00:00:00

Ով, ում հետ է բացառում կոալիցիան․ քաղաքական ուժերը քննարկումների մեջ են

18:38, 21 հոկտեմբեր 2021

Գյումրիում՝ հոկտեմբերի 17-ին անցկացված ՏԻՄ ընտրությունների արդյունքներով անցողիկ շեմը հաղթահարած հինգ քաղաքական ուժերից որեւէ մեկը միանձնյա իշխանություն ձևավորել չի կարողանա։ Սա նշանակում է, որ հանրապետության երկրորդ քաղաքում իշխանությունը կոալիցիոն է լինելու։ Անցողիկ շեմը հաղթահարել են  «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցությունը՝ 9637 ձայն, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 7785 ձայն, «Զարթոնքը»՝ 2793 ձայն, «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ 1489 ձայն և Հայաստանի հանրապետական կուսակցությունը՝ 1333 ձայն։ Հենց այս ուժերն էլ ներկայացված կլինեն Գյումրու ավագանիում։ Իսկ ո՞վ է լինելու Գյումրու հաջորդ քաղաքապետը։ Քաղաքական ուժերն այս առումով հստակեցում չունեն, ավելի շատ սպասում են ընտրությունների արդյունքների վերջնական ամփոփմանն ու մանդատների բաժանմանը, որը տեղի է ունենալու այս կիրակի։ Միմյանց հետ հնարավոր համագործակցության, կոալիցիա կազմելու քննարկումներ չեն իրականացնում։ Այս մասին Irakanum.am-ին փոխանցեցին քաղաքական ուժերից։ Այսպես «Բալասանյան դաշինքի» ավագանու անդամ Սոնա Առաքելյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այս պահին դաշինքում ներթիմային քննարկումներ են ընթանում։ «Այս պահին ներթիմային քննարկումներ են, քանի որ չկա ԿԸՀ-ի վերջնական հրապարակումը, այսինքն արդյունքների վերջնական ներկայացումը, էս պահին ներթիմային քննարկումներ են»,- ասաց Առաքելյանը։ Հարցին, թե ներթիմային քննարկումների ժամանակ անդրադառնում են օրինակ ՔՊ-ի հետ կոալիցիա կազմելու հարցը, Առաքելյանն ասաց, որ այս պահին որեւէ այլ բան ավելացնել չի կարող։ Ըստ նրա՝ ներթիմային քննարկումների ավարտից հետո ամենայն հավանականությամբ քննարկումներ կլինեն նաև թիմից դուրս։ «Զարթոնք» կուսակցության ավագանու թեկնածու Վարդևան Հակոբյանը Irakanum.am-ին փոխանցեց, որ կոնկրետ ինքը հակված է բոլորի հետ համագործակցելու։ «Ես քաղաքական մարդ չեմ, իմ համար չկան բաներ․․ քաղաքի զարգացման, կառուցման համար բոլորի հետ էլ պատրաստ ենք ճիշտ համագործակցելու, խնդիր չունեմ ես»,- ասաց Հակոբյանը։ Դիտարկմանը, թե բոլորի հետ ասելով, նկատի ունե՞ք նաև ՔՊ-ին, Հակոբյանն ասաց, որ ճիշտ կլինի անցողիկ շեմը հաղթահարած առաջին և երկրորդ տեղերը որոշեն, իրենք դեռ մանդատ էլ չեն ստացել։ «Իմ համար ՔՊ, եսիմ ինչ, իմ համար քաղաքապետի ընտրություն է եղել, ես այդպես եմ դիտարկում, ինձանից չէ կախված չէ՞»,- ասաց Հակոբյանը, հավելելով, թե միգուցե «Բալասանյան դաշինքն» ու «Քաղաքացիական պայմանագիրն» իրար հետ կմիանան, ինքն ինչ գործ ունի, հետևաբար այս պահին իր կողմից ճիշտ չի համարում մեկնաբանել։ Հակոբյանի խոսքով՝ կստանան մանդատները, կլինեն առաջարկներ՝ կքննարկեն։ «Ապրելու երկիր» կուսակցության համամասնական ցուցակի առաջին համարը՝ Կարեն Մալխասյանն էլ Irakanum.am-ին փոխանցեց, որ ունեն հստակ որոշում, որեւէ ուժի հետ չեն համագործակցելու։ Իսկ  ՀՀԿ-ի ցուցակը գլխավորող Արտյոմ Ղուկասյանն էլ մեզ փոխանցեց, որ Հանրապետականը հանդես է գալիս արմատական ընդդիմության դիրքերից և բացառում է որեւէ կերպ համագործակցությունը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ։ ՔՊ-ից մեկնաբանություն ստանալ մեզ չհաջողվեց։ Քաղաքապետի թեկնածու, գործող մարզպետ Հովհաննես Հարությունյանը մեր հեռախոսզանգերին չպատասխանեց։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր