00:00:00

Արժանապատվությունը, իրավունքները խախտող պայմաններ Շիրակի և Արագածոտնի դատարանների՝ ազատությունից զրկվածներին պահելու խցերում. ՄԻՊ

23:39, 02 օգոստոս 2021

Խիստ անբավարար պայմաններ են առկա Շիրակի դատարանի Գյումրու նստավայրում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը: Արժանապատվությունը, իրավունքները խախտող պայմաններ Շիրակի և Արագածոտնի դատարանների ազատությունից զրկվածներին պահելու խցերում. «Նշված դատարանների ազատությունից զրկվածներին ժամանակավոր պահելու վայրեր ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի (NPM) 2021թ. հուլիսի 23-ի չհայտարարված այցով վեր են հանվել հետևյալ հիմնական խնդիրները՝ կապված միայն պահման պայմանների հետ. • Խիստ անբավարար պայմաններ են առկա Շիրակի դատարանի Գյումրու նստավայրում: Խցերը, որոնք նախատեսված են ազատությունից զրկված անձանց պահելու համար, գտնվում են դատարանի շենքի նկուղային հարկում, որտեղ բնական լուսաթափանցելիությունն անբավարար է, իսկ խցերի ներսում արհեստական (էլեկտրական) լուսավորություն առկա չէ, առհասարակ: Խցերում որպես պատուհան են ծառայում բետոնե ծածկույթով փոսանման բացվածքներ, որոնք կահավորված են ճաղավանդակներով և չունեն ապակե ծածկեր: Սա անթույլատրելի է՝ հատկապես հաշվի առնելով ցուրտ եղանակային պայմաններում խցերում պատշաճ ջերմային ռեժիմի ապահովման տեսանկյունից: Այցի ընթացքում Գյումրու նստավայրի խցերում բարձր է եղել նաև խոնավության աստիճանը, հատակին եղել են ջրի կուտակումներ: Առկա է վերանորոգման հրատապ անհրաժեշտություն՝ հաշվի առնելով նաև, որ առկա չէ օդափոխման համակարգ, ժամանակավոր պայման վայրի հատակը բետոնածածկ է, իսկ խցերի պատերի ծափամածիկները թափված են, տեսանելի են ճաքեր: • Բոլոր նստավայրերում խցերի սանհանգույցները խցի բնակելի հատվածից առանձնացված չեն ամբողջական պատով և չունեն դռներ: Ըստ պաշտոնական պարզաբանումների՝ խցերում կարող է պահվել մեկից ավելի անձ, ինչը նշանակում է, որ այս վիճակը հատկապես է անընդունելի նախևառաջ մարդու նկատմամբ արժանապատիվ վերաբերմունքի ու նրա մասնավոր կյանքի անձեռնմխելիության տեսանկյունից: Անընդունելի է նաև, որ բոլոր սանհանգույցներն ասիական տիպի են: Աշտարակի նստավայրում առկա է երկու խուց, որոնց դռերն ամբողջությամբ բաց ճաղերով են, իսկ այդ խցերի ներսում սանհանգույցներն ունեն այնպիսի տեղակայում, որ ակնհայտ դիտարկվում են խցի դրսից՝ միջանցքից: Սա խախտում է մարդու նկատմամբ արժանապատիվ վերաբերմունքի ու նրա մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքը: Դատարանների խցերի սանհանգույցների հետ կապված այս անընդունելի վիճակն ունի համակարգային բնույթ, այն արձանագրվել է այլ դատարանների (օրինակ՝ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Հրազդանի և Աբովյանի նստավայրեր) հետ կապված նույնպես և արտացոլվել Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցներում: • Աշտարակի նստավայրի խցերից մեկը չունի պատուհան, որի պատճառով խուցը չունի բնական լուսավորություն, ինչպես նաև չի ապահովվում պատշաճ օդափոխություն՝ նստավայրում օդափոխման համակարգի բացակայության պատճառով: • Աշտարակի նստավայրի երկու խցերից մեկում բացակայում է լվացարանը, իսկ Գյումրու և Ապարանի նստավայրերի մեկական խցերում առկա են լվացարաններ, բայց չկան ջրի ծորակներ: Գյումրու նստավայրի խցերից մեկում լվացարանի խողովակի փոխարեն տեղադրված է պլաստմասե շիշ: • Խցերում բացակայում են հիգիենիկ պարագաները, մասնավորապես՝ ուսումնասիրված խցերում առկա չի եղել օճառ, իսկ սանիտարական թուղթ առկա է եղել միայն Ապարանի նստավայրում: • Մարալիկի նստավայրի բոլոր երեք խցերը, ինչպես նաև Գյումրու նստավայրի չորս խցերից երկուսը կահավորված չեն նստարաններով և դրանցում, առհասարակ, որևէ տեսակի կահավորում առկա չէ: • Նստավայրերի որևէ խցում առկա չի եղել ազատությունից զրկվածների համար սննդի ընդունման համար անհրաժեշտ պայմաններ: • Դատարանների խցերը և խցերի սանհանգույցները հարմարեցված չեն տեղաշարժման խնդիրներ ունեցող անձանց կարիքներին: Սրան գումարվում է նաև այն, որ քանի որ դատարանի շենքերը նույնպես հարմարեցված չեն տեղաշարժման խնդիրներ ունեցողների համար, ապա խցերից դատական նիստերի դահլիճ տեղափոխումը մարդու իրավունքների, արժանապատվության տեսանկյունից անընդունելի է: Մարալիկի և Ապարանի նստավայրերի խցերի պայմաններն առավել բարեկարգ են, իսկ դրանց սանիտարահիգիենիկ վիճակն ու լուսաթափանցելիությունը բավարար են: Նշված խնդիրներն արձանագրվել են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի գործառույթներ իրականացնող ստորաբաժանման և փորձագետների 2021թ. հուլիսի 23-ին չհայտարարված այցերի ընթացքում Շիրակի և Արագածոտնի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններ: Այցերի ընթացքում ստուգվել են նշված դատարանների Գյումրու, Մարալիկի, Աշտարակի, Ապարանի նստավայրերի ազատությունից զրկված անձանց ժամանակավոր պահման խցերի պայմանները, ինչպես նաև տեղի են ունեցել առանձնազրույցներ դատարանների աշխատակազմերի և դատական կարգադրիչների հետ: Դատարանների խցերի հետ կապակցված խնդիրներից է նաև դատապարտյալներին դատարան տեղափոխումը, ուղեկցումը և պահպանությունն իրականացնող պատասխանատու պետական մարմնի հարցը, որն ունի համակարգային բնույթ և մշտապես պարբերական քննարկման առարկա է Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցներում՝ համապատասխան առաջարկներով: Ներկայում նշված այցերի արդյունքները գտնվում են ամփոփման փուլում, որոնք համապատասխան առաջարկներով կներկայացվեն իրավասու պետական մարմիններին: Սույն հաղորդմամբ հրապարակվում են Շիրակի մարզի գյումրու, Արագածոտնի մարզի Աշտարակի և Ապարանի նստավայրերի մի շարք լուսանկարներ»,- գրել է Թաթոյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր