Լրագրողները ԱԱԾ նախկին տնօրեն, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանից հետաքրքրվել են, թե ինչ զարգացումներ կան՝ Նիկոլ Փաշինյանի դեմ մահափորձի գործով։
Հիշեցնենք, որ պետական պաշտոնատար անձի նկատմամբ մահափորձի նախապատրաստման գործի շրջանակում որպես մեղադրյալ էր ներգրավվել նաև Արթուր Վանեցյանը։
«Նոյեմբերի 9-ից հետո ինձ ձերբակալեցին, դիմեցին դատարան՝ կալանավորելու միջնորդությամբ, բայց դատարանը չբավարարեց՝ հիմնավոր կասկածի բացակայության պատճառով։ Այսինքն՝ ես հնչեցված մեղադրանքների հետ որևէ առնչություն չունեմ։ Գործը հարուցված է, ես երկու քրեական գործերով ունեմ մեղադրյալի կարգավիճակ, բայց արդեն անցել է 7-8 ամիս, և որևէ անգամ որևէ քննչական գործողության ինձ չեն հրավիրել», - ասաց Վանեցյանը։