00:00:00

Կրկնվող էկոլոգիական աղետ Որոտան գետում, ձկները սատկում են (ֆոտո)

14:29, 08 մայիս 2018

2018թ-ի գարնանը Որոտան գետում ձկների անկում է գրանցվել տիղմով խռիկների խցանման արդյունքում: Ջրի մեծ ծավալը լվացել է հողի շերտեր եւ հնարավոր կենցաղային աղբ՝ պղտորելով ու ցեխաջրի վերածելով Որոտանով հոսող ջուրը, հաղորդում է «ԷկոԼուրը»: Ըստ տեղի բնակիչների` Սյունիքի մարզի Բռնակոթ համայնքում Զարդով ջրամբարի ավելցուկային կետի ջրարգելակի փլուզում է տեղի ունեցել: Ջրամբարը գտնվում է ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի Սյունիքի մարզային ջրօգտագործման վարչության ենթակայության տակ: Ձկների մեծ կորուստ է գրանցվել նաեւ Շաքի ջրվեժից ներքեւ կառուցված «Մին-Հով» ՍՊԸ-ի ձկնաբուծարանում, որն օգտվում է Որոտան գետի ջրից: Աղտոտված ջուրը, լցվելով ավազաններ, խցանել է այնտեղ բնակվող ձկների խռիկները՝ շնչահեղձության հասցնելով նրանց: Այդ ձկներն են գեղարքունին, ծիածանախայտը, կարմրախայտը: ԷկոԼուրի հետ զրույցում «Մին-Հով» ձկնաբուծական ընկերության աշխատակիցները հայտնեցին, որ այս աղետը տեղի է ունեցել նաեւ 2017թ-ին: Բնապահպանական աղետի համար պատասխանատուներ չեն հայտնաբերվել: «Մին-Հով» ընկերությունը 2017թ-ին դիմել է ոստիկանություն` նշելով. «…ջրամբարի ավելացված ջրի բաց թողնման հողային շերտով ամրացված մետաղյա ջրարգելակը /շլյուզ/ ամբողջովին քանդվել է, եւ մոտ 2.75 մ լայնությամբ ու 1.25մ խորությամբ հատուկ կառուցված բետոնե ջրանցախուցային տարածքով մեծ քանակությամբ եւ արագությամբ ջուրը հոսել է սարն ի վար, լցվել Որոտան գետը: Ջրամբարի տարածքը եւ հողապատնեշով ամրացված մետաղյա շարժական թիթեղյա շլյուզի փլուզման հատվածի ուսումնասիրությունները թույլ են տալիս եզրակացնել, որ ոչ վաղ անցյալում տվյալ տեղամասում Ջրպետկոմի աշխատակիցների կողմից տեղի է ունեցել շլյուզի տեղակայման փոփոխություն, այսինքն, կատարվել են շլյուզի բարձրացման աշխատանքներ: Տեղի ունեցած աղետը վկայում է, որ շլյուզի բարձրացման փոփոխությունը սխալ ինժեներական հաշվարկների արդյունք է: Շլյուզի բարձրացման հետեւանքով ջրի ծավալն ավելացել է եւ բետոնե պատնեշի /պլատինայի/ ողջ երկայնքով դուրս է թափվել ջրամբարից: Երբ քանդվել է մետաղյա շլյուզը, ջուրը ջրանցքխուցային տարածքով սկսել է սրընթաց հոսել սարն ի վար…»: Բողոքում նաեւ նշված է, որ փաստերը հիմնավորվում են ինչպես Ջրպետկոմի Սիսյանի ջրօգտագործման ընկերության ղեկավարության կողմից դեպքից ոչ շատ առաջ, դեպքի օրն ու դեպքից հետո կատարված լուսանկարներով, այնպես էլ ջրամբարի հարեւանությամբ գտնվող Բռնակոթ համայնքի անասնաֆերմայի աշխատողների կողմից տրված բացատրություններով: «…գտնում ենք, որ տեղի է ունեցել ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներ պարունակող հանցավոր արարք (պաշտոնեական անփութություն), որն անզգուշությամբ առաջացրել է էկոլոգիական աղետ, իսկ մեր ընտանիքին խոշոր նյութական վնաս է պատճառվել»,- նշված է բողոքում: Բողոքի հիման վրա հարուցվել է քրեական գործ, սակայն մեղավորները չեն բացահայտվել: «Սյունիք» ՋՕԸ-ն նշել է, որ ինքը շլյուզի բարձրացման աշխատանքներ չի իրականացրել: Քննչական մարմինը չի հայտնաբերել շլյուզի բարձրացման աշխատանքներ իրականացնողին: ՀՀ Սյունիք մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժինը որոշել է կարճել քրեական գործը հանցակազմի բացակայության հիմքով: Ըստ ձկնաբան Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի պրոֆեսոր Սամվել Պիպոյանի` Որոտան գետի այդ տեղամասում բնակվում են կարմրախայտը, Կուրի բեղաձուկը, կողակը, արեւելյան տառեխիկը, արծաթափայլ կարասը: «Հաշվի առնելով, որ ջրի որակի, հատկապես թթվածնի քանակի նկատմամբ առավել պահանջկոտ են կարմրախայտը, հետո՝ կողակը, ավելի պակաս՝ Կուրի բեղաձուկը եւ արեւելյան տառեխիկը, կարելի է ենթադրել, որ առաջին հերթին առավել խոցելի վիճակում են հայտնվել կարմրախայտը եւ կողակը, առավել արժեքավոր տեսակները»,- ասաց Սամվել Պիպոյանը: Ըստ շրջանառվող վարկածի` Զարդով ջրամբարի շլյուզի բարձրացման նպատակն է եղել ջրամբարի ավելցուկային ջրերն ուղղել Բռնակոթ եւ Շաղատ համայնքների տարածքում գործող փոքր ՀԷԿ-երի շահագործման համար: Չի բացառվում նաեւ, որ Որոտան գետի ջրերի աղտոտումը կարող է լինել հունի վրա շինարարակական այլ աշխատանքների կատարման արդյունքում: Այս կապակցությամբ ԷկոԼուրը Որոտան գետում երկու տարի անընդմեջ կրկնվող էկոլոգիական աղետի վերաբերյալ ահազանգն ուղղում է ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմին, որպեսզի տեսչությունը պարզի, թե ինչ հանգամանքների եւ գործունեության պատճառով է տեղի ունենում հողի լվացում, Որոտան գետի աղտոտում եւ ձկնապաշարների անկում, ստուգումներ անցկացվեն Զարդով ջրամբարի շլյուզի բարձրացման վայրում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր