Այս մասին «Արցախպրես»-ի թղթակիցը զրուցել է Կարեն Կարապետյանի հետ:
«Բիզնես-նախաձեռնության գաղափար վաղուց ունեի, սակայն այլ ոլորտում։ Ունենալով մեծ հետաքրքրություն և հմտություններ IT ոլորտում՝ միտք ծագեց ուժերս փորձել այդ ուղղությամբ։ Գաղափարս, անկասկած, կյանքի կկոչվեր, եթե վրա չհասներ չարաբաստիկ պատերազմը: Պատերազմ, որը փոխեց ամեն ինչ ու ամենքիս, փոխվեցին կյանքի հունը, պատկերացումները ապագայի վերաբերյալ և նպատակները: Պատերազմից հետո բոլորիս մոտ մի նպատակ կար՝ անել հնարավորը վիրավոր Արցախն և արցախցուն ոտքի կանգնեցնելու համար։ Հենց այդ ժամանակ էլ ես ու ընկերս՝ Հրայրը, որոշեցինք մեր ուրույն ներդրումն ունենալ Արցախի վերականգնման գործում: Դեռ պատերազմի ընթացքում, երբ Հրայրը մասնակցում էր խաղաղ բնակչության տարհանման կազմակերպմանը՝ պարբերաբար այցելելով Ստեփանակերտ, հասցրեց նկատել մայրաքաղաքի հմայքն ու գեղեցկությունը, արցախցու անկոտրում կամքն ու տոկունությունը և հստակ որոշեց ջանք ու եռանդ չխնայել պատերազմից հետո Արցախը վերականգնելու հարցում: Պատերազմից անմիջապես հետո սկսեցինք մտածել՝ ինչպե՞ս կարող ենք մեր ավանդն ունենալ վիրավոր Արցախի տնտեսության վերակառուցման գործում: Չէ՞ որ հզոր պետության գրավականը զարգացած տնտեսությունն է, իսկ տնտեսության զարգացման գործում կարևոր դեր է խաղում մարդկային գործոնը: Եթե ցանկանում ենք զարկ տալ տնտեսությանը, ապա մարդկանց համար պետք է ապահովել հաճելի միջավայր՝ ստեղծագործելու և արարելու համար: Անցանք այդպիսի գաղափարի իրագործմանը։ Վերցրեցինք Coffee to Go ուղղությունը և փորձում ենք Արցախում ստանալ միջազգային ստանդարտներին համապատասխան, դրական էմոցիաներով լի և մարդկանց տրամադրության և կյանքի որակի վրա թեկուզ փոքր, բայց դրական ազդեցություն ունեցող բիզնես։ Արդյունքում, մենք ունենք մեր առաջին սրճարանը Ստեփանակերտի՝ Վազգեն Սարգսյան 22 հասցեում»,- ասաց Կ. Կարապետյանը: Մեր զրուցակցի խոսքով՝ ծրագրի իրագործման ճանապարհին դժվարություններ կային, բայց պետք էր անպայման հասնել նպատակին:
«Իհարկե, դժվարություններ եղել են։ Սկսած՝ բիզնեսի նպատակահարմար տեղանքի ընտրությունից ու դրա շուրջ ծավալված բազմակողմանի բանակցություններից, մինչև մատակարարների հետ հարաբերությունների ստեղծում ու աշխատակիցների ներգրավում։ Սակայն, մենք այդ ամենը համարում ենք հերթական դժվարություններ, բայց ոչ՝ խոչընդոտներ»,- հավելեց նա:
Կ. Կարապետյանի հավաստմամբ՝ հասարակությանը գոհացնելու համար անհրաժեշտ է ապահովել ինչպես արտադրանքի որակը, այնպես էլ՝ արտաքին տեսքը:
«Մեզ համար կարևոր է մեր արտադրանքի որակը, նույնքան կարևոր է նաև դրա արտաքին տեսքն ու շրջապատող էներգիան։ Շատ ենք կարևորում նաև մեր գործունեության հասցեների առանձնահատուկ, գեղեցիկ արտաքին տեսքն ու աշխատակիցների հյուրընկալության մոդելը։ Այդ մասին կարող է վկայել Ստեփանակերտի մեր առաջին մասնաճյուղի հարակից տարածքի գեղեցկությունն ու կոկիկությունը»,- ընդգծեց նա:
«Մենք փորձում ենք զարգացնել Coffee to Go ոլորտը, և հետևաբար մեր բոլոր ըմպելիքները մատուցվում են Take Away բաժակներով։ Մեր արտադրանքի հիմնական բաղադրիչը Էսպրեսսոյի հիմքով ըմպելիքներն են,որը ստանում ենք ինքնատիպ սուրճերի խառնուրդից։
Այս պահին առկա է 3 խառնուրդ, որոնք տարբերվում են մեկը մյուսից: Ունենք՝ արտահայտիչ բույրով, դառնահամ՝ սթափեցնող էֆեկտով, թույլ բովվածությամբ, մի քանի տեսակի պրեմիում դասի սուրճերի խառնուրդով և վանիլի ու ընկույզի համ ու հաճելի դառնություն պարունակող սուրճեր։ Մեր արտադրատեսակները վաճառվում են ինչպես բաժակներով՝ տեղում համտեսելու համար, այնպես էլ՝ 200, 500 և 1000 գրամանոց փաթեթներով։
Հաճախորդները The Coff-ում կարող են վայելել նաև անուշաբույր կարկանդակներ, զովացուցիչ լիմոնադներ և թարմ մրգերից պատրաստված smoothie-ներ»,-նշեց Կարեն Կարապետյանը։