Նախորդ տարի աշխարհը նկատելիորեն փոխվեց. Քովիդը դարձավ գլոբալ խնդիր, որի պատճառով բոլորը տուժեցին, չկա մարդ, ով պանդեմիայի պատճառով չի կորցրել ընկերոջ կամ բարեկամի։ Սակայն Հայաստանի համար նախորդ տարին կրկնակի ողբերգություն էր։ Այս մասին «Մտքերի գագաթնաժողովի» բացման իր խոսքում ասաց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։

Նրա խոսքով, երբ համավարակը տարածվում էր, թվում էր, որ մարդիկ պետք է էթիկական վարքագիծ դրսեւորեին։

«Դա ինձ հիշեցրեց Քիփլինգի պատմություններից մեկը ջունգլիների մասին. երբ մեծ վտանգ կար, չկար ջուր, բոլոր կենդանիներիը, նույնսիկ առյուծները, վագրերը, դադարեցին կռվել ու բոլորը միասնական գնացին դեպի ջուրը, դեպի կյանք։ Երբ ամբողջ աշխարհում քովիդ էր, որը համաշխարհային ողբերգություն էր, մեր հարեւանները Քիփլինգի հերոսների նման իրենց չդրսևորեինց, եւ մենք պատերազմ ունեցանք», — ասաց Սարգսյանը:

Նրա խոսքով, Հայաստանում նախորդ տարի կրկնակի ողբերգություն է եղել, մեր  հայրենակիցները զոհվել են ոչ միայն համավարակի պատճառով, այլ նաեւ պատերազմում։ Ընդ որում զոհվել են բազմաթիվ երիտասարդներ։

Նախագահը նաեւ ավելացրեց, որ պանդեմիայով պայմանավորված՝ գագաթնաժողովն անցկացվում է «հիբրիդային» տարբերակով, բանախոսների մի մասը մասնակցում են օնլայն: Նախագահը համոզված է, որ ապագայում նման ձեւաչափով դեռ շատ միջոցառումներ են անցկացվելու

Սարգսյանի խոսքով, այս գագաթնաժողովը նվիրված է երկու թեմաների։ Առաջինը` աշխարհաքաղաքականությունն է, որը փոփոխվում է ամեն օր։

«Աշխարհը շատ արագ է փոփոխվում, կան շատ անորոշություններ, այս աշխարհը միաբեւեռ կամ երկբեւեռ չէ, այն շատ ավելի բարդ է: Եվ մենք փորձում ենք հասկանալ՝ ինչպես ապրել այս նոր գլոբալ, քվանտային աշխարհում», — ասաց նախագահը:

Գագաթնաժողովի առաջին հատվածը, նրա խոսքով, նվիրված է ոչ միայն գլոբալ, այլ նաեւ տարածաշրջանային քաղաքականությանը:

«Վերջին շրջանում, նախորդ տարի Հայաստանում, Հարավային Կովկասում, Կենտրոնական Ասիայում՝ սկսած Աֆղանստանից մինչև այստեղ տեղի ունեցած պատերազմը, տեղի ունեցած իրադարձությունները վերաձեւավորելու են տարածաշրջանային աշխարհաքաղաքականությունը՝ լինի Կովկասում, Կենտրոնական Ասիայում, Եվրասիայում, կամ հնարավոր է համաշխարհային մակարդակով», — ասաց նա:

Գագաթնաժողովի քննարկումների երկրորդ մասը նվիրված է ապագային, թե ինչպես են արհեստական բանականությունը, նոր տեխնոլոգիաները, կենսատեխնոլոգիաները փոխելու կամ արդեն փոխում աշխարհը։

«Արդյոք մենք նկատու՞մ ենք, որ աշխարհը փոխվել է», — հարցրեց նախագահը:

Հայաստանն այս տարի երրորդ անգամ է հյուրընկալել միջազգային հեղինակավոր «Մտքերի գագաթնաժողով»-ը («Summit of Minds»):

Դիլիջանի Կենտրոնական բանկի ուսումնահետազոտական կենտրոնում անցկացված գագաթնաժողովին մասնակցում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նախագահ Արմեն Սարգսյանը:

Գագաթնաժողովի խորագիրն է այս տարի «Գլոբալ փոփոխությունները նոր քվանտային աշխարհում»։