Երեք շաբաթ շարունակ Երևանի փողոցներում ամբոխն այնքան էր վանկարկում «հաղթանակ» բառը, որ տրամաբանորեն, այն կարող էր կորցնել իր արժեքը։ Սակայն չորեքշաբթի, մայիսի 2-ին՝ համընդհանուր գործադուլի և երկրի ճանապարհները կաթվածահար անելու օրը, թվում էր, թե այդ բառը նոր իմաստ ձեռք բերեց․ հոդվածում ասվում է, որ թշնամին հանձնում է դիրքերը՝ ընկրկելով միասնական հանրահավաքների և ժողովրդի ուժի առջև։
Իսկ ո՞վ է «թշնամին»։ Իշխող Հանրապետական կուսակցությունը։ Սերժ Սարգսյանի կուսակցությունը՝ վարչապետի, որը 10 տարի պետության ղեկը ստանձնելուց հետո խայտառակվեց և ապրիլի 23-ին հարկադրաբար հրաժարական տվեց։ Եվ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի, որն ընդամնեը չորս օր առաջ հրաժարվում էր բանակցություններ վարել հայկական հեղափոխության առաջնորդի հետ։
Չորեքշաբթի հանրապետական կուսակցությունը հայտարարեց, որ մայիսի 8-ին՝ սահմանադրությամբ նախատեսված քվեարակության ընթացքում, կաջակցի պատգամավորների մեկ երրորդի առաջադրած թեկնածուին, այսինքն՝ Նիկոլ Փաշինյանին։ Երեկոյան Հանրապետության հրապարակաում հավաքված իր կողմնակիցներին հայացքների նման փոփոխությունը Փաշինյանը բացատրեց հանրապետականների եռակի պարտությամբ։
Ըստ Փաշինյանի՝ հանրապետականները հույս ունեին իրեն ծիծաղելի իրավիճակում դնել հեռուստաէկրանների առջև (նիստը խորհրդարանից հեռարձակվում էր)։ Սակայն ամեն ինչ ճիշտ հակառակը եղավ։ Նրանք նաև մտածում էին, թե «հեղափոխական» պահանջներին չունկնդրելը ցուցարարների կստիպի խախտել հասարակական կարգը։ Սակայն ոչ մի խախտում չի գրանցվել, ոչ մի բռնություն չի կիրառվել, անգամ ապակի չի կոտրվել․ հեղափոխությունը մնաց «թավշյա»։