Մի քանի վայրկյանով աչքովս ընկավ երեկվա գերիներին բակում տաշի-տուշիով, հարսանեկան դհոլ-զուռնով ընդունելու կադրերը...
Չեմ հասկանում...
Երկու օր առաջ զորացվեց իմ Տղայի մարտական ընկերը, ով անցել է Ջաբրայիլից մինչև Շուշի դժոխային պատերազմը, ով անվարան կանգնել է ոսոխի առաջ, ով ընդամենը 20 տարեկան է, ով ունի լուրջ վիրավորում, ում ձեռքերը դողում են...
Նրա համար տաշի-տուշի չեն արել, չէին էլ անի, Տղան ինքը թույլ չէր տա, ու ոչ մեկի մտքով նման բան չէր անցնի...
Էդ հերոս Տղերքը զորացրվում են սուսուփուս, իրենց 20 տարեկանի արդեն ահավոր իմաստնացած համեստությամբ...
Իրենց չեն դիմավորում դհոլ-զուռնով... ու հեչ պետք էլ չի...
7 օրից զորացրվում է իմ Տղան, ով անցել է նույն դժոխային ճանապարհը, ով 44 օր միաձուլված է եղել իր հրանոթին, ով 6 հոգանոց խմբով կռիվ է տվել 200 հոգանոց թշնամու դեմ, ով ունի կանտուզիա ու լիքը-լիքը կարոտ իր սրտում` իր կորցրած ընկերների հանդեպ, ում համար բոլոր իր նման 20 տարեկաններն ընկեր են. կապ չունի ճանաչել է նրանց, թե ոչ...
Ես տաշի-տուշի չեմ անելու, ոչ էլ անգամ մարդ եմ կանչելու, տանն եմ սպասելու, ու երբ կբացի դուռս, ամուր-շատ ամուր կգրկեմ, կքաշեմ Տղայիս բույրը ու երկար գրկիցս բաց չեմ թողնի...
Գիտեմ, որ մեր ուրախությունը տխուր կլինի. երբ ինքն իմ գրկում կլինի, հաստատ կհիշի Սուրոյին ու մյուս Տղերքին... ես կհիշեմ մամաներին, ովքեր երբեք էլ իրենց անուշ Տղաների բույրը չեն զգա...
Աշխարհում ոչ ոք այդպես չի սպասում հիմա իրենց Տղերքին, որքան իմ նման մամաները, որ փրկված հերոս Զինվոր ունեն ու աշխարհում ոչ ոք հիմա էդքան անհագուրդ չի սիրում իրենց Տղերքին, որքան իմ նման մամաները...
Բայց մենք տաշի-տուշի, դհոլ-զուռնա չենք անելու, իսկական կարոտն ու սերը լրիվ այլ է ու այն չի չափվում ականջ ծակող ղժղժոցով...
Ու էն Տղերքը, որ էլ հետ չեն գալու, միայն իրենց մամաների կորուստն ու կարոտը չեն, իրենք մեր բոլորի, բոլորի կորուստն ու կարոտն են ...
Էսքանը...
Լուսինե Հարոյանի ֆեյսբուքյան գրառումը։