00:00:00

70-80 հազար եվրո` մարմնամարզական գործիքների ամբողջական հավաքածուի համար. Կարեն Գիլոյանը պատմել է մարզադպրոցների գույքային ծրագրի մասին. ArmSport

03:07, 23 հոկտեմբեր 2021 Սպորտ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հաջորդ տարի 400 մլն դրամ կտրամադրի Հայաստանի մարզադպրոցների գույքի ձեռքբերման համար, մասնավորապես, նախատեսվում է մարմնամարզական գործիքների ամբողջական հավաքածու ձեռք բերել: Այս մասին ArmSport-ի հետ զրույցում հայտնել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը. «Հաջորդ տարվա բյուջեի քննարկման ժամանակ կարողացանք արժանանալ Կառավարության բարեհաճ վերաբերմունքին և մեզ 500 մլն դրամ է տրամադրվել գույքային ծրագրի համար: Այս ընթացքում հասցրել եմ այցելել Հայաստանի մարզադպրոցների 80%-ը: Դրանց մեծ մասը շատ վատ, ծանր վիճակում են: Իհարկե, կան նաև շատ լավ, բարեկարգ դպրոցներ, բայց մեծամասամբ կա շենքային նորոգման և գույքի շատ լուրջ խնդիր: Արդեն պայմանավորվել ենք ԿԳՄՍ նախարարի տեղակալ, կրթության ոլորտը համակարգող Ժաննա Անդրեասյանի հետ և այդ 500 մլն-ից 100 մլն-ն  կտրամադրենք հանրակրթական դպրոցների համար գույքի ձեռքբերմանը, իսկ մնացած 400 մլն դրամով գույք ձեռք կբերենք մարզադպրոցների համար: Իմ խորին համոզմամբ, շատ կարևոր կլինի մարմնամարզական գործիքների ամբողջական հավաքածուի ձեռքբերումը: Ինչպես գիտեք, 41-ամյա ընդմիջումից հետո մենք վերջապես այս մարզաձևում մեդալ ունեցանք Օլիմպիական խաղերում: Սա այն մարզաձևն է, որում օլիմպիական 3 չեմպիոն ենք ունեցել՝ Հրանտ Շահինյան, Ալբերտ Ազարյան, Էդուարդ Ազարյան: Աշխարհի ու Եվրոպայի բազմաթիվ չեմպիոններ ենք ունեցել, բայց 41 տարի չունեինք օլիմպիական մեդալ: Ալբերտ Ազարյանի մարզադպրոցի գույքը տեսնելով՝ հասկանում ես, թե ինչ հերոսություն է արել Արթուր Դավթյանը՝ իր մարզիչների հետ միասին: Թե՛ բարոյապես, թե՛ ֆիզիկապես հնացած ու մաշված գործիքներով մարզվելով՝ կարողացել է օլիմպիական մեդալակիր դառնալ:
?
Արդեն պայմանավորվել ենք Հակոբ Սերոբյանի հետ. նա, ինչպես հայտնի է, միջազգային ֆեդերացիայում մրցավարական հանձնաժողովի անդամ է և միջազգային հայտնի ապրանքանիշերի հետ բանակցելու հնարավորություն ունի: Կարծում եմ՝ մոտ 70-80 հազար եվրո արժեքով ամբողջական հավաքածու ձեռք կբերենք, որը հնարավորության կտա այդ հենակետային մարզաձևերից մեկը խթանել ու արդյունքներն էլ ըստ այդմ շատ ավելի տպավորիչ կլինեն»,- նշում է Կարեն Գիլոյանը: ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալի խոսքով, իրենք արդեն դիմել են բոլոր ֆեդերացիաներին, որոնք էլ ներկայացրել են անհրաժեշտ գույքային հայտ. 10-օրյա ժամկետում հայտարարվելու է պայմանական տենդեր. «Հուսամ՝ 2022 թվականի ավարտին մենք արդեն գույքի լավ բազա կունենանք: Սա վերաբերում է օlիմպիական բոլոր մարզաձևերին: Բնականաբար, երբ միջոցը տալիս ես, պետք է արդեն ակնկալիքներ ունենաս: Մենք մեր մեդալների ակնկալիքները կմեծացնենք»:
   

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր