Վաշինգտոնում տեղակայված «Արդարադատության և մարդու իրավունքների հայկական իրավական կենտրոնը» (ALC) հայտարարել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ ռազմագերիների «հարկադիր անհետացման» վերաբերյալ 16 նոր գործերի ներկայացման մասին։ Տեղեկությունը հայտնում է ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակը։

«Դրանք վերաբերում են թվով 20 անձանց, ովքեր անհետացել են ադրբեջանական գերության մեջ։ ALC-ն, համագործակցելով Երևանում գործող «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի» հետ, հիմնավոր ապացույցներ է ներկայացրել առ այն, որ այդ անձինք կալանավորվել և գերեվարվել են ադրբեջանական ուժերի կողմից 2020 թվականի արցախյան պատերազմի ժամանակ, սակայն Ադրբեջանի կողմից նրանց ներկայիս կարգավիճակի մասին լրացուցիչ տեղեկություններ չեն հրապարակվել։ Միջազգային հումանիտար իրավունքի և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի համաձայն՝ այդ անհետացումներն «հարկադիր անհետացման» միջադեպեր են, և Ադրբեջանը պարտավոր է հետաքննել ու հրապարակել այդ անձանց վերաբերյալ տեղեկությունները:

Միջազգային իրավունքի համաձայն՝ «հարկադիր անհետացումը» պատերազմական շարունակական հանցագործություն է, և որպես այդպիսին՝ այն տևում է այնքան ժամանակ, քանի դեռ զոհի ճակատագրի և գտնվելու վայրի մասին հստակ տեղեկություն չի տրամադրվել։ ALC-ի հարուցված այս նոր գործերը ՄԻԵԴ-ին մղում են պարտադրելու Ադրբեջանին հետաքննել ոչ միայն այդ անձանց անհետացումները, այլև խաղաղ բնակչության վրա Ադրբեջանի համատարած հարձակումների դեպքերը:

Իրավական այս գործողությունների նպատակն է նաև ընդգծել, որ Ադրբեջանը տիրապետում է այդ անձանց մասին տեղեկություններին և մինչ այժմ չի ճանաչել նրանց գերությունը և այդ տեղեկությունները չի փոխանցել զոհերի ընտանիքներին:

«Հայկական իրավական կետնտրոնը» և «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնը» նաև երկու նոր գործ են ներկայացրել Ադրբեջանի կողմից 10 հայ ռազմագերիների սպանության համար՝ համաձայն Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածի: ՄԻԵԴ ներկայացված անհերքելի ապացույցների համաձայն այս 10 հայ զինվորականները ողջ և անվնաս գերի են վերցվել ադրբեջանական ուժերի կողմից։ Այնուամենայնիվ, անազատության մեջ գտնվելու ժամանակ նրանք անմարդկային խոշտանգումների և դաժան սպանության են ենթարկվել։ Հայ 10 ռազմագերիներից 9-ը գերության մեջ սպանվել են ռազմական գործողությունների դադարեցումից և 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հրադադարի մասին հայտարարությունից հետո։

Հայկական իրավական Կենտրոնի ղեկավար Քեն Խաչիկյանը, ՄԻԵԴ ներկայացված նոր գործերի առիթով նշել է․ «Ադրբեջանը միջազգային հանրության կողմից պետք է պատասխանատվության ենթարկվի հայության նկատմամբ շարունակական ագրեսիայի և ռազմական հանցագործությունների համար։ Գերության մեջ գտնվող բոլոր հայերը պետք է ազատ արձակվեն առանց նախապայմանների, հետագա բանակցությունների կամ փոխանակումների։ Հարկադիր անհետացումների և սպանությունների վերաբերյալ այս նոր գործերը ևս մեկ քայլ են ադրբեջանական գերության մեջ գտնվող հայ ռազմագերիների պաշտպանության գործում»։

«Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնը» մանրամասն տեղեկություններ և ապացույցներ է հավաքել և փաստագրել 2020 թվականի սեպտեմբերից մինչև 2021 թվականի մայիս ընկած ժամանակահատվածում ադրբեջանական կողմից գերեվարված հայերի մասին: Այս փաստահավաք աշխատանքի հիման վրա իրավապաշտպան կազմակերպությունների համագործակցության արդյունքում ՄԻԵԴ-ում բազմաթիվ գործեր են հարուցվել։ Կազմակերպությունները շարունակում են հետամուտ լինել Ադրբեջանի գերության մեջ գտնվող բոլոր հայ գերիների և՛ ազատությանը, և՛ իրավունքներին…»

Ամբողջական՝ այստեղ: