00:00:00

Գրիգորյանն ու ՀԲ հայաստանյան գրասենյակի նորանշանակ տնօրենը քննարկել են համատեղ ծրագրերը

23:26, 26 հոկտեմբեր 2021

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլինեուսին և ՀԲ հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Կարոլին Գեգինատ: Հանդիպման սկզբում փոխվարչապետը ողջունելով հյուրերին՝ շնորհավորել է Կարոլին Գեգինատին նշանակման կապակցությամբ և արդյունավետ աշխատանք մաղթել՝ վստահեցնելով, որ ՀՀ կառավարությունը կաջակցի նրան իր կարևոր առաքելության իրականացման ընթացքում: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ՀԲ պաշտոնյաներին ներկայացրել է Կառավարության նոր ծրագրով հաստատված հիմնական նպատակները՝ կարևորելով հատկապես նախանշված բարեփոխումները մարդկային կապիտալի զարգացման, ենթակառուցվածքների զարգացման ու տնտեսության ոլորտներում: Մհեր Գրիգորյանը տնտեսության զարգացման տեսանկյունից ընդգծել է կապիտալի շուկայի զարգացման ուղղությամբ իրականացվելիք քայլերը: ՀԲ տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլինեուսը շնորհավորել է փոխվարչապետին իր պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ և ներկայացրել ՀԲ հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավարին: Կարոլին Գեգինատը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ Համաշխարհային բանկը պատրաստ է աջակցել կառավարությանը` իր նոր ռազմավարության իրականացման գործում` Հայաստանին բերելով համաշխարհային լավագույն փորձը և գիտելիքը: Զրուցակիցները հանդիպման ընթացքում անդրադարձել են համատեղ իրականացվող ծրագրերին և համագործակցության զարգացման հեռանկարներին: Հանրային առողջության պահպանման, համավարակին հակազդման, ինչպես նաև տնտեսության զարգացման տեսանկյունից երկուստեք կարևորվել է պատվաստման գործընթացի իրականացումն ու ակտիվացումը: Փոխվարչապետի առաջարկությամբ՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում կազմակերպել Հայաստանում Համաշխարհային բանկի կողմից իրականացվող ծրագրերի վերաբերյալ ընդլայնված կազմով քննարկում՝ հստակեցնելու համար հետագա անելիքները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր