00:00:00

Ցանկացած լավ բան մի օր ավարտվում է․ Արսեն Ջուլֆալակյանը հեռանում է սպորտից

15:13, 12 հուլիս 2021 Սպորտ

«Պաշտոնապես հայտարարում եմ մարզիկի պրոֆեսիոնալ կարիերայիս ավարտի մասին»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ըմբշամարտի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, աշխարհի գավաթակիր, օլիմպիական փոխչեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը՝ նշելով, որ ցանկացած լավ բան մի օր ավարտվում է: Մարզիկի գրառումը ներկայացնում ենք ստորև. «Երջանիկ եմ, որ հնարավորություն եմ ունեցել բարձր պահել Հայաստանի Հանրապետության պատիվը համաշխարհային ամենահեղինակավոր մրցաշարերում, հնչեցնել հայոց հիմնը և պարգևել ուրախության և հաղթանակի ակնթարթներ հազարավոր մեր հայրենակիցներին աշխարհով մեկ: Այդ զգացումն ուղղակի անկրկնելի է: Իրականում շատ երկար կարելի է արտահայտվել, բայց կբավարարվեմ միայն շնորհակալական խոսքով, իսկ ավելի ծավալուն կխոսեմ մամլո ասուլիսի և հարցազրույցների ձևաչափով: Առաջին հերթին շնորհակալ եմ ընտանիքիս և այն մարզիչներիս, ովքեր անշահախնդիր և իրապես նվիրվեցին այս ծանր գործին: Ձեր շնորհիվ միայն հնարավոր եղան այս մեծ նվաճումները: Շնորհակալ եմ ընկերներիս, ովքեր անկախ իրավիճակից, երբեք չլքեցին ինձ: Իհարկե, այդ շրջանակը լրջագույն ֆիլտրացիայի ենթարկվեց: Շնորհակալ եմ գերմանական KSV Aalen 05 և ֆրանսիական C.P. Besançon ակումբներին, որոնցում ընդհանուր առմամբ 9 տարի հանդես եկա: Թերագնահատել նրանց ներդրումը հաղթանակներիս և կայացմանս մեջ ուղղակի անհնար է: Եվ որ էլ ավելի կարևոր է, ձևավորվեցին շատ ջերմ, ընկերական հարաբերություններ և միջազգային կապեր: Շնորհակալություն Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիային, ՀԱՕԿ-ին և երջանկահիշատակ սպորտի նախարարությանը՝ աջակցելու և գնահատելու համար արված աշխատանքը: Շնորհակալ եմ բոլորին, ովքեր ուրախացել և տխրել են իմ հաղթանակներով և պարտություններով: Հպանցիկ նշեմ նաև չարախոսներին և վատաբանողներին: Կեցցե՛ք, ձեր քայլերով և ձեր առողջության հաշվին մոտիվացրեցիք ինձ և տվեցիք այն սպորտային ագրեսիան, որը երբեմն կարող էր պակասել: Շարունակե՛ք նույն ոճով: Եվ իհարկե, շնորհակալություն սպորտային անաչառ լրագրողներին, ովքեր այդ ամենը լուսաբանեցին: Հանրագումարի բերելով նվաճումները.
  • Օլիմպիական 3 խաղերի ուղեգրերի նվաճում (Պեկին, Լոնդոն, Ռիո):
  • Լոնդոն 2012-ի արծաթե մեդալ
  • Աշխարհի առաջնությունների 4 մեդալ՝ ոսկի, արծաթ, 2 բրոնզ
  • Եվրոպայի առաջնությունների 4 մեդալ՝ ոսկի, արծաթ, 2 բրոնզ
  • Աշխարհի գավաթի ոսկե և բրոնզե մեդալ
  • Ունիվերսիադայի բրոնզե մեդալ
  • Երիտասարդների աշխարհի չեմպիոն
  • Երիտասարդների Եվրոպայի առաջնությունների արծաթ և բրոնզ
  • Պատանիների Եվրոպայի առաջնությունների կրկնակի չեմպիոն
  • Հայրենիքին մատուցած ծառայությունների 1-ին և 2-րդ աստիճանի մեդալ
  • ԵՊՀ ոսկե մեդալ
  • ՀՀ 2012թ լավագույն մարզիկ
  • Սպորտի վաստակավոր վարպետ
Հ.Գ. սպորտային լրագրողներին լրացուցիչ տեղյակ կպահվի մոտակա մամլո ասուլիսի մասին»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր