00:00:00

Երևանի քաղաքապետարանի ենթակայության երաժշտական և արվեստի դպրոցներն ապահովվել են երաժշտական նոր գործիքներով

21:05, 05 մայիս 2018

Քաղաքապետարանի ճեմասրահում կազմակերպվել է Երևանի քաղաքապետարանի ենթակայության երաժշտական և արվեստի դպրոցներին երաժշտական նոր գործիքներ հանձնելու հանդիսավոր արարողությունը, որին ներկա է գտնվել քաղաքապետ Տարոն Մարգարյանը։ Ողջույնի խոսքում առանձնակի կարևորելով մայրաքաղաքի մշակութային օջախների պայմանների բարելավմանն ուղղված աշխատանքները՝ քաղաքապետը վստահեցրել է, որ վերջին տարիներին հետևողականորեն կյանքի կոչվող բոլոր ծրագրերը լինելու են շարունակական: «Երևանի քաղաքապետարանի ենթակայության երաժշտական ու արվեստի դպրոցներին երաժշտական նոր գործիքների տրամադրումն արդեն հաճելի ավանդույթ է դարձել: Վերջին տարիներին ձեր աչքի առաջ մենք կարողացանք վերանորոգել նաև համայնքային բոլոր մշակութային օջախներն ու հարմարավետ պայմաններ ապահովել թե՛ մեր մանկավարժների, և թե՛ մեր աշակերտների համար: Վստահեցնում եմ, որ երաժշտական գործքիների տրամադրման մեր այս ծրագիրը լինելու է շարունակական և առաջիկայում աշխատանքներ ենք տանելու նաև երաժշտական գրականության թարմացման ուղղությամբ: Նախորդ տարիների համեմատ մենք կրկնապատկել են երաժշտական գործիքների քանակը, և համոզված եմ, որ դրա շնորհիվ մեր երեխաները կշարունակեն ստանալ լիարժեք կրթություն՝ հայաստանյան ու միջազգային մրցույթներում և փառատոններում բարձր պահելով մեր երկրի ու քաղաքամայր Երևանի պատիվը», - ընդգծել է քաղաքապետը: Հարկ է նշել, որ մայրաքաղաքի երաժշտական կրթօջախներին 2016թ. հանձնվել է 15 անուն 154 երաժշտական գործիք, 2017թ.՝ 23 անուն 173 երաժշտական գործիք և 2018թ.՝ 31 անուն 243 երաժշտական գործիք: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը կարևորել է նաև Երևանի ավագանու մշակույթի ոլորտի ներկայացուցիչների ավանդը՝ արվեստի դպրոցներին առնչվող նախաձեռնություններում և որպես գնահատանքի դրսևորում, հանդիսավոր արարողության ժամանակ, «Երևան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ, Երևանի հիմնադրման 2800-ամյակի և ծննդյան 80-ամյակի առթիվ Երևանի մշակութային կյանքում ներդրած նշանակալի ավանդի համար կոմպոզիտոր, Երևան քաղաքի ավագանու անդամ, Երևանի պատվավոր քաղաքացի, ՀՀ ժողովրդական արտիստ Մարտին Վարդազարյանին պարգևատրել է Երևանի 2800-ամյակի հուշամեդալով: «Երևան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ Երևանի հիմնադրման 2800-ամյակի առթիվ, Երևան քաղաքի ավագանու աշխատանքներին ակտիվ մասնակցություն ցուցաբերելու և բեղմնավոր ու արդյունավետ գործունեության համար Երևանի 2800-ամյակի հուշամեդալով են պարգևատրվել նաև կոմպոզիտոր, դիրիժոր, Երևանի ավագանու անդամ, Երևանի պատվավոր քաղաքացի, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Երզնկյանը և Երևանի ավագանու անդամ, երաժշտագետ Աննա Ասատրյանը: Շնորհակալություն հայտնելով մշակութային օջախների նկատմամբ ցուցաբերվող մշտական հոգածության ու հետևողական վերաբերմունքի համար՝ երաժշտական և արվեստի դպորցների տնօրեններն էլ իրենց հերթին նկատել են, որ տասնամյակներ շարունակ են սպասել հարմարավետ պայմաններ և նոր երաժշտական գործիքներ ունենալուն, որն արդեն իրողություն է:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր