Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Այսօր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ «Իսրայելի հետ հարաբերությունների պատճառով Իրանը չի կարող ընտրել Ադրբեջանը՝ որպես թիրախ, դա այդքան հեշտ չէ…»: Նա ակնարկել է, որ Իրանում բազմաթիվ «ադրբեջանցիներ» են ապրում: «Այդ գործոնը մտածելու տեղիք է տալիս: Ամեն ինչ այդքան հեշտ չէ: Կարծում եմ՝ Իրանի նոր իշխանությունը չի շարունակի կրկնել այդ սխալը…», ասել է Էրդողանը:

Երկար լռությունից հետո պաշտոնական Անկարան ցույց տվեց, որ իրանա–ադրբեջանական լարվածությունը բնավ էլ պատահական չէ, հրահրված է հենց Թուրքիայի և ոչ միայն Թուրքիայի կողմից, ավելին՝ դրա հիմքում ընկած են երկարաժամկետ ռազմավարական ծրագրեր Իրանի և ոչ միայն Իրանի դեմ:

Հիշեցնեմ, որ դեռևս անցյալ տարվա դեկտեմբերին Բաքվի «ռազմական շքերթի» ժամանակ Էրդողանի արտասանած քառատողի միջոցով ակնհայտ տարածքային հավակնություններ էին ներկայացվել ԻԻՀ–ի նկատմամբ: Իրանի արձագանքը չէր ուշացել: Այժմ, ակնհայտ է դառնում, որ այդ քառատողը շատ ավելի վտանգավոր գործընթացի «նախերգանք» էր ընդամենը…»: