00:00:00

ՀՀ կառավարությունը շահագրգռված է նոր խթան հաղորդելու Հայաստան-Իտալիա հարաբերություններին

14:07, 07 հոկտեմբեր 2021

Հայաստանի արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը հոկտեմբերի վեցին Հռոմում հանդիպել է Իտալիայի արդարադատության նախարար Մարտա Կարտաբիայի հետ: ՀՀ արդարադատության նախարարության լրատվական բաժնից հայտնում են, որ նախարար Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել հանդիպման հնարավորության համար և ընդգծել, որ Հայաստանի կառավարությունը շահագրգռված է նոր խթան հաղորդելու Հայաստան-Իտալիա հարաբերություններին: Շեշտելով, որ արդարադատության բարեփոխումները Հայաստանի կառավարության օրակարգի ամենակարևոր ուղղություններից են՝ Կարեն Անդրեասյանն իտալացի գործընկերոջը ներկայացրել է վերջին երեք տարիների ընթացքում այդ ոլորտում իրականացված աշխատանքները, ինչպես նաև անդրադարձել Հայաստանի հակակոռուպցիոն օրակարգին, մարդու իրավունքների պաշտպանությանը, ոստիկանության, քրեակատարողական համակարգի և այլ ոլորտների բարեփոխումներին: Կարեն Անդրեասյանը Մարտա Կարտաբիայի հետ զրույցում շեշտել է, որ Հայաստանի կառավարությանը հաջողվել է ստեղծել նոր և թափանցիկ ինստիտուտներ՝ միջազգային, այդ թվում` եվրոպական գործընկերների աջակցությամբ։ Այդ համատեքստում, նախարարն իր երախտագիտությունն է հայտնել Իտալիային «Հայաստանում հակակոռուպցիոն բարեփոխումների ամրապնդում» ծրագրի ներդրման համար, որով ԵԱՀԿ-ն օգնում է ՀՀ կառավարությանը ստեղծել Հակակոռուպցիոն կոմիտե։ Հիշեցնենք, որ Ծրագրի հիմնական դոնոր պետությունը Իտալիայի Հանրապետությունն է: Հայաստանի արդարադատության նախարարը Մարտա Կարտաբիային Հայաստան այցելելու հրավեր է արել։ Հանդիպմանը հաջորդել է երկու երկրների Արդարադատության ակադեմիաների միջև համագործակցության խորացմանը նպաստող հուշագրի ստորագրման արարողությունը։ Փաստաթուղթը ստորագրել են Հայաստանի արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը և Իտալիայի արդարադության ինստիտուտի նախագահ Ջորջիո Լատանցին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր