Արցախյան 44-օրյա պատերազմում կանայք ևս իրենց կարևոր դերակատարումն են ունեցել հայրենիքի պաշտպանության գործում:
31-ամյա Աշխեն Սիմոնյանը բռնցքամարտի մարզիչ-մանկավարժ է, 2017թ.-ից ՀՀ Զինված ուժերում անցել է ծառայության: Երիտասարդ զինվորականն ասում է, որ վտանգներից չի վախենում, լինում է այնտեղ, որտեղ իր կարիքը կա:
Աշխենի խոսքով՝ եթե դու Հայաստանում ես ապրում, պիտի տիրապետես զինվորական հմտություններին՝ անկախ այն հանգամանքից՝ կին ես, թե տղամարդ, որովհետև հարևանների հարցում մեր բախտը չի բերել:
«Ծնողներս դեմ էին, որ զինվորական ծառայության անցնեմ, ես երբեք չեմ ասել՝ ուր եմ գնում, ինչ գործողություն եմ կատարելու, բայց միշտ տանեցիներին ասել եմ՝ եթե հանկարծ ինչ-որ մի օր հետ չգամ, ոչ ոքի չմեղադրեք դրա համար, որովհետև դա իմ ընտրությունն է, և դուք պետք է հարգեք իմ ընտրությունը, ու ես դա անում եմ իմ երկրի համար: Ես ուզում էի իմ երկրին օգուտ տալ և իմ արածից հաճույք եմ ստանում: Ես ինձ զգում եմ մարդ, ով կարող է քայլել իր հողի վրա, իսկ էդ զգացողությունը չես կարող ոչնչի հետ համեմատել կամ կիսել: Եղել են նաև դժվարություններ, բայց երբ դու գիտես՝ ինչի համար ես այդտեղ, հենց էդ նպատակը բոլոր դժվարությունները հաղթահարել է տալիս:
Հանդիպած դժվարությունները թույլ չեն տվել, որպեսզի երկմտեմ: Ինձ մոտ չի ստացվում հեշտ ճանապարհով գնալ, ես հաճույք եմ ստանում դժվարություններից, առանց դրա կյանքը ոնց որ անիմաստ լինի: Չեմ փոշմանել ընտրածս ճանապարհի համար, և եթե հետ գնանք արցախյան առաջին պատերազմ, մեր հողերը պահելու համար շատ հզոր մարդիկ ենք կորցրել: Եվ այսօր երկմտել՝ իրենց գործը շարունակե՞լ, թե՞ չշարունակել, կամ պետք է շարունակել, կամ պետք չէ. ինձ թվում է՝ դա հայի տիպին արժանի չէ, այդ մտածելակերպը»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում պատմում է արցախյան պատերազմի մասնակից, գնդացրորդ Աշխենը:
Աշխենը իր նորածին աղջկան թողել է ու առանց մեկ վայրկյան մտածելու մեկնել ռազմաճակատ:
«Սեպտեմբերի 27-ն էր… կիրակի առավոտյան խմբի հրամանատարը զանգեց տագնապ տվեց… գնում էինք, բայց չգիտեինք՝ ուր էինք գնում:
Քարվաճառում ենք եղել, Ջրականում, Հադրութում, որտեղ թեժ մարտեր էին, մեր ուղղությունը այդ կողմն էր: Անգամ օր ու կես շրջափակման մեջ ենք ընկել:
Ամենասարսափելին թերևս այն էր, որ ամեն օր լսում էիր զինակից ընկերոջ մահվան մասին. դա թևաթափ էր անում, ու մինչև հիմա էլ այդ կորուստների հետ համակերպվել չի լինում: Չգիտեմ էդ օրերին էդքանից հետո ինչն էր ինձ ուժ տալիս:
Գուցե այն ցանկությունն էր ուժ տալիս, որ մի թիզ հող թշնամուն պիտի չգնա, և այդ ցանկությունն էր ստիպում, որ հոգնած ու օրերով չքնած կարողանայինք պայքարել:
Մարտի դաշտից ինչ հիշողություններ բերել եմ ինձ հետ, կուզեի ընդհանրապես այդ ամբողջ ընթացքը չհիշել:
Հոկտեմբերի 3-ից սկսած՝ մեր խմբից զոհեր են եղել, և կուզեի ամսից 3-ից սկսած՝ այդ էջը փակվեր: Կուզեի մարտական ընկերների կորուստը չտեսնեի ու չզգայի, որովհետև էդ ամենից հետո զգում ես, որ հուգուդ մեծ բեռ է դրված: Երբ նայում ես ինչի համար էդ մարդը զոհվեց, ու էդ հողն էլ քոնը չէ, էդ ժամանակ ցավդ կրկնակի է դառնում:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: