Հայաստանի իշխանությունները շարունակում են կեղծ հոգատարություն ցուցաբերել սեփական քաղաքացիների նկատմամբ, բայց իրականում տողատակում նպատակ ունենալով՝ գումար աշխատել։ Ինչպես հայտնի է Հայաստան ժամանող քաղաքացիները, կլինեն ՀՀ, թե այլ երկրի, եթե պատվաստված չեն, օդանավակայանում պարտավոր են կորոնավիրուսի թեստ հանձնել։ Հայրենի կառավարությունը այդ գործընթացը բացատրել է, որպես համավարակի դեմ տարվող պայքար։ Բայց իրականությունը բոլորովին այլ է։ Հայաստան ժամանած քաղաքացիները «Զվարթնոց» օդանավակայանում թեստ հանձնելուց հետո առանց պատասխանն իմանալու լքում են տարածքը, քանի որ պետության խնդիրն իրականում այն չէ, որ պարզեն՝ քաղաքացին վարակված է, թե ոչ։ Թեստի պատասխանը հայտնի է դառնում լավագույն դեպքում միայն հաջորդ օրը, հետևաբար պատասխանատուների համար կարևորը այն հանգամանքն է, որ երկիր մուտք գործելուց անմիջապես յուրաքանչուր քաղաքացի 15 հազար դրամ է վճարում թեստի համար, ու բնավ էլ էական չէ, թե թեստ հանձնելուց հետո՝ օդանավակայանում, և դրանից հետո տվյալ քաղաքացին քանի հոգու հետ է շփվելու։ Իշխանությունն այստեղ անելիք չունի, հոգ չէ, որ հաջորդ, կամ երկու օր անց պարզվելու է, որ օդանավակայանում թեստ հանձնած քաղաքացին օրինակ վարակակիր է եղել, իշխանությունն իր անելիքն արդեն արել է, փողը «քեշ» վերցրել է։
Մահաբեր վարակը դաձել է յուրօրինակ բիզնես, որը ամեն վարկյան նեղ շրջանակների հարստացնում է։ Նույն իրավիճակն է նաև 14 օրյա պարտադիր թեստավորման պարագայում։ Ինչպես հայտնի է, աշխատող քաղաքացիները պարտավոր են կամ պատվաստվել, կամ 14 օրը մեկ քովիդի թեստ հանձնել։ Այստեղ էլ նպատակը փող աշխատելն է, քանի որ թեստավորված քաղաքացիների պատասխանները դարձյալ մի քանի օրվա ընթացքում են հայտնի դառնում։
Կորոնավիրուսի ամենօրյա աճող թվերն իրապես մտահոգիչ են, արձանագրվող մահվան դեպքերն՝ առավել ևս։ Առողջապահության ոլորտի պատասխանատուները այս ամենում իհարկե քաղաքացիներին են մեղադրում, տարրական մեկնաբանություններ հնչեցնում, թե բա տրանսպորտում հակահամաճարակային կանոնները չեն պահպանում, դիմակ չեն դնում, որ կյանքեր փրկեն։ Իսկ որքանո՞վ է Հայաստանում, հայաստանցու կյանքը արժեքավոր օրվա իշխանությունների համար։ Պատասխանն ակնհայտ է, համավարակը շարունակում է խլել մարդկային կյանքեր, դառնալով նեղ շրջանակների հարստացման լավագույն միջոցը։
Բայց պարզվում է միայն թեստավորմամբ գումար աշխատելը կառավարությունը քիչ է համարում, մտածում են՝ չպատվաստված քաղաքացիների բուժումը վճարովի դարձնել։ Արժեք էլ են սահմանել՝ մինչև 800 հազար դրամ։
Irakanum.am