Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած ուժը ամենախոշոր ընդդիմադիր ուժն է ՀՀ-ում. սրան իհարկե ամիսներ առաջ որևէ մեկը չէր հավատա, եթե հաշվի առնենք, ի աջակցություն Քոչարյանի, դատարանների դիմաց տեղի ունեցած հավաքների ժամանակ քաղաքացիների մասնակցությունն ու նրա քաղաքական իմիջը: Ինչու և ինչպես եղավ այսպես.
Այս իրավիճակին մեծապես նպաստեց «Հայրենիքի փրկության շարժումը», որը իհարկե իշխանափոխության չհասավ, բայց գեներացրեց ահռելի մեծ դժգոհություն երկիրը կործանած իշխող ուժի նկատմամբ: Նախ Քոչարյանին հաջողվեց այդ ձեռքբերումը «սեփականաշնորհել»՝ շնորհիվ ՀՅԴ-ի: Այստեղ նկատենք, որ չնայած ՀՅԴ-ն ռեսուրս չէր խնայել Հայրենիքի փրկության շարժման համար, միևնույն է այդ ձեռքբերումը միայն ՀՅԴ-ինը չէր: Ահռելի մեծ ռեսուրս էին օգտագործել նաև երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, Արթուր Վանեցյանն ու իհարկե անուրանալի է Միքայել Մինասյանի ներդրումը: Իսկ Քոչարյանի համակիրները շատ փոքր թիվ էին կազմում երթերի հավաքների ժամանակ: Ավելին՝ շատերի համոզմամբ հենց Քոչարյանը խանգարեց, որպեսզի Նիկոլին փողոցով հեռացնեն, հիմա կհարցնեք ինչի դիմաց նա նման լավություն արեց կապիտուլյանտին, պատասխանը թերևս ՍԴ աղմկահարույց որոշման մեջ կարելի է գտնել, որով երկրորդ նախագահի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց։
Հիշե՛ք, հենց Քոչարյանն առաջինը հայտարարեց ընտրություններին մասնակցելու մասին։ Բայց սա իրավիճակային գործարք էր, եվ Փաշինյանն ու Քոչարյանը շարունակում են ոխերիմ թշնամիներ մնալ։ Ինչևէ քանի որ հարթակում առավելապես դաշնակցականններն էին, Քոչարյանին հաջողվեց նրանց օգտագործելով «իրենով անել» Հայրենիքի փրկության շարժման գեներացրած ողջ էներգիան: Ինչի վրա անշուշտ կարելի էր «ստավկա» անել՝ գումարի, մեդիառեսուրսի, նախկինից մնացած լծակների՝ հիմնականում կոմպրոմատների տեսքով: Ահա հաջողության Քոչարյանի բանաձևը: Էստեղ հարց է առաջանում. ո՞րն է Վահե Հակոբյանի դերակատարությունն ու իմաստը: Ամեն ինչ ավելին քան պարզ է․
Անհրաժեշտ էր մոբիլիզացնել Սյունիքը, որը պատերազմից հետո դարձել էր Հայաստանի ամենախոցելի տարածքն ու աշարհաքաղաքական խմորումների թատերաբեմ, իսկ Սյունիքի բնակչությունը Երևանի հետ միասին կկարողանար իրավիճակ թելադրել ողջ երկրում։ Ահա այստեղ հայտնվեց «պղնձամոլիբդենայինի Վահեն», ով, հույսը դնելով Քոչարյանի հովանու ներքո վաստակած գումարների և նախկինում մարզպետ եղած ժամանակ Սյունիքում ձեռքբերած լծակների վրա, վստահ էր, որ կկարողանա սյունեցիներին համախմբել «դեպի ուժեղ Հայաստան» կարգախոսի շուրջ։
Այդպիսով նա ստեղծեց «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը, որին անդամագրվեցին Սյունիքի խոշոր համայնքների ղեկավարները։ Այս ամենը համոզիչ թվաց նաև Ռոբերտ Քոչարյանին։ Եվ ստեղծվեց միֆ, թե Սյունիքը Քոչարյանի կողմից է, սակայն Քոչարյանին չէր զեկուցվել, որ այդ նույն համայնքապետերը, ինչպիսին օրինակ Առուշանյան Առուշն է, անգամ իրենց բակում հեղինակություն չեն վայելում։ Նույնը նաև Վահե Հակոբյանը․ իրեն սյունեցի հորջորջող այս երևանաբնակ բիզնեսմենը նույնիսկ իր սեփական գործարանում չկարողացավ ծանրակշիռ ձայներ ապահովել Քոչարյանի համար։ Էլ ուր մնաց մյուս սյունեցիները նրան ընտրեին։ Եթե կարճ՝ բարդ էր ավելի վարկաբեկված սյունեցի գտնել, քան Վահե Հակոբյանն է։
Եվ այս ամենից հետո առավել քան զարմանալի է քոչարյանականների զարմանքը, թե ինչու նույնի՛սկ Սյունիքն իրենց չընտրեց, այս հոդվածը կարդալուց հետո, եթե անգամ անգամ չհասկացան, ապա այդ հարցը կարող են ուղղել Վահե Հակոբյանին։
Իսկ թե ինչու ամբողջ Հայաստանը չընտրեց Քոչարյանին թերևս պետք է հետաքրքրվել դաշնակներից։
ՀՅԴ-ն առնվազն 3 անգամ վերջնագիր ներկայացրեց Փաշինյանին, ինչը վկայում է նոր սերնդի դաշնակների անճարակության մասին։ Իսկ Իշխան Սաղաթելյանի վեցամսյա պայքարի լավագույն ձեռքբերումը եղավ Ռոբերտ Քոչարյանի հետ արված մի քանի լուսանկարները, որոնք միայն լեգիտիմացրեցին և երկարաձգեցին Փաշինյանի իշխանությունը։