00:00:00

Աշխարհի գավաթ․ Շանթ Սարգսյանը դուրս մնաց պայքարից

23:45, 17 հուլիս 2021 Սպորտ

Սոչիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանի ներկայացուցիչ Շանթ Սարգսյանը 1/64 եզրափակիչում չկարողացավ հաղթահարել ադրբեջանցի Նիջաթ Աբասովի արգելքը։ Առաջին երկու դասական պարտիաներում ոչ ոքի խաղալուց հետո թայ-բրեյքի արագ խաղի երկու պարտիայում Սարգսյանը տանուլ տվեց 0,5։1,5 հաշվով։ Տղամարդկանց մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչներից պայքարը շարունակում է միայն Հայկ Մ․ Մարտիրոսյանը, որը 1/64 եզրափակիչում պայքարից դուրս էր թողել թուրք Յիլմազ Մուստաֆային՝ 1,5։0,5։ Նրա հաջորդ մրցակիցը կլինի ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովը։ Գաբրիել Սարգսյանը հնդիկ Պրագնանադհա Ռ–ի հետ պայքարում երկու դասական պարտիաներն էլ տանուլ էր տվել՝ 0։2։ Հովհաննես Գաբուզյանը Եգիպտոսի ներկայացուցիչ Բասեմ Ամինին պարտվել էր 0,5։1,5 հաշվով։ Լեւոն Արոնյանը բարձր ջերմության եւ տոնզիլիտի հետեւանքով հրաժարվեց մասնակցությունից։ Նա ազատ էր առաջին շրջանում եւ պետք է պայքարը սկսեր 1/64 եզրափակիչից, սակայն չկարողացավ ներկայանալ ավստրալացի Բոբի Չենգի հետ մրցամարտին։ Աշխարհի գավաթի խաղարկությունը վերջին մրցաշարն էր, որտեղ Լեւոն Արոնյանը պետք է ներկայացներ Հայաստանը։ Օգոստոսից նա կսկսի ԱՄՆ–ի մարզական քաղաքացիություն ստանալու գործընթացը։ Աշխարհի գավաթի խաղարկությունն (նոկաուտ մրցակարգ) անցկացվում է 2005 թվականից՝ երկու տարին մեկ։ Տիտղոսը երկու անգամ նվաճել է Լեւոն Արոնյանը (2005, 2017), մեկական անգամ՝ ամերիկացի Գատա Կամսկին, իսրայելցի Բորիս Գելֆանդը, ռուսաստանցիներ Պետր Սվիդլերը, Վլադիմիր Կրամնիկը, Սերգեյ Կարյակինը եւ ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովը։ Կանանց մրցաշարում Հայաստանի միակ ներկայացուցիչ էլինա Դանիելյանը դուրս է եկել 1/16 եզրափակիչ՝ 2։0 հաշվով պարտության մատնելով ռումինացի Իրինա Բուլմագային։ Նրա հաջորդ մրցակիցը կլինի Ղազախստանի ներկայացուցիչ Դինարա Սադուակասովան, որը 2։0 հաշվով պարտության է մատնել ամերիկացի Ջենիֆեր Յուին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր