս է, հասկանում ես, որ այնտեղ խցկվելը պարզապես անհնարին է։ Սակայն քանի որ նման իրավիճակի հետ հաշտվածներիս համար անհնարին ոչինչ չկա, հրմշտելով ներս ես մտնում եւ անտանելի պայմաններում ընթանում առաջ։ Ասացվածք կա՝ առավոտդ ինչպես սկսես, օրդ այդպես կշարունակվի։ Հենց միայն տրանսպորտի պատճառով, ստացվում է, երեւանցիների մեջ մասը պարզապես չի կարող լավ օր ունենալ։ Ու այս պարագայում միայն ցանկությունդ (անեծքդ չէ, քավ լիցի, միայն ցանկությունդ) այն է, որ ընդամենը մեկ շաբաթ քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու մյուս պատկան մարմինները հասարակական տրանսպորտով գնան աշխատանքի ու հետո՝ տուն։ Թեկուզ թիկնապահների ուղեկցությամբ, որ հանկարծ կանգառներում հասարակ մահկանացուներիս հետ առնչվելու տհաճություն չունենան։ Ոչ, միայն թե գնան կանգառ, կանգնեն մոտավորապես 40 րոպե, մի կերպ խցկվեն ավտոբուս, եւ յուրաքանչյուր կանգառում մարդկանց իջնելու եւ ավտոբուս բարձրանալուն զուգահեռ զգան «ողջ խրախճանքը», որ զգում է երեւանցին ամեն օր՝ հասարակական տրանսպորտում։ Գուցե ասեն՝ տրանսպորտի վիճակի միակ մեղավորը հո քաղաքապետն ու քաղաքապետարանի աշխատակիցները չեն։ Գուցե ասեն՝ մեղավորը գծատերերն են, մեքենաների մեծ մասն անսարք են, «գծում» մեքենաներ քիչ կան, կամ վարորդների օրվա «նալոգը» մեծ է, հաճախ «գիծ դուրս չեն գալիս»։ Շարքային քաղաքացին, սակայն, այդ ամենի մասին պարտավոր չէ մտահոգվել։ Այդ խնդիրները լուծելու համար պատկան մարմիններ կան, նրանց աշխատանքն է այդ հարցերը կարգավորելը։ Շարքային քաղաքացին պետք է ամեն օր արժանապատվորեն երթեւեկի՝ հատկապես, որ դրա դիմաց վճարում է։ Եւ պետք չէ ասել, թե 100 դրամ ուղեվարձը փոքր թիվ է, նվազագույն աշխատավարձն ու թոշակների չափը հաշվի առնելով՝ ամենեւին քիչ չէ։ Մի խումբ երիտասարդներ այս օրերին նախաձեռնել են ակցիաներ քաղաքապետարանի դիմաց, պահանջում են Տարոն Մարգարյանի հրաժարականը։ Այդ երիտասարդներից շատերը տրանսպորտի խնդիրը բարձրացնում են տարիներ շարունակ եւ հիմա էլ ասում են, որ միայն այս խնդիրը տարիներ շարունակ չլուծելը բավական է, որպեսզի քաղաքապետը հրաժարական տա, ավագանին էլ լուծարվի։ Ակցիաները հաջողությամբ կպսակվեն, թե ոչ, այլ հարց է, ժամանակը ցույց կտա։ Սակայն այն, որ «շախմատի ձիու» կարգավիճակում երթեւեկել չի կարելի, փաստ է։ Ի վերջո այդ դիրքում ժամերով մնալը սիրուն չի, պարոնայք, հեչ սիրուն չի։ Ն․ Հարությունյան

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր