00:00:00

Արցախյան շարժման 30-ամյակին նվիրված միջոցառում Սիրիայում ՀՀ դեսպանությունում

00:00, 08 մայիս 2018 Մշակույթ

Մայիսի 6-ին Սիրիայում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ Արցախյան շարժման հոբելյանին նվիրված միջոցառում, որին ներկա էին Դամասկոսի Հայոց թեմի առաջնորդ Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը, ՍԱՀ խորհրդարանի պատգամավոր Նորա Արիսյանը, Սիրիայում գործող միջազգային կազմակերպությունների պաշտոնյաներ, դամասկահայ միությունների անդամներ և այլն: Միջոցառման մեկնարկին ցուցադրվեց Սիրիայում ՀՀ դեսպանության կողմից պատրաստված կարճամետրաժ ֆիլմը, որում համառոտ ներկայացված է Արցախյան շարժումը՝ 1988թ.-ից մինչև մեր օրերը: Ֆիլմում անդրադարձ է կատարվում նաև Ադրբեջանում հայերի դեմ բռնաճնշումներին, ինչպես նաև Սումգայիթում, Բաքվում, Մարաղայում և այլուր ադրբեջանական իշխանությունների կողմից սանձազերծված և կազմակերպված ջարդերին: Ֆիլմի եզրափակիչ հատվածը պատմում է 2016թ.-ի ապրիլյան պատերազմի օրերին հայ զինվորների գործած սխրանքների մասին: Ֆիլմի ցուցադրությունից հետո տեղի ունեցավ Սիրիայում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանի դասախոսությունը «Արցախյան շարժման 30-ամյակ. Հաղթանակներ, չլուծված խնդիրներ, կարգավորման սպասելիքներ» խորագրով: Դեսպան Փոլադյանն ունկնդիրներին հանգամանալից ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի պատմությունը և անկախության համար Արցախի ժողովրդի մղած պայքարը: Նա անդրադարձ կատարեց Ռուսաստանի կոմկուսի կովկասյան բյուրոյի կողմից Արցախի՝ 1921թ.-ի հուլիսի 5-ի ուխտադրուժ և ապօրինի կերպով բռնակցումը Ադրբեջանին՝ նշելով, որ այդ անարդար որոշումից սկսվեցին արցախահայության տառապանքները: Ապա ՀՀ դեսպանը մանրամասն խոսեց խորհրդային շրջանում Ադրբեջանի ԽՍՀ իշխանությունների կողմից Արցախի և Նախիջևանի հայաթափության հետևողական քաղաքականության մասին, որի արդյունքում Նախիջևանը գրեթե ամբողջությամբ հայաթափվեց, իսկ Արցախում հայերի թիվը կտրուկ նվազեց: Այնուհետև, դեսպանը ներկայացրեց Արցախցի ժողովրդի մաքառումներն իր պատմական իրավունքի և արդարության վերականգնման համար: Եզրափակելով դասախոսությունը՝ Արշակ Փոլադյանն անդրադարձ կատարեց ղարաբաղյան հիմնախնդրի լուծմանն ուղված Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ջանքերին՝ նշելով, որ ՀՀ առաջնահեթությունն է խնդրի խաղաղ կարգավորումը միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների, մասնավորապես, ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքի կիրառմամբ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր